×


Իրվինգ Պենի լուսանկարների ցուցահանդեսին

Իրվինգ Պեն. Հարյուր տարվա նրբաճաշակություն

20-րդ դարի նորաձեւության մեծագույն լուսանկարիչ Իրվինգ Պենի ծննդյան հարյուրամյակը նախ մեծագույն հաջողությամբ նշվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, ապա շտապեց Փարիզի Մեծ Պալատ (Grand Palais)` բավարարելու լուսանկարչության եւ նորաձեւության ֆրանկոֆոն սիրահարներին:

Փարիզում Իրվինգ Պենին սիրում եւ երկրպագում են: Ամերիկացի այս լուսանկարիչը վաթսուն տարիների ընթացքում համագործակցել է Vogue ամսագրի հետ` ստեղծելով իրենց թերեւս ամենահայտնի շապիկները: Վերջիններիս գլխավոր հերոսուհին Լիզա Ֆոնսագրիվսն էր, ով, ի դեպ, համարվում է 20-րդ դարի սուպերմոդելների շքերթի առաջին ներկայացուցիչը: Շվեդուհի այս գեղեցկուհուն լուսանկարել են Ման Ռեյը, Րիչարդ Ավեդոնը եւ, իհարկե, Իրվինգ Պենը: Մուսա, ապա` կյանքի ուղեկից. Լիզա Ֆոնսագրիվսը հայտնվում է Vogue ամսագրի լավագույն շապիկներին` հիմնականում կրելով Բալենսիագայի չքնաղ զգեստները:    

Իրվինգ Պենի լուսանկարների ցուցահանդեսին


Մեծ պալատում բացված ցուցահանդեսը ներկայացնում է նաեւ Իրվինգ Պենի առաջին նատյուրմորտների, «Փոքր մասնագիտությունների» եւ  «Նյու» շարքերը, ինչպես նաեւ դասական դիմանկարների փայլուն հավաքածուն՝ Ինգմար Բերգման, Օդրի Հեփբերն, Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Իվ Սան Լորան, Քրիստիան Լակրուա, Իսեյ Միյակե, Ջիանի Վերսաչի եւ տասնյակ այլ անուններ, որոնց ճանաչում ես առաջին իսկ հայացքից:

Իրվինգ Պենի լուսանկարների ցուցահանդեսին


Հիմնական աշխատանքները Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուի մասն են կազմում եւ կմնան տոնական Փարիզում մինչեւ 2018 թվականի հունվարի 29-ը:

Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին