×


Անժելան, Հասմիկը, Նազենին, Հ.Տ. Հայկոն, Միշոն, Արսենը` տարօրինակ վիճակներում:)

Հայկական ու արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները երեկ ժամանել էին “Թերլեմեզյան” ցուցասրահ, միայն թե ծաղրանկարների տեսքով:): 

Անժելա Սարգսյանի ծաղրանկարը


Աշխատանքների հեղինակը Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղանկարի բաժնի հինգերորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանն է, որը ծաղրանկարների տակ հաճախ “Tigs” է ստորագրում:  Փաստորեն ավարտական տարում էլ տեղի է ունենում նկարչի անհատական առաջին ցուցահանդեսը:

“Նոր տարվա նախաշեմին ուզում էի ուրախ նկարներ ներկայացնել: Կարծում եմ` ծաղրանկարը չարժեր խառնել որեւէ այլ թեմայի հետ’’,- նշել է Տիգրանը, որը ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները ստեղծել է մոտ մեկ տարում:

Ծաղրանկար նա առաջին անգամ նկարել է երեք տարի առաջ, հերոսը լուսանկարիչ Դամիանն է:): Ի դեպ, այդ նկարը ցուցահանդեսին ներկայացված չէր: Փոխարենը ցուցասրահի պատերին կախված էր 39 աշխատանք` Հասմիկ Կարապետյանի, Գայանե Ասլամազյանի, Ջուսի, Շառլ Ազնավուրի, Էմի Վայնհաուսի, Ռաֆայել Ղազանչյանի, Ֆաինա Հարությունյանի, Հ.Տ. Հայկոյի, Միշոյի, Նազենի Հովհաննիսյանի, Արսեն Գրիգորյանի, Անժելա Սարգսյանի, Հերմինե Ստեփանյանի, “POP հանրագիտարան”-ի հաղորդավարներ Արփինեի, Մհերի եւ ուրիշների ծաղրանկարները:

Գայանե Ասլամազյանի ծաղրանկարը


Հերոսներից շատերի հետ Տիգրանն անձամբ ծանոթ չէ. օգտվել է լուսանկարներից, սակայն ցուցահանդեսի այցելուների արձագանքից եւ բացականչություններից կարելի է եզրակացնել, որ ծաղրանկարների հերոսները չափազանց նման են բնօրինակներին:

“Ծաղրանկարի համար կարեւոր են թե՛ բնավորության գծերը, թե՛ մասնագիտական նվաճումները: Շատ սիրում եմ ծաղրանկարչությունը. ընդգծում ես մարդում բնորոշ գծերը’’,- ասել է նկարիչը:

Նազենի Հովհաննիսյանի ծաղրանկարն արվել է “Սպանված աղավնի’’ ֆիլմի համար արված լուսանկարի հիման վրա: “Նազենին սպանված աղավնուն է նայում սարսափած, ես էլ պատկերել եմ նրանց ռեստորանում, աղավնին էլ խորոված է:)’’, -պատմել է Տիգրանը:

Հ.Տ. Հայկոյի ծաղրանկարը


Արտասահմանյան “աստղերից” ցուցահանդեսին ներկայացված էր Էմի Վայնհաուսը, որը Տիգրանի սիրելի երգչուհիներից է: Հենց այս նկարով են ամենից շատ հետաքրքրվել այցելուները. Տիգրանը ծաղրանկարը վաճառելու առաջարկ է ստացել:

“Հաջորդ ցուցահանդեսին անպայման լինելու է Լեդի Գագան: Նրան նկարելու եմ հայկական ոճում` տարազով’’,- ասել է Տիգրանը:

Հեղինակը նկարում է այն անձանց, ում  համակրում է, ովքեր ոգեշնչում են իրեն. “Երբ մուսան գալիս է, արագ ու հավեսով ծաղրանկար եմ պատկերում: Չեմ սիրում առանց ոգեշնչվելու,  ստիպված նկարել’’:

Տիգրանն առաջիկայում պատրաստվում է ընդլայնել ծաղրանկարների հերոսների ցանկը եւ ներկայանալ միայն շոու-բիզնեսին նվիրված ցուցահանդեսով: Տիգրանը հետաքրքրվում է նաեւ սյուրռեալիզմով, արդեն ունի այդ ոճում արված մի քանի նկար.  “Ուզում եմ խառնել սյուրռեալիզմն ու ծաղրանկարչությունը’’:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW