×


Միստիկան ու ֆոնային մերկությունը՝ Արվին Քոչարյանի «Mysticus» նախագծի հոլովակում

Արդեն տասը տարի է՝ Արվին Քոչարյանն իր «Mysticus» ֆոտոնախագծում բացահայտում է մարդկանց «գաղտնիքները»: Նրա հերոսներն են դառնում հիմնականում աղջիկներն ու կանայք՝ հաճախ ներկայանալով ավելի անկեղծ կերպարներով: Եվ քանի որ այս տարին հոբելյանական է «Mysticus»-ի համար, Արվին Քոչարյանը որոշել է երկու ամիս անց ներկայացնել ֆոտոշարքի ամբողջական ցուցահանդեսը՝ միաժամանակ տպագրելով նաեւ լուսանկարների պատկերագիրքը: Այդ առիթով նա նույնիսկ երգ է հեղինակել, որպեսզի այն հնչի ցուցահանդեսի բացման ժամանակ: Օրեր առաջ էլ լուսանկարիչը ներկայացրեց իր եւ Արմեն Շահվերդյանի համատեղ երգի տեսահոլովակը, որտեղ ինքը եւս հանդես է եկել որպես վոկալիստ:



BRAVO.am-ի հետ զրույցում Արվինը պատմեց, որ ֆոտոշարքն արդեն ընդգրկում է 170-180 լուսանկար, որոնցից այս անգամ ընտրել է հինգ լավագույն կերպարներն ու վերարտադրել տեսահոլովակի համար: Նոր հոլովակում որպես մոդելներ հանդես են եկել դերասանուհիներ Մարիամ Հակոբյանը, Թամարա Պետրոսյանը, Արմինե Նազարի-Դեխնավին, Վիկտորյա Սահակյանը եւ Սառա Սուքիասյանը: Հոլովակի ռեժիսորն է Արշո Հարությունյանը, իսկ օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Լուսանկարչի խոսքով` նախագծի գաղափարը դեռ երեք տարի առաջ է ունեցել, որով կիսվել է «New Gray» ռոք-խմբի հիմնադիր եւ վոկալիստ Արմեն Շահվերդյանի հետ: Վերջինս գրել է երգի երաժշտությունը, այնուհետեւ միասին հեղինակել են խոսքերը: Երգի վերջնական տարբերակը պատրաստ է եղել 2018-ի վերջին եւ պաշտոնապես թողարկվել է փետրվարի 9-ին:

«Mysticus» նախագծի հոլովակի նկարահանումներին


Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա դրա հետ կապված աշխատանքները սկսվել են մեկուկես տարի առաջ: Արվին Քոչարյանը, Արշո Հարությունյանը, Սուրեն Թադեւոսյանն ու Սուրեն Սարգսյանը երկարատեւ նախապատրաստական, նկարահանման ու մոնտաժային աշխատանքներից հետո կարողացել են ստանալ այն, ինչ նախապես պատկերացրել են: Նկարահանումներն իրականացվել են Երեւանի կամերային թատրոնում եւ տեւել են մոտ 17-18 ժամ: Արվինն ասում է՝ շատ է ոգեւորվել հատկապես այն փաստից, որ Արշոյին հաջողվել է գտնել մեծ սեւ ագռավ՝ հոլովակում նկարահանելու համար.«Այն ինձ համար միստիկայի գլխավոր խորհրդանիշերից մեկն է եւ հիշեցնում է Էդգար Ալլան Պոյի միստիկան, որ կա նրա գործերում»:

Արվին Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է ստացվել, որ որոշել է այս անգամ անձամբ հանդես գալ որպես վոկալիստ, քանի որ հանդիսատեսը նախկինում նրան երբեք չի տեսել երգելիս: Լուսանկարիչն ասաց՝ երբ պատրաստ է եղել երգի երաժշտությունը, թե՛ ինքը, եւ թե՛ ընկերները եկել են այն մտքին, որ հենց ինքը պիտի կատարի երգը: Այդպես որոշ ժամանակ Արմենի հետ վոկալ է պարապել, որպեսզի կարողանա երգը հնարավորինս ճիշտ ու գեղեցիկ կատարել.«Շատերին թվում է, թե իմ ձայնը մշակված է, բայց իրականում ոչ մի ֆիլտր չկա: Ուղղակի ես եւ Արմենը գտանք ճիշտ եղանակը միասին աշխատելու: Նա ավելի բարձր նոտաներն է երգում, ես՝ ավելի ցածր: Իրականում ինձ համար բավական ստացված է այն, ինչին կարողացանք հասնել մեծ աշխատանքի արդյունքում»,- խոստովանեց լուսանկարիչը:

«Mysticus» նախագծի հոլովակի նկարահանումներին


Արվինը նկատեց, որ նոր տեսահոլովակը կնպաստի իր «Mysticus» ֆոտոնախագծի ավելի լայն ճանաչմանը: Խոսելով իր այդ ֆոտոշարքերի մասին՝ նա նշեց, որ չկա հստակ բանաձեւ, թե որ լուսանկարը կարող է «Mysticus»-ի մաս կազմել, որը՝ ոչ: Ասաց՝ այդ էներգիան պետք է լուսանկարն իրեն փոխանցի.«Յուրաքանչյուր մարդ ունի իր ներքին միստիկան, որ միայն ինքն է տեսնում: «Mysticus»-ն անդրադառնում է մարդու այդ ներքին միստիկային: Դա կարող է լինել դեպրեսիա, մելանխոլիա, դրական ու բացասական էներգիաներ եւ, իհարկե, գաղտնիքներ: Այդ ամենը փորձում եմ գեղարվեստական մոտեցմամբ ներկայացնել` լույս, ստվեր, մարմին, սիմվոլներ, ատրիբուտներ եւ այլն: Այդ ֆոտոշարքերում կարող եք տեսնել նաեւ ֆոնային մերկություն, որը ցույց է տալիս մարդու մարմինն ու կերպարը: Իհարկե, դրան կա սահման, որը չհատելու համար նկարը չպետք է նայվի գռեհիկ կամ վուլգար: Այն պետք է լինի շատ գրագետ, էսթետիկ ու գեղարվեստական լուծումներով ներկայացված: Դա նաեւ ժանրի պահանջն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արվին Քոչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին