×


Ինչ գաղտնիք է բացել Մարջան Ավետիսյանը, կամ BRAVO.am-ի այցը «Ֆուլ Հաուս»-ի նկարահանման հրապարակ

Դերասանները տեղում են, նկարահանող թիմը տեխնիկական վերջին շտկումներն է անում եւ լսվում է հայտնի արտահայտությունը`«Պատրաստ, սկսեցինք»: Ավելի քան 4 տարի ընթանում են «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումները: Այս եթերաշրջանում արդեն սիրված կերպարներին միացել են եւս երեքը` սփյուռքահայ երիտասարդ, ում մարմնավորում է դերասան Ժորա Հովհաննիսյանը, Զառայի եւ եղբոր խորթ մայրիկը, որի դերում հանդես է գալիս Անի Քոչարյանը, եւ Ռուսաստանից ժամանած Գոհարիկը, ում մարմնավորում է Արուս Տիգրանյանը:

Այսօր մեկնարկում է սիթքոմի նոր եթերարշրջանը, որի նկարահանումներին օրերս տաղավարից հետեւել է BRAVO.am-ը: Մեր լուսանկարիչը ֆիքսել է հետաքրքիր պահերը, կադրից դուրս դերասանների հետ զրույցն էլ բավական անմիջական է ստացվել:

Գրիգոր Դանիելյանը


Արմեն Պետրոսյան. Առաջին սերիան միշտ սկսում ենք այնպես, ինչպես մյուսները` միմյանց ջերմ ողջունելով: Բոլոր դերասանները հումորով են, բարի եւ աշխատանքի մեջ` լուրջ: Միանշանակ, շատ քննադատաբար եմ մոտենում ամեն ինչին: Սիթքոմի ավարտը, կարծում եմ, ինքնըստինքյան կգա, հետո կսկսեմ մտածել նորի մասին: Ի դեպ, արդեն մտքումս ունեմ նոր նախագծի գաղափար:

Արփի Գաբրիելյան. «Ֆուլ Հաուսը» մեզ համար հարազատ մի վայր է, որտեղ բոլորս համախմբված ենք ու այլ կերպ ենք զգում մեզ: Այստեղ առօրյա խնդիրները մի կողմ ենք դնում: Դրական ու լավ միջավայր է, այդ պատճառով տեւական ընդմիջումների ժամանակ կարոտում ենք միմյանց: Այնպես է ստացվել, որ մենք նաեւ միասին համերգային շրջագայությունների ենք մեկնում, ինչը նպաստում է էլ ավելի մտերմանալուն:

Մեր նախագծի հաջողության գրավականը կարող ենք համարել այն, որ ճիշտ մարդիկ են թիմում՝ ոչ ամբիցիոզ, ոչ մեծամիտ: Հատկանիշներ, որոնք թիմային աշխատանքի համար շատ կարեւոր են: Կարելի է ասել, որ «Ֆուլ Հաուսը» մեր երեխան է, ում պահել ենք հինգ տարի:

Առհասարակ աշխատանքին շատ լուրջ եմ վերաբերվում: Եթե մարդիկ այս շրջանում ինձ ընկալում են որպես Լիկա, նշանակում է՝ կերպարը լավ եմ կերտել: Լինում են դեպքեր, երբ մոտենում, բարեւում են շատ ջերմ ու ասում. «Թվում է՝ մենք Ձեզ ճանաչում ենք, որովհետեւ ամեն օր «մեր տանն եք»»:

Արփի Գաբրիելյանը եւ Ժորա Հովհաննիսյանը


Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսատանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում շատ հետաքրքիր միջադեպեր են եղել, որովհետեւ հանդիսատեսը յուրովի է ընկալում մեզ՝ դերասաններիս:

Հիշում եմ՝ ռուսաստանյան ելույթի ժամանակ առաջին շարքում նստած մի կին ներկայացումից հետո՝ տեղի հայ համայնքի հետ ընթրիքի ժամանակ, շրջվեց դեպի մեզ՝ ինձ եւ Անի Երանյանին, ու շատ լուրջ դեմքով ասաց՝ «Աղջիկներ ջան, դուք պարուհինե՞րն էիք»:Հավանաբար, Միհրանի երկրպագուն էր եւ ներկայացման ողջ ընթացքում չէր նկատել, որ ես եւ Անին գլխավոր կերպարների դերում ենք: Արձագանքները շատ ջերմ են, ամենուր մեզ շատ մեծ ոգեւորությամբ են ընդունում: Անբացատրելի են մեր ապրումներն այդ պահին: Նրանք մեզ իսկապես մեծ էներգիա են տալիս:

«Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին


Գարիկ Սեփխանյան. Սուտը, խաբեությունը, որոնցով օժտված է կերպարս, ինձ հետ որեւէ կապ չունեն: Այդ կերպարը երբեմն ինձ առօրյայում էլ է հանդիպում:): Վերջերս ընկերոջս հետ սրճարանում սուրճ էինք խմում, երկու բաժակ սուրճի համար 9000 դրամ հաշիվ բերեցին: «Բայց ինչո՞ւ այսքան թանկ, ո՞վ է պատրաստել» հարցիս մատուցողը պատասխանեց, որ այսօր իրենց բարմենի ոսկու գրավի վճարման օրն է: Իհարկե, նա կատակ էր անում ինձ հետ:

Ժորա Հովհաննիսյան. Նախագծի ստեղծագործական թիմի հետ աշխատելն ինձ համար միշտ ցանկալի է եղել: Այսօր արդեն այն իրականություն է, ինչի համար ուրախ եմ: Իմ մուտքը շատ հետաքրքիր եւ անսպասելի եղավ: Մի օր արթնացա հեռախոսազանգից. նախագծի նոր՝ սփյուռքահայ երիտասարդի կերպարը ցանկանում են, որ հենց ես մարմնավորեմ: Սիրով համաձայնեցի: «Տեսած», հետաքրքիր եւ մեծ դիապազոնով կերպար է, ինչը հնարավորություն է տալիս դերասանին ավելի լայն խաղալու: Կերպարիս խոսելաձեւի հարցում, իհարկե, կան որոշակի դժվարություններ, բայց, անշուշտ, հաղթահարելի են:

«Ֆուլ Հաուս»-ի նկարահանումներին


Մարջան Ավետիսյան. Ինչպես միշտ, դրական արձագանքներ եմ ստանում: Սիրում են մեզ եւ առանց Թամարա ու Մուշեղ զույգի չեն պատկերացնում սիթքոմը: Կերպարի միայն կարգավիճակն է փոխվել` արդեն ամուսնացած է, երեխա ունի: Իմ ամենասիրելի կերպարներից է, որ միշտ ինձ հետ է: Չեմ պատկերացնում իմ եւ նրա բաժանումը: Իմ բնավորություն գծերի մեծ մասը կա նրա մեջ: Թերեւս, տարբերությունը Թամարայի սարսափելի ակտիվությունն է: Ես իրականում այդպիսին չեմ: Երեւի այնքան եմ նրա մեջ ներդրել այդ գիծը, որ ինձ մոտ սպառվել է: Մեր թիմը սովոր է այս աշխատանքին: Հենց տարվա սկզբից գիտենք մեր անելիքը ողջ տարվա ընթացքում:

Մարջան Ավետիսյանը


Նկարահանման հրապարակում սիրում եմ «Գնացինք, ձայնագրություն, սկսեցինք» արտահայտությունից հետո սկսվող ընթացքը, երբ բոլորը լռում են, եւ մենք խաղում ենք մեր դերը: Ստեղծագործական դադարները չեմ սիրում, երբ ինչ-որ վիճակից դուրս ես գալիս, հետո նորից պետք է վերականգնվես ու գործնական այլ վիճակի հարմարվես: Թեեւ այդ մթնոլորտին վերադառնալու համար շատ ժամանակ չի պահանջվում՝ մի քանի օր:

Գաղտնիք է, բայց պետք է բացեմ: Սեզոնի առաջին սերիան, որին միշտ անհամբերությամբ են սպասում, ինձ համար միշտ վատն է լինում: Փնտրում եմ, ինչ-որ բան եմ ման գալիս, չգիտեմ՝ ինչ: Մինչեւ կենտրոնանում եմ, ավարտում է սերիան:

Միհրան Ծառուկյան. Գործնական առումով սիթքոմն իմ կյանքում դրական ազդեցություն է ունեցել: Իմ առաջին սիթքոմն է եւ հաճույքով եմ նկարահանվում: Կերպարիս մասին միշտ դրական արձագանքներ եմ ստանում, ինչը, իհարկե, շատ հաճելի է: Դե, իսկ, նկարահանման հրապարակում այնպիսի մթնոլորտ է, որը տրամադրում է լավ ու դրական աշխատանքի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին