×


Ինչպես է անցել Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ցուցադրությունը

Նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում՝ արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ: Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում երեկ ներկայացվեց ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»  խորագիրը կրող հեղինակային ծրագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել հեղինակի եւ մասնակիցների հետ, լուսանկարել հետաքրքիր դրվագները։

«Սա մի նոր բրենդ է, որի միջոցով ես ցանկանում եմ իմ ճաշակը թելադրել»,- խոստովանել է Աննա Հարությունյանը եւ հավելել.«Կցանկանայի, որ բոլոր կանայք լինեին եզակի եւ չկրկնվող, ինքնատիպ եւ ոչ ստանդարտ»։


Յուրահատուկ հայկական շունչ եւ ուրարտական շրջանի սիմվոլիկան` ժամանակակից ձեւաչափով, հայերեն եւ ֆրանսերեն բանավոր խոսքի ուղեկցությամբ. այսպիսին էր երեկվա ամբողջ երեկոյի ընթացքը:

Ցուցադրվեց տասնհինգ հագուստ՝ Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարներով: Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով ե´ւ գլոբալ են, ե´ւ խիստ հայկական, քանի որ ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման եւ քաղաքակրթության զարգացումը` մասնավորապես, արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում:

Երաժշտությունը բազմաժանր էր: Հնչում էին տողեր Աստվածաշնչից եւ Հովհաննես Շիրազի «Բիբլիականից»: Բեմում յուրօրինակ ձեւով հայտնված նկարը լուծվեց էկրանին, որտեղից դուրս եկան 3 տարբեր մոդելներ` այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով եւ նախշերով:


Կարինե Դնոյանի խոսքով՝ շատերն են հայտնի նկարները կտորի վրա պարզապես պրինտ անում, այստեղ գաղափարն այլ է. ոչ միայն նկարը հագուստի վրա պարզապես տպագրել, այլ այդ ամբողջ ասելիքը, շունչն ու վերաբերմունքն արտահայտել հագուստի միջոցով:

Նկարչուհին էլ խոստովանեց, որ կատարվող աշխատանքներից ամենաբարդը կտորի ընտրությունն է եղել, քանի որ պատրաստի կտորներ չեն եղել, եւ ամբողջը ձեռքի աշխատանք է:

Ներկա դիզայներներից ոմանք նշեցին, որ այս ծրագիրը նրանց նոր գաղափարներ տվեց եւ ցանկություն կրեատիվ մտքերի իրականացման:


Միջոցառմանը ներկա էր նաեւ Լիլիթ Մակունցը: Նա պատմեց, որ որոշ էսքիզների նկարների տեսքով ծանոթ է եղել վաղուց եւ իսկզբանե տպավորված: Հավելեց, որ հիշում է, թե ինչպես համատեղ քննարկման արդյունքում հեղինակի մոտ ծագեց այդ միտքը:

Նկարչուհին էլ խոստովանեց նաեւ,որ ցանկանում է հայ արվեստը նորովի ներկայացնել համաշխարհային բեմահարթակում:

Ներկայացումը ներառվել է այս տարի Երեւանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ։

Տեքստը` Գայանե Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին