×


Մելքոնյան քույրերը կաջակցեն «Բարի տնակի» կառուցմանը

Նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա դասական երաժշտության բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան մոսկվաբնակ պատանի երաժիշտներ 14-ամյա Եվա եւ 12-ամյա Դիանա Մելքոնյանները։

Համերգի ողջ հասույթը կուղղվի «Բարի մամա» բարեգործական կազմակերպության վերականգնողական կենտրոնի՝ «Բարի տնակի» շինարարությանը։


Մելքոնյան քույրերը Մոսկվայի Գլինկայի անվ. արվեստի մանկական դպրոցի դաշնամուրի դասարանի աշակերտներ են (ղեկավար՝ Օկսանա Պավլովա):
Սա նրանց առաջին ելույթն է Հայաստանի խստապանջ հանդիսատեսի առջեւ։

Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի, Արամ Խաչատրյան, Սեն Սանս, Պիացոլա, Առնո Բաբաջանյան, Ֆինոգենով, Սլոնիմսկի եւ այլն։

Համերգը կվարի անվանի երաժիշտ, «Մենք ենք» բարեգործական նախաձեռնության համահիմնադիր Սոնա Ազարյանը։ Միջոցառման անցկացմանն աջակցում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը։

Չնայած պատանի տարիքին՝ Եվան եւ Դիանան համերգային եւ փառատոնային բավականին մեծ փորձ ունեն։ Նրանք «AVE BOHEMIA» միջազգային մրցույթի եւ արվեստի փառատոնի 1-ին աստիճանի դափնեկիրներ եւ ոսկե մեդալակիրներ են «Գործիքային կլասիկա» անվանակարգում (Պրահա, 22.03.2015), ինչպես նաեւ ՌԴ Բաց տարածաշրջանային մրցույթի 1-ին աստիճանի դափնեկիրներ (2014 թվական)  եւ «Երկու անգամ երկու՝ չորս» դաշնամուրային անսամբլների բաց շրջանային մրցույթի 3-դ աստիճանի դափնեկիրներ (2015թ․, Մոսկվա եւ Տրոյիցկ քաղաքներ):

Լ.Ա. Բրուկի անվան «Եղբայր եւ քույր» դաշնամուրային դուետների XIX միջազգային մանկական մրցույթի (Սանկտ-Պետերբուրգ, 2014 թ.) եւ «Ֆրանսիայում ռուսական մշակույթի օրեր» փառատոնի դափնեկիրներ են (2015թ., Ֆրանսիա):

Մենակատարումներ եւ համատեղ ելույթներ են ունեցել ռուսաստանյան Մեծ թատրոնի նվագախմբի մենակատարների «Կապրիզ» անսամբլի հետ՝ ՌԴ վաստակավոր արտիստ Լ. Չիստյակովի ղեկավարությամբ։ Համերգային, անհատական եւ անսամբլային ծրագրերով հանդես են եկել  Ֆրանսիայում եւ Լատվիայում:

2016 թ-ին «Բարի մամա» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել է բացառիկ ներառական կենտրոնի՝ «Բարի տնակի» կառուցումը։ Կենտրոնի նպատակներն են.

- մանկատանը բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել թերապիաներ եւ այլ բուժումներ;
- ստեղծել ապաստարան մանկատան 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող սաների համար;
- կազմակերպել դասընթացներ մայրերի համար, թե ինչպես խնամել հաշմանդամություն ունեցող իրենց երեխային;
- տրամադրել ապաստարան մայրերին, որոնք չեն ցանկանում հրաժարվել իրենց երեխաներից եւ հանձնել նրանց մանկատուն;
- կազմակերպել տեղեկատվական և կանխարգելիչ միջոցառումներ ռիսկային խմբի հղիների համար;
- ապահովել աշխատանքով հաշմանդամ երեխաներ ունեցող այն կանանց, որոնք չեն հրաժարվել իրենց երեխաներից;
- իրականացնել Հայաստանում առաջին հոսթելը հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Կենտրոնի շինարարությանն աջակցելու համար կարելի է գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին՝
Արարատբանկ, 1510027478070100 (ՀՀ դրամ)
Ստացող` «Բարի մամա» բարեգործական ՀԿ։    

BRAVO.am-ը միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին