×


Իշխան Ղարիբյանի որդու առաջին ֆոտոշարքը եւ կնոջ խոստովանությունները

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Իշխան Ղարիբյանն ու Թեհմինե Խաչատրյանը որդի են ունեցել: Օրերս լուսանկարել ենք դերասան-ամուսինների ընտանիքին, իսկ Թեհմինեից պարզել` ինչպիսի հայր է Իշխանը, եւ որքանով է 2 ամսական Վահեն փոխել իրենց կյանքը:

«Մուտքը շլացուցիչ էր»

Ինչպես առաջին բալիկի, այնպես էլ Վահեի մուտքը մեր կյանք սպասված ու շլացուցիչ էր: Այս քայլով էլ ավելի կարեւորվեց իմ գոյությունն այս կյանքում. ամեն բան այժմ սկսվում եւ վերջանում է Վահեով: Եթե անկեղծ, չէինք ծրագրել այս շրջանում ծնողներ դառնալ. աղջկաս ծննդից հետո լիարժեք վերադարձել էի իմ բնականոն կյանքին` աշխատանք, հյուրախաղեր, եւ հանկարծ Աստված մեզ որդի պարգեւեց:

Իշխան Ղարիբյանի ընտանիքը


«Ստացավ իր երազած խաղալիքը:)»

Իշխանը շատ հոգատար եւ նվիրված հայր է: Միշտ երես է տալիս եւ կատարում երեխաների քմահաճույքները: Իսկ այժմ՝ Վահեի ծննդից հետո, մեր աղջկան նա է դպրոց տանում, երբեմն էլ միասին թատրոն՝ աշխատանքի են գնում: Իսկ Վահեի հանդեպ ամուսնուս զգացմունքներն ու կապվածությունն այլ է. կարծես երեխա լինի, որը ստացավ իր երազած խաղալիքը:):

«Իշխանը վաստակավոր հայր է»

Երեխաների միջեւ տարբերությունը վեց տարի է: Մենք արդեն հասցրել էինք կարոտել այս գեղեցիկ, միեւնույն ժամանակ` դժվար օրերը: Այժմ շատ ավելի վստահ ենք ու համբերատար, ավելի ռիսկով: Իշխանն էլ արդեն վաստակավոր հայր է` 3 բալիկ ունի, իսկ ինձ շատ ավելի հեշտ է տրվում ամեն ինչ, քանի որ մեկ անգամ արդեն անցել եմ այս ճանապարհը:

Իշխան Ղարիբյանը՝ որդու հետ


«Չի կարողանում զսպել զգացմունքները»

Երբ իմացանք բալիկ ունենալու մասին, մեր աղջկա հետ ամեն օր զրուցում էինք, սեր սերմանում դեպի եղբայրը, եւ նա անհամբերությամբ սպասում էր երեխայի ծննդին: Նա ջերմորեն ընդունեց ապերիկին, եւ խանդի նշույլ անգամ չեղավ, այժմ էլ չի կարողանում զսպել զգացմունքները. ամեն հարմար առիթի դեպքում գրկում եւ համբուրում է: Վահեն էլ, ի պատասխան Աիդայի ջերմագին վերաբերմունքի, անընդհատ ժպտում եւ ճանաչում է քրոջը:

Նորածնի մասին

Վահեն, ինչպես բոլոր նորածինները, փոքրիկ խնդիրներ ունի, որոնք միասին հաղթահարում ենք: Սիրում է լողանալ. երբ ջրից դուրս է գալիս, լալիս է, գուցե կենդանակերպի իր նշանից է` ջրհոս: Արտաքնապես նման է Աիդային: Կարծում եմ, երբ նրանց տեսնեն դրսում, կասեն, որ քույր-եղբայր են: Շատ կուզեմ՝ բոլոր երեխաները լինեն սպասված, առողջ եւ ունենան անհոգ մանկություն:

Թեհմինե Խաչատրյանը՝ երեխաների հետ


«Հուսամ՝ շուտով կազատվեմ ավելորդ քաշից»

Աշխատանքս շատ եմ սիրում եւ միշտ նվիրված եմ եղել Ստանիսլավսկու անվան թատրոնին ու իմ հարազատ բեմին: Շուտով լրանում է դեկրետային արձակուրդս, բայց ունեմ շատ լավ օգնականներ. սկեսուրս մեծատառով տատիկ է եւ անմնացորդ նվիրված է թոռնիկներին, ընտանիքին, ինչի համար շնորհակալ եմ եւ պարտական: Մտադիր եմ վերադառնալ աշխատանքի, իհարկե, դեռ ոչ լիարժեք կազմվածքով ու նվիրվածությամբ, քանի որ տղաս շատ փոքր է եւ իմ կարիքն ունի: Հուսամ՝ շուտով կսկսեմ կորցնել ավելորդ կիլոգրամներս, քանի որ բեմի մարդ եմ, պետք է հետեւեմ կազմվածքիս, այլընտրանք չկա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արշակ Կոստանդյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին