×


Ինչպես է Հայաստանի պատվիրակությունը նախապատրաստվել այսօր մեկնարկող «Եվրատեսիլ»-ին

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում այսօր երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը հանդես կգա 16-րդ համարի ներքո` կատարելով իր «Քամի» երգը: Մինչ այդ, սակայն, մեր երկրի պատվիրակությունը մասնակցել է «Եվրատեսիլ»-ի բացման պաշտոնական արարողությանը` ի դեմս Սեւակ Խանաղյանի եւ Գոհար Գասպարյանի: Նշենք, որ այս տարի ավանդական կարմիր գորգը կապույտ է եւ խորհրդանշում է օվկիանոսը: Մասնակիցներն անցել են գորգի վրայով, լուսանկարվել եւ հանդես եկել հարցազրույցներով:

«Եվրատեսիլ 2018»-ի բացմանը


Մեր պատվիրակը, կիսվելով իր եվրատեսիլյան առաջին տպավորություններով, ասել է, որ տրամադրությունը շատ բարձր է, ամեն ինչ լավ է ընթանում, իսկ տպավորված է հատկապես կազմակերպչական աշխատանքներով.«Շնորհակալ եմ մեր թիմին, որ ամեն րոպե իմ կողքին են եւ ինձ փորձում են օգնել, ոգեւորել, որ ամեն ինչ անեմ այնպես, ինչպես պետք է: Այստեղ ամեն ինչ շատ բարձր որակով է արված` թե՛ հնչողությունը, թե՛ նկարահանումները... Նման մեծ նախագծերի նախկինում չեմ մասնակցել եւ շատ հաճելի է այդ ամենը տեսնել: Իսկապես զարմացած եմ մրցույթի մասշտաբից ու որակից»,- ասել է Սեւակ Խանաղյանը:

Նա նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր իր օգտին քվեարկել են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ընթացքում, ինչի շնորհիվ էլ հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրատեսիլ»-ին.«Ցավոք, հիմա չեմ կարող լինել նրանց կողքին, բայց զգում եմ այն պատասխանատվությունը, որ պետք է հնարավորինս լավ ներկայացնեմ մեր երկիրը: Փորձում եմ ամեն ինչ անել, որ իմ ազգը հպարտանա ինձնով, ինչպես ես եմ հիմա իրենցով հպարտանում»,- նշել է Սեւակը:

Կիպրոսի եւ Հայաստանի ներկայացուցիչները


Հիշեցնենք, «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, իսկ եզրափակիչ փուլը`մայիսի 12-ին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին