×


Կնքվել է Շառլ Ազնավուրի եւ Մարինե Գյուլումյանի հեղինակած երգի պայմանագիրը

Երգահան, դաշնակահար Մարինե Գյուլումյանի համար ապրիլի 8-ը կարեւոր եւ, ինչպես ինքն է բնորոշում, պատմական օր էր: Այդ օրը նա կնքել է իր եւ մեծանուն արտիստ Շառլ Ազնավուրի համագործակցության արդյունքում ստեղծած նոր երգի պայմանագիրը «Édition Raoul Breton» ընկերության հետ, որը երկար տարիներ ղեկավարել է երջանկահիշատակ շանսոնյեն: Պայմանագրի համաձայն՝ երգի հեղինակային իրավունքները պաշտպանվում են «Սասեմ» ընկերության կողմից: Առաջիկայում Մարինե Գյուլումյանն այդ երգով մասնակցելու է մի շարք համերգների՝ նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին: BRAVO.am-ի հետ զրույցում ֆրանսիաբնակ երգահանը պատմել է, թե ինչ տպավորություններ ու հիշողություններ ունի անվանի շանսոնյեի հետ ծանոթությունից, եւ ինչպես է ստացվել իր համագործակցությունը հայտնի ընկերության հետ:

Նրա խոսքով՝ հենց Ազնավուրն է ցանկացել, որ ինքը գրի երգի երաժշտությունը, քանի որ իր ձեռագրին ծանոթ է եղել դեռեւս «Édition Raoul Breton» ընկերությունում աշխատելու տարիներին.«Շառլ Ազնավուրի հետ իմ առաջին հանդիպումը եղել է 2007 թվականին, երբ նրա ու Ժերար Դավուստի ղեկավարած ընկերության կողմից հրավիրվեցի Փարիզ: Ինձ համար չափազանց տպավորիչ էր այդ հանդիպումը, ծանոթությունը: Փոքրիկ սենյակ, մեծ արտիստն ու ես, եւ իմ՝ շարունակ հնչող երգերը... Լսելուց հետո շանսոնյեն մի պահ լռեց ու ասաց` «Չափազանց լավ ես տիրապետում հայերեն տեքստի հետ աշխատելու վարպետությանը, քո երաժշտության մեջ նույնիսկ ստորակետն ու վերջակետը ճիշտ են օգտագործված։ Այսուհետ պետք է տիրապետես նաեւ ֆրանսերենը երգերում ճիշտ օգտագործելու գաղտնիքներին», ու մի քանի օրինակ բերեց։ Մեր առաջին հանդիպումն ինձ համար վերածվեց մաստեր կլասի. այդ խորհուրդները ողջ կյանքում կհիշեմ»,- պատմել է Մարինեն:


Երգահանը հիշում է, թե որքան մեծ է եղել իր զարմանքն ու պարտավորության զգացումը, երբ շանսոնյեն ցանկացել է, որ երաժշտություն գրի իր հեղինակած «Կլեոպատրա» տեքստի հիմա վրա.«Նա ուզում էր, որ երաժշտությունը լինի արեւելյան լադերում՝ օրինակ բերելով իմ «Կանչում եմ քեզ» երգը (խոսք՝ Վահան Տերյանի, կատարում է Լեյլա Սարիբեկյանը)։ Մեկ օր ժամանակ ունեի ընդամենը։ Արդյունքում ծնվեց ինձ համար կարեւոր նշանակություն ունեցող այս ստեղծագործությունը, որը ես եւ Նիկոլա Ազնավուրը օրինականացրինք երեկ՝ ստորագրելով պայմանագրերը»:

Նա նաեւ հավելեց, որ այս օրերին աշխատում է երգի գործիքավորման վրա՝ գրելով պարտիտուրան սիմֆոնիկ նվագախմբի համար.«Հուսով եմ՝ այն կսիրվի եւ իր ուրույն տեղը կգտնի, ինչպես մեծն շանսոնյեի յուրաքանչյուր երգ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինե Գյուլումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին