×


Ինչ կրել այս Ամանորին եւ ինչը նորաձեւ կլինի 2019-ին

Մոտեցող 2019-ը նոր ու հետաքրքիր միտումներ է պատրաստել նորաձեւությամբ հետաքրքրվողների համար: Հագուստի ու դիմահարդարման տենդնեցների, գունային ամենանորաձեւ համադրությունների մասին BRAVO.am-ը խոսել է դիզայների եւ դիմահարդար-ոճաբանի հետ:


Դիանա Շատվերյանը շատ հետաքրքիր եւ գունեղ տարի է կանխատեսում նորաձեւության սիրահարների համար:

«2019-ին նորաձեւ կլինեն ծիածանի բոլոր գույները: Եթե այս տարի գունային միտումներն առավել մոնոտոն էին, ապա եկող տարում ձեր զգեստապահարանում կարող եք ունենալ ու համադրել ամենավառ երանգները:

2019-ին չափազանց նորաձեւ կլինեն 18, 19-րդ դարերին բնորոշ կորսետները. դրանք կարող են լինել ինչպես կտորից, այնպես էլ՝ կաշվից կամ լաքից: Իհարկե, թրենդային կլինի նաեւ 1990-2000-ականներին ԱՄՆ-ում մեծ տարածում գտած սպորտային համազգեստների ոճը, որն այժմ կարելի է համադրել անգամ զգեստների հետ:


Կշարունկեն ակտուալ մնալ օվերսայզ պիջակները, որոնք եւս կհամադրվեն նուրբ, եթերային զգեստների հետ: Ասիմետրիկ կտրվածքները եկող տարում եւս դուրս չեն մնա նորաձեւությունից»,-ասել է դիզայները:


Նրա խոսքով՝ 2019-ին կվերադառնա հայտնիների կամ նկարիչների դիմանկարներով հագուստը, որը կարելի է հագնել ասեղնագործած, ձեռքով նկարված կամ պարզապես հագուստի վրա տպված տարբերակով:

Փայլփլուն Նոր տարի

«Այս Ամանորին փայլփլուն հագուստի սիրահարները ուրախությամբ կարող են կրել դրանք՝ ընտրելով ցանկացած երանգ՝ սեւ, ոսկեգույն, կարմիր, արծաթագույն եւ այլն: Ամանորի գիշերը կանանց եւ աղջիկներին շքեղ տեսք կհաղորդի նաեւ թավշյա հագուստը»,-նշել է Դիանա Շատվերյանը:

Երեկոյան կերպարն ամբողջացնելու համար, իհարկե, պետք է ընտրել նորաձեւ աքսեսուարներ: Դիզայները 2019-ի համար առանձնացրեց նուրբ ոսկյա զարդերը, որոնց կողքին, սակայն, կշարունակեն ակտուալ մնալ արհեստական նյութերից պատրաստված զարդերը: Մեծ բրոշները եւս շատ նորաձեւ կլինեն 2019-ին:

2019-ի հակաթրենդները

Դիանայի խոսքով՝ այսօր դժվար է լինել հակաթրենդային, քանի որ ճիշտ համադրության մեջ գրեթե ամեն ինչ նորաձեւ է: Թեեւ էլի է նշել, որպես հակաթրենդ՝ եւս մեկ անգամ առանձնացրեց կտորից կամ ջինսե ամառային երկարաճիտ կոշիկները:


«Նմանատիպ կոշիկները պետք է անվերադարձ հեռացնել զգեստապահարանից: Շատերը շփոթում են սրանք վիկինգյան ոճի կիսաճտքավոր կաշվե բարձրակրունկների հետ, սակայն համեմատելու դեպքում կտեսնենք, որ ոչ մի ընդհանրություն չունեն: Իսկ հագուստի մեջ, կարելի է ասել, հակաթրենդներ չկան. նույնիսկ տատիկի զգեստապահարանում կարելի է գտնել շատ նորաձեւ իրեր, միայն պետք է ճիշտ զգալ այն կրելու ժամանակը»,-եզրափակեց նա:

Դիմահարդարման 2019-ի միտումները


Դիմահարդար-ոճաբան Հրանուշ Եղոյանը մինչ 2019թ.-ի թրենդներին անդրադառնալը խորհուրդ տվեց զգուշորեն գործածել շպարը, քանի որ այն եւս մի միջոց է՝ հասարակության կողմից ճիշտ ընկալվելու: Նրա խոսքով՝ գլխավոր թրենդը եղել է եւ կմնա ընդգծված անհատականությամբ տարբերվելը:

Հրանուշ Եղոյանը


«Սոցիալական ցանցերը, հատկապես՝ Ինստագրամը, այսօր դիմահարդարման միտումների իրական թելադրողներն են, սակայն պետք է գիտակցել, որ ամեն միտում չէ, որ պետք է բերել իրական կյանք եւ գործածել առօրյայում»,-նշեց Հրանուշը:

Դիմահարդարի խոսքով՝ 2019-ին զգալու ենք 80, 90-ականնրի շունչը՝ դիսկո ոճ, փայլեր ու գույներ.«Եկող տարում կշարունակի նորաձեւ մնալ ծխեցված աչքերը (smoky eyes), հատկապես՝ կանաչ, կապույտ գույնով: Շուրթերի համար ամենաթրենդային գույները կլինեն մանուշակագույնը, գինեգույնը, ինչպես նաեւ՝ թավշյա շուրթերը: 2019-ին դիմահարդարման գլխավոր թրենդներից կլինեն ընդգծված այտերը՝ կարմրավուն երանգով, որին հակառակ՝ ընդգծված այտոսկրերն արդեն կհամարվեն հակաթրենդ»:


Հրանուշն առանձնացրեց նաեւ մի քանի միտում, որ կշարունակեն ակտուալ մնալ 2019-ին. օրինակ՝ 2018-ին արդեն իսկ լայն տարածում ստացած արհեստական պեպենները նորաձեւ կլինեն նաեւ 2019-ին: Կշարունակեն թրենդային մնալ թարթիչները՝ մերկ աչքերի հետ եւ լավ խնամված, բայց ոչ նկարված հոնքերը:


Ամանորին դիմահարդարը առաջարկեց ընտրել ոչ թե հագուստին, այլ՝ ձեր անհատական գունատիպին ու ոճին համահունչ դիմահարդարում՝ հիմնվելով նշված միտումների վրա:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Շատվերյանի, Հրանուշ Եղոյանի արխիվներից եւ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին