×


Ռուբեն Հովհաննիսյանը եւ Արմինե Գրիգորյանը

Ինչ միջոցառումներով նշանավորվեց Արամ Խաչատրյանի 115-ամյակը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երեկ նշում էին մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակը: Ամեն տարի հունիսի 6-ն այստեղ նշանավորվում է ավանդական դարձած միջոցառումներով, որոնք մեկնարկում են վաղ առավոտից: Օրը սկսվում է Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, որտեղ տուն-թանգարանի աշխատակիցները, մշակութային գործիչներն ու պատանի ստեղծագործողներ ծաղիկներ են խոնարհում Արամ Խաչատրյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցում: Այնուհետեւ թանգարանում տեղի է ունենում Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի ստուգատեսը, որն այս տարի հոբելյանական էր. անցկացվում էր 40-րդ անգամ:


Պատանի հեղինակների ամենամյա ստուգատես-փառատոնն այս տարի անցկացվում էր Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ - 2018» ծրագրի շրջանակում եւ նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Միջոցառման ընթացքում իրենց հեղինակային ստեղծագործությունները ներկայացրին Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ պատանիների ստեղծագործություններից նախապես ընտրվում են լավագույնները եւ մաեստրոյի ծննդյան օրը ներկայացվում թանգարանի համերգասրահում: Նա նաեւ նկատեց՝ փառատոնը երեխաներին լավ հնարավորություն է ընձեռում առաջին քայլերն անել այս դժվարին, բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր աշխարհում, որ կոչվում է կոմպոզիտորական արվեստ:

Նշենք նաեւ, որ Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնի ժյուրիի անդամների կազմում հանդես են գալիս կոմպոզիտորներ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Սուրեն Զաքարյանը եւ Լեւոն Չաուշյանը: Հենց նրանք էլ ընտրել էին ներկայացված լավագույն ստեղծագործությունները, որոնք երեխաները կատարեցին գալա-համերգի ընթացքում: Սակայն մինչ նրանք ելույթ կունենային, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը պարգեւատրեց պատվոգրերով եւ խրախուսական մրցանակներով:


Կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը մեզ հետ զրույցում նկատեց՝ փառատոնի առանձնահատկությունն այն է, որ մրցութային չէ, հաղթողներ-պարտվողներ չեն լինում.«Սա տոն է, որտեղ բոլորը ստանում են պատվոգրեր, նվերներ եւ ունեն լավ հնարավորություն ցույց տալ իրենց ստեղծագործությունները: Դա երեխաներին շատ է ոգեւորում, եւ նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքը հենց այնպես չէ, այն լսվում է եւ գնահատվում: Գիտեք, ժամանակները գալիս-գնում են, շատ բաներ են փոխվում, բայց եթե մեր փառատոնն արդեն 40 տարեկան է, նշանակում է՝ այն կլինի միշտ: Շատ կցանկանամ՝ այս գեղեցիկ ավանդույթը դեռ երկար պահպանվի»,- ասաց դաշնակահարը:

Նա նաեւ ընդգծեց՝ ժամանակը ցույց կտա, թե պատանի ստեղծագործողներից ովքեր են առավել տաղանդավոր, եւ որոնց կհաջողվի հայտնի կոմպոզիտորներ դառնալ. «Դեռ շատ վաղ է խոսել, թե ինչպիսի հնարավորությունների են նրանք տիրապետում, բայց շատ կարեւոր է նրանց ստեղծագործական ջիղը զարգացնել: Պարզապես նրանք պետք է շատ երաժշտություն լսեն, շատ ինֆորմացիա ունենան, որ կարողանան ավելի հղկվել եւ ավելի համահունչ լինել այսօրվա զարկերակին»:


Ի դեպ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հարեւան սրահում էլ նույն պահին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին նվիրված ասուլիսն էր ընթանում: Այստեղ պարզ դարձավ, որ մրցույթի մեկնարկը վստահված է 9 երկրի 16 թավջութակահարի: Հաղթողի պատվին արժանանալու համար պայքարելու են երաժիշտներ Կորեայի Հանրապետությունից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Դանիայից, Իսպանիայից, Հայաստանից եւ այլ երկրներից: Մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին