×


Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը

Տեւական ժամանակ կյանքի համար պայքարելուց հետո Բելգիայում երեկ գիշեր մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանը: Ցավալի լուրը հայտնել է արտիստի որդին, պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ Մայր թատրոնը:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Մայր թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-նշված է հաղորդագրությունում:
BRAVO.am-ը եւս միանում է ցավակցություններին:

Ռուդոլֆ Ղեւոնդյանը 67 տարեկան էր: Ծնվել է Կիսլավոդսկում` 1952թ. մարտի 6-ին: 1969-73թթ. սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ.-ից աշխատել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել եւ աշխատել է Մոսկվայում: Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ. Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն. Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ. Գորկու «Հատակում», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) եւ այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) եւ այլն: 2004թ.-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում: 2010թ.-ից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ» եւ այլ հեռուստասերիալներում: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի եւ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

BRAVO.am
Կենսագրական տվյալները` avproduction.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին