×


Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը

«Էլենի օրագիրը» սերիալից հայտնի դարձած Հասմիկ Խոջյանն այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում: Թե ինչպես է ստացվել համագործակցությունը, ինչ դերով է հանդես գալու, Հասմիկը պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

«Կյանքում ամենահետաքրքիր ու դրական իրադարձությունները կատարվում են անսպասելիորեն: Շատ հաճախ մենք չենք պլանավորում այս կամ այն բանը, բայց երբ այն կատարվում է, մեր կյանքում լինում է հաճելի շրջադարձ: Այս համագործակցությունս վերը նշված դեպքերի շարքից է: Օրերից մի օր, առավոտյան ստացա հեռախոսազանգ, ինչին հաջորդող մի քանի պայմանավորվածություններից հետո երեկոյան արդեն նկարահանման էի:)։ Ես մեկ օրում, իսկ ավելի ստույգ՝ մի քանի ժամում, համագործակցելով իմ նոր պրոդյուսերի հետ, փորձել եմ ընկալել հերոսուհուս տեսակը, նրան նոր գույն եւ հետաքրքիր տեսք տալ... ու անմիջապես անցել եմ աշխատանքի: Հետաքրքիր համագործակցության սկիզբը դրվել է շատ արագ, հեշտ եւ, ամենակարեւորը, փոխադարձ վստահության հիմքի վրա»,- պատմել է դերասանուհին:

Հասմիկ Խոջյանը


Նրա խոսքով, «Էլենի օրագրի» ավարտից հետո ունեցել է ընդհամենը 2 շաբաթ ազատ ժամանակ, որի ընթացքում մերժել է 2 տարբեր նախագծերի մասնակցելու հրավերներ. «Այս մեկը 3-րդն էր, եւ չկարողացա մերժել ու զոհեցի նույնիսկ այդքան սպասված արձակուրդային հանգիստս։ Չնայած դրան՝ աշխատանքային ոգեւորվածությունս եւ գործին առավելագույն նվիրվածությունս վստահաբար կրկնապատկվել է նոր նախագծի առաջին իսկ օրվանից:)։

Ես փոփոխություններից ու ռիսկի գնալուց չեմ վախենում, դրանք ինձ աճելու մեծ հնարավորություն են տալիս: «Էլենի Օրագիրը», որը վերջին 2 տարիներին իմ կյանքի անբաժան մասն էր կազմում, ունեցավ իր տրամաբանական ավարտը, որը ես չէի կարողանում ընկալել... դա իսկապես շատ բարդ էր ինձ համար: Ես կապվել էի բոլորի ու ամեն ինչի հետ: «Շանթ» ՀԸ-ն իր ողջ ստեղծագործական եւ դերասանական թիմով իմ կողքին է եղել 2 տարի անընդմեջ: Ես սիրում եմ բոլոր «շանթեցիներին» եւ շնորհակալ եմ նրանց:)։ Նախագծի ավարտից 2 շաբաթ չանցած ես արդեն նոր թիմ ունեմ՝ «Արմենիա TV»-ի «Անհասցե ծնվածները», ինչը ոգեւորիչ եւ պարտավորեցնող է, քանի որ այն ունի իր մեծ լսարանն ու արդեն ձեւավորված պրոֆեսիոնալ խումբը»:


Հասմիկից հետաքրքրվել ենք նաեւ՝ հե՞շտ է ընդգրկվել նոր թիմում. «Մտավախությունս մեծ էր, քանի որ ես պետք է ընդգրկվեի արդեն կազմավորված մեծ ընտանիք, սակայն առաջին իսկ օրվաից բոլորի կողմից արժանացա այնպիսի ջերմ ընդունելության, որ պատկերացնել նույնիսկ դժվար է: Շատ արագ ինտեգրվեցի Դիանա Գրիգորյանի մեծ թիմում, որտեղ զգալի է ջերմ եւ ընկերական մթնոլորտը՝ անկախ կոչումներից եւ տարիքից, ինչը միայն դրական է անդրադառնում բոլորիս աշխատանքի վրա: Հույս ունեմ՝ հեռուստադիտողը ինձ կընդունի եւ կսիրի նաեւ նոր հերոսուհու կերպարում, որը շատ շուտով կլինի եթերում»։

Նոր կերպարի՝ Լենկայի մասին դերասանուհին նախընտրում է շատ չխոսել եւ չբացել չակերտները. «Միայն կասեմ, որ իմ մուտքով սպասվում են հետաքրքիր եւ անսպասելի զարգացումներ արդեն իսկ սիրված եւ ընդունված հեռուստասերիալում: Հետաքրքիր է, որ այս սերիալում հեռուստադիտողը դեռեւս ինձ չի տեսել, սակայն արդեն մեկնաբանություններում նկատում եմ հակասական կարծիքներ՝ ոմանք գրում են, որ ցանկանում են միշտ ինձ տեսնել դրական կերպարում, մի մասը վստահում է իմ ընդունակություններին այնքան, որ ուզում է ինձ տեսնել շատ բարդ ու բացասական կերպարում, մյուսներն էլ պարզապես ուրախ են, որ ընդգրկվել եմ այս խմբում, անհամբեր սպասում են ու չեն շտապում կերպարային գուշակություններ անել: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն ասել իմ հավատարիմ հեռուստադիտողներին ու հետեւորդներին, որ ցանկացած պարագայում գնահատում են աշխատանքս: Եվ ուզում եմ առանձնակի նշել, որ ես ուրախ եմ «Արմենիա»-ի հետ իմ առաջին համագործակցության համար՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին