×


Հանդիպում «Alaska»-ում, կամ Արամ Նիկոլյանի խորհուրդները խելամիտ գնումներ կատարելու մասին

Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել մեծ արագությամբ զարգացող Fast Fashion-ի պայմաններում եւ կատարել հնարավորինս արդյունավետ ու խելամիտ գնումներ: Շատերին հուզող այս հարցում երեկ իր խորհուրդներով փորձում էր օգնել դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, ով սեփական փորձի ու գիտելիքների հիման վրա անմիջական զրույց էր վարում «Alaska by Hans&Franz» ռեստորանում ներկա հյուրերի հետ: Վայրի ընտրությունն էլ պատահական չէր. բացօթյա սրահում զրույցն ավելի անկեղծ ու ընկերական էր` գինու և մրգերի հյուրասիրությամբ:

Մինչ հանդիպման մեկնարկը BRAVO.am-ը Արամ Նիկոլյանից հետաքրքրվեց, թե ինչպես է կատարել թեմայի ընտրությունը եւ որքանով է այն արդիական մեր օրերում: Ոճաբանն ասաց՝ երբ ստացել է նման քննարկում անցկացնելու առաջարկը, որոշել է անդրադառնալ մի այնպիսի խնդրի, որին շատերն են այսօր առնչվում. «Քանի որ դժվար կլիներ կարճ ժամանակում ծավալուն թեմաներից խոսել, փորձեցինք գտնել մի հետաքրքիր ուղղություն, որն արդիական է ու կօգնի ճիշտ կողմնորոշվել ներկայիս շուկայում: Կարեւոր է հասկանալ եւ տարանջատել fast fashion-ը բարձր նորաձեւությունից: Այդպիսով հնարավոր կլինի խելացի գնումներ կատարել, որ ամեն անգամ պահարանը բացելիս հարցականներ չառաջանան, ու ավելի հեշտ լինի կողմնորոշվելը, թե ինչ հագնել այսօր»,- նշեց ոճաբանը:


«Alaska by Hans&Franz» ռեստորանն էլ, որը «MBG Hospitality» ընկերության ռեստորաններից է, իր հերթին բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել էր անմիջական զրույցի եւ ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Գաղտնիք չէ, որ ռեստորանն իր հյուրերին ներկայանում է եվրոպական խոհանոցի յուրօրինակ համերով, հետեւաբար` այստեղ նորաձեւությունից խոսելն առավել քան տեղին էր: Ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Alaska by Hans&Franz»-ն իր կոնցեպտով լավագույնս է համապատասխանում նման հանդիպում-քննարկումներին, հատկապես երբ եղանակն արդեն տաք է, եւ բացօթյա սրահում նստելն իսկական հաճույք է:

Ի սկզբանե Արամ Նիկոլյանը հրաժարվեց բարձրախոսով խոսելուց՝ նշելով, որ չի ցանկանում դասախոսի դերում լինել, այլ նախընտրում է ինտերակտիվ զրույց ունենալ ներկաների հետ: Նա իր ելույթը բաժանեց երկու հիմնական ուղղությունների՝ fast fashion-ի եւ բարձր նորաձեւության տարբերությունները, ինչպես նաեւ խելամիտ գնումներ կատարելու եղանակները: Իր խոսքի ընթացքում էլ Արամն անկեղծացավ, որ լինելով դիզայներ՝ ինքը երբեք մեծ գումարներ չի ծախսում հագուստ գնելու համար: Ասաց՝ դա խելամիտ որոշում չի համարում, հատկապես երբ խոսքը բարձր նորաձեւության եւ որակյալ հագուստ գնելու մասին չէ:


Նիկոլյանի կարծիքով՝ հաջողակ են այն դիզայներները, ովքեր կարողանում են հավաքածուներ ստեղծել հանրության լայն շերտերի համար, այլ ոչ թե անհատների: Ասաց՝ ինքն ավելի շատ ուրախանում ու ոգեւորվում է, երբ փողոցում քայլելիս տեսնում է՝ իր ստեղծած հագուստը կրում է անծանոթ մեկը, քան որեւէ հայտնի արտիստի հագին՝ վերջինիս տեսահոլովակում կամ համերգի ժամանակ: Միաժամանակ ընդգծեց՝ պետք չէ վախենալ բարձր նորաձեւություն ներկայացնող բրենդային խանութներ մտնելուց կամ հայ դիզայներների ստեղծած հագուստները կրելուց: Ոճաբանը նաեւ նկատեց՝ մեր օրերում դժվար է ասել, թե ինչն է նորաձեւ ու թրենդային: Նորաձեւ է այն, ինչը տարբերվում է, ընդգծում անհատականությունը եւ որը կրելիս մարդն իրեն հարմարավետ է զգում:

Հիմնական խոսքի ավարտին Նիկոլյանը պատասխանեց նաեւ ներկաներից մի քանիսի հարցերին, որից հետո զրույցը շարունակվեց նաեւ գինու սեղանների շուրջ՝ ավելի անմիջական քննարկումների ձեւաչափով: Ի դեպ, «Alaska by Hans&Franz»-ը իր հյուրերին այս անգամ ներկայանում էր «Zonin» ապրանքանիշի «Prosecco» գինիներով, որի մատուցման ձեւն անգամ իր կողմ էր գրավում ներկաներին: Նշենք, որ նման հանդիպումներ առաջիկայում էլի են լինելու «MBG Hospitality» ընկերության մյուս ռեստորաններում եւս: Աննա Սալոմեն խորհուրդ տվեց ակտիվորեն հետեւել իրենց ֆեյսբուքյան էջերին` նորություններին ծանոթանալու եւ հետաքրքիր այլ միջոցառումներին մասնակից դառնալու համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին