×


Հայ աստղերը փորձելու են «երգել, եթե կարողանան». կօգնի Վաչե Թովմասյանը

Վաչե Թովմասյանին այս եթերաշրջանում հեռուստադիտողը կտեսնի նաեւ հաղորդավարի կարգավիճակում: Հումորիստ-դերասանը վարում է «Արմենիա» հեռուստաընկերության նոր՝ «Երգիր, թե կարող ես» ժամանցային նախագիծը: Հաղորդման մանրամասներից բացի, Վաչեն BRAVO.am-ին պատմել է դստեր հետ կապված ցանկության մասին:

-Այս ձեւաչափի հաղորդում առաջին անգամ եք վարում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Ձեզնից:
- Եթերային տարբերակով, ճիշտ է, առաջին անգամ եմ նման հաղորդում վարում, սակայն վարել եմ շատուշատ միջոցառումներ, խաղեր, կորպորատիվներ, համերգներ: Համերգային մեծ շրջագայություն ենք ունեցել Ռուսաստանի 30 քաղաքներում. հանդես եմ եկել որպես հանդիսավար: Իհարկե, դա եթեր չի գնացել, եւ շատերը հաղորդավարի դերում հնարավոր է դժվար պատկերացնեն ինձ, բայց իմ փորձը բավական շատ է, որ տա ինձ վստահություն, որ կհաջողեմ: Առաջին եթերից հետո պրոդյուսերներն ասացին՝ «Արի՛ թուշդ պաչենք». հենց այս նախադասությունն էլ, կարծում եմ, վկայում է, որ ամեն ինչ լավ կլինի:

- Հայտնի եք նաեւ որպես սցենարիստ: Այս հաղորդման սցենարը Ձեր ձեռքերո՞ւմ է:
-Ցավոք սրտի՝ ոչ: Ինչո՞ւ ցավոք սրտի, որովհետեւ հաղորդումն ինձ բավական դուր է գալիս, կուզեի սցենարական հատվածում նույնպես լինել: Առաջարկ եղել է, որ զբաղվեմ ե՛ւ պրոդյուսինգով, ե՛ւ սցենարով, բայց այս ժամանակահատվածում իմ գրաֆիկում սա ներառելը պարզապես անհնար էր: Այս անգամ փորձեցի վերցնել հաղորդավարի գործառույթը, որն ավելի քիչ ժամանակ կտանի ինձնից:

-Իսկ ինչպե՞ս հայտագրվել:
- Փորձելով բացել փակագծերն՝ ասեմ, որ հայտագրվել, որպես այդպիսին, չկա, քանի որ սա ավելի շատ ժամանցային հաղորդում է, քան մրցույթ: Մասնակցելու են տարբեր նախագծերից սիրված դեմքեր՝ Մկրտիչ Արզումանյան, Աննա Մանուչարյան, Ռաֆայել Երանոսյան, եւ շատուշատ այլ դեմքեր, ովքեր կարողանում են երգել: Կարծում եմ՝ հեռուստադիտողը կսիրի, քանի որ կա ե՛ւ «էքշըն», ե՛ւ երաժշտություն, ե՛ւ հումոր. սա թեթեւ նայելու-անցկացնելու հաղորդում է, որի պակասը, իմ կարծիքով, կա մեր եթերում:

- Ովքե՞ր են լինելու ժյուրիի կազմում:
- Այս հաղորդումն առանց ժյուրիի է: Խաղերն այնպես են ընտրված, որ դիտողը կարողանա հասկանալ՝ ով ճիշտ կռահեց, ով ճիշտ երգեց: Սա «կարաոկեային» մրցույթ է:): Բառեր են բաց թողնված, եւ ով որքան կսխալվի, օրինակ, այդքան անգամ նրա վրա ջուր բաց կթողնվի: Չեմ ուզում փակագծերը շատ բացել: Համոզված եմ, որ շատ եք ծիծաղելու:

-Իսկ ի՞նչ եք կարծում, հայերը կարողանո՞ւմ են երգել:):
-Այո, հայերի մոտ ստացվում է: Դրա վկան են մեր արտիստները, ովքեր փայլում են միջազգային բեմերում:

Վաչե Թովմասյանը՝ կնոջ եւ դստեր հետ


-Ձեր կնոջ ինսթագրամյան «սթորիներից» բազմիցս նկատել եմ, որ Ձեր բալիկը հայտնվում է դաշնամուրի մոտ: Կցանկանայի՞ք, որ նա կապ ունենար երաժշտության հետ:
-Իհարկե: Հետհայացք գցելով՝ միակ բանը, որի համար փոշմանում եմ, այն է, որ շատ ժամանակ չեմ տրամադրել երգին, երաժշտությանը: Այսօր մեծագույն ցանկությունս կլիներ այդ բնագավառում ինչ-որ գործունեություն ծավալել: Այդ ոլորտում աշխատանքներ անում եմ, սակայն այն չէ, ինչ կցանկանայի մեծ հաշվով: Աղջկաս միանշանակ կցանկանամ տեսնել երաժշտության մեջ, որովհետեւ սա, իմ կարծիքով, այն եզակի ասպարեզներից է, որ չի պահանջում լեզվի իմացություն: Լինելով շատ տաղանդավոր դաշնակահար՝ դու կարող ես ամբողջ աշխարհում հայտնի դառնալ: Լեզվի չիմացությունը չի խանգարի արտիստին շրջագայել աշխարհով մեկ, իսկ իմ փորձից ես կարող եմ ասել, որ շրջագայելն ու աշխարհ տեսնելը կարող են կյանքի իմաստ լինել:

Պատրաստեց՝ Ստելլա Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Վաչե Թովմասյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին