×


Լիլի Սարգսյանը եւ Մանուշի Չհիլարը

Լիլի Սարգսյան.«Եթե իմանայի՝ ինչ պետք է անեի, անպայման կանեի»

«Միսս աշխարհ 2017» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանն առաջին անգամ ներկայացնող Լիլի Սարգսյանը, ով այսօր վերադարձել է հայրենիք, չհասավ եզրափակիչ, սակայն ինչպես հայտնել է BRAVO.am-ին, գոհ է իր մասնակցությունից. «Շատ լավ էր՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ էի այլ երկրում: Գոհար Հարությունյանը նույնպես գոհ էր։ Նա խորհուրդ էր տալիս չընկճվել ու առաջ շարժվել։ Ես ակտիվ էի, չգիտեմ՝ ինչ պետք է անեի, որ հայտնվեի լավագույն 40-ի մեջ. եթե իմանայի, անպայման կանեի»:

Աշխարհի 118 երկրի գեղեցկուհիներ Չինաստանում մեկ ամիս շարունակ մասնակցել են տարաբնույթ մրցույթների, որոնց արդյունքում էլ լավագույն 40 հոգին ներկայացել են բեմահարթակում։ «Միսս աշխարհ 2017»-ի հաղթող է դարձել Հնդկաստանը ներկայացնող Մանուշի Չհիլարը։

«Միսս աշխարհ 2017» Մանուշի Չհիլարը


Մեր այն հարցին, թե ում էր հաղթող տեսնում, Լիլին պատասխանել է. «Հնդկաստանի մասնակցին շատ եմ հավանում, արժանի էր հաղթանակին։ Ես ամենաշատը մտերիմ էի Վրաստանի ներկայացուցչի հետ, բայց մյուսների հետ էլ շփվում էի»։

«Միսս Արմենիա 2017» Լիլին անգլերենին լավ չի տիրապետում, ինչի վերաբերյալ նշեց, որ վերադարձից հետո նպատակ ունի զարգացնել ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզուների իմացությունը.«Երեւի բոլորն էլ նկատեցին, որ անգլերեն լավ չգիտեմ, դրա համար հարցին ցանկացա հայերեն պատասխանել: Կարծում եմ՝ վատ բան չկա, խոսել եմ իմ լեզվով»։

Լիլի Սարգսյանը


Հիշելով Չինաստանում անցկացրած մրցութային օրերը՝ նա պատմեց, թե ինչով են զբաղվել.«Ինչպես բոլոր մասնակիցները, ես էլ երեք տեսակի քար էի տարել, որոնք ցուցադրության համար էին։ Նաեւ ինձ հետ Հայաստանի մասին գիրք ու մեր դրոշն էի տարել։ Խմբակային պարերին մասնակցել եմ իմ տարազով։ Պարել ենք իսպանական, անգլիական պարեր։ Կար առանձին «Թոփ մոդել» փուլ, որին ես չեմ մասնակցել. 20 աղջիկներից մեկը դարձավ լավագույն մոդել»։

172սմ հասակով 17-ամյա ուսանողուհու խոսքով՝ Հայաստանում նոր առաջարկներ դեռեւս չունի.«Դասերից շատ եմ բացակայել, որոշ չափով տուժել եմ, կզբաղվեմ դասերով։ Մյուս անելիքներս դեռ չեմ որոշել»։

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին