×


Հայտնիները՝ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերային

Պատանի հանդիսատեսի թատրոնում երեկ պրեմիերա էր: 18+ ներկայացումը բեմադրվել է Պետեր Տուրրինիի «Առնետաորս» պիեսի հիման վրա: Մեկ գործողությամբ էքսպերիմենտ-ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին լուսանկարել է BRAVO.am-ը:

Ներկայացման գործողությունները կատարվում են աղբանոցում, ներկայացվում է տղամարդու եւ կնոջ փոխհարաբերությունները: Դերասաններ Ցողիկ Մարտիրոսյանն ու Վահան Միրաքյանը փորձում են սեր գտնել նույնիսկ աղբանոցում՝ առնետների հարեւանությամբ:

«Առնետաորս» ներկայացման պրեմիերային


Ռեժիսոր Նարեկ Մանուչարյանի խոսքով՝ նման ներկայացում բեմադրելու միտքը Վահանինն է եղել.«Դերասաններն ի սկզբանե մի քանի փորձ արել են առանց ինձ՝ հասկանալու համար՝ արդյոք ուզում են խաղալ, հետո ինձ առաջարկել են բեմադրել այն: Որոշ ժամանակ անց, երբ ավելի խոր ուսումնասիրեցի գործը, ճանաչեցի կերպարներին, այն միջավայրը, որտեղ հեղինակը տեսել է նրանց, հասկացա՝ շատ արդիական գործ է»:

Վահան Միրաքյանն էլ նշեց, որ ներկայացման հետ կապված բոլոր հարցերը միասին են քննարկել եւ արել.«Երեքս շնչել ենք մի քթով, նույն կետին ենք նայել: Կերպարներ կան, որ ցանկացած դերասան, վստահ եմ, երբեւէ ունեցել է խաղալու ցանկություն: Այս տղամարդու կերպարը դրանցից մեկն էր: Գործն ինքնին հետաքրքրություն առաջացնող է, ամեն բան սկսվում է բացահայտելուց եւ մաքրվելուց»:

«Առնետաորս» ներկայացման պրեմիերային


Հատկանշական է, որ ներկայացման կերպարներից ոչ մեկն անուն չունի: Ըստ Նարեկ Մանուչարյանի՝ նաեւ հենց դրանում է պիեսի գաղափարախոսությունը. «Սկզբնական շրջանում, երբ փորձում ես մարդուն ճանաչել, պետք է իմանաս նրա անունը: Կարծում եմ՝ անվան մեջ է ամբողջացած ողջ դրաման, եւ երբ դու շրջանցում ես անունը, դրաման եւ փորձում մարդուն ճանաչել միայն արտաքինի միջոցով՝ մերկացնելով կամ հանելով զարդերը, չի ստացվում»:

«Առնետաորս» ներկայացման պրեմիերային


Ստեղծագործական կազմը գոհ էր առաջնախաղից, թեեւ դերասանները բավական հուզված էին: «Ես զգում էի հուզմունքը, չգիտեմ՝ հանդիսատեսը հասցրել է նկատել, թե՝ ոչ: Կարծում եմ՝ այդ հուզմունքը նույնիսկ մի փոքր օգնեց, որովհետեւ միջավայրն այնպիսին էր, որ հուզմունքը պետք էր, եւ արդյունքում ՝ նրանք դա կարողացան փոխանցել»,- նշեց ռեժիսորը:

«Առնետաորս» ներկայացման պրեմիերային


Երիտասարդ դերասանների խաղին հետեւելու էին եկել հայտնի դեմքերից շատերը, հանդիսատեսի շարքերում էին Դավիթ Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Իննա Խոջամիրյանը, Տաթեւ Հովակիմյանը, Ժաննա Վելիցյանը, Մարիամ Ադամյանը, Միկա Ղափլանյանը, Լուիզա Մելքոնյանը, Վարուժ Մարգարյանը, Լեւս Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Հասմիկ Վերդյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմը եւ այլք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին