×


Միքայել Արամյանը

Միքայել Արամյան.«Հուսով եմ՝ Դմիտրի Մալիկովի հետ սիրավեպ չեն վերագրի:)»

Մոսկվաբնակ դերասան Միքայել Արամյանը հարմար առիթի դեպքում այցելում է Հայաստան, այս տարի 3-րդ անգամ Երեւանում է՝ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հրավերով։

Ամռան սկզբին BRAVO.am-ը լուսանկարել էր Միքայելին: Նա մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանում նկարահանվել է «Армен и Я» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարներից մեկն է։ Դեռեւս չցուցադրված կինոնկարում նրա խաղընկերներն են Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ազոյանը, «Եվրատեսիլ 2017»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման, ջազ երաժիշտ Չարլի Արմսթրոնգը եւ այլք. «Հիմա հետարտադրական փուլն է, նաեւ այդ ֆիլմի հետ կապված եմ այստեղ։ Հստակ չգիտեմ՝ երբ կկայանա պրեմիերան, բայց հույս ունեմ՝ 2018-ի սկզբին մեծ էկրանին կլինի»։

Միքայել Արամյանը


Դերասանի հայրը՝ նկարիչ-քանդակագործ Աշոտ Արամյանը, ապրում է Երեւանում, Միքայելն էլ սեպտեմբերին ընտանիքի մյուս անդամների հետ հայրենիքում էր՝ նշելու երկու առիթ.«Հայրս ու եղբայրս նույն օրն են ծնվել, նույնիսկ նույն ժամին, բայց տարբեր թվականներին։): Նրանց հոբելյանները միասին նշեցինք Հայաստանում։ Առիթների դեպքում փորձում եմ գալ, զբաղվածության պատճառով ավելի հաճախ այցելել չի ստացվում»։

Ֆիլմերից բացի, նա նկարահանվում է ռուսական շոու-բիզնեսի երգիչների հոլովակներում, վարում է կինոփառատոններ եւ տարատեսակ միջոցառումներ։ Վերջերս Միլանում նկարվել է ռուս երգիչ Դմիտրի Մալիկովի տեսահոլովակում, իսկ Աննա Սեդոկովայի հոլովակի գլխավոր հերոսը դառնալուց հետո իր եւ երգչուհու հավանական սիրավեպը Ռուսաստանում դարձել է քննարկման թեմա.«Մարդիկ սիրում են քննարկել ուրիշների անձնական կյանքը։ Բավական է մեկի հետ նկարահանվես կամ որեւէ վայր այցելես, անմիջապես հաջորդում են ասեկոսեները, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Հուսով եմ՝ Դմիտրի Մալիկովի հետ սիրավեպ չեն վերագրի:)»,-կատակելով ավելացնում է նա։

Միքայել Արամյանը


25-ամյա Միքայելն իրեն թանկ վարձատրվող դերասան չի համարում. «Անկեղծ ասած, հոնորարներս այլ դերասանների համեմատ բարձր են, բայց շատերից էլ ցածր են։ Համարում եմ, որ իմ կարիերայի սկզբնակետում եմ ու կարծում եմ՝ ամենահետաքրքիր ֆիլմերն ու բարձր հոնորարները դեռ առջեւում են։ Երբ առաջարկ եմ ստանում, մասնակցում եմ քասթինգներին, այսինքն՝ ստեղծագործական մասին, իսկ գործակալս զբաղվում է ֆինանսական ու իրավաբանական հարցերով։ Փողային հարցերին չեմ սիրում խառնվել, վատ բիզնեսմեն եմ, չեմ կարողանում ոչինչ վաճառել։ Իսկ մասնագիտությանս մեջ կարեւորում եմ նախագծերի որակն ու կերպարներս։ Շատ բաներից հրաժարվում եմ՝ ընտրելով քիչ, թե շատ այնպիսի դերեր, որոնք կնպաստեն մասնագիտական աճիս։ Հույս ունեմ, որ լուրջ դրամատուրգիական ֆիլմերում նկարվելու առաջարկներ կունենամ»։

Դերասանը հաճախ է ճամփորդում, թեպետ այնքան էլ չի սիրում օդանավ նստել, ինչպես նշում է՝ իր սիրելի փոխադրամիջոցը մոտոցիկլետն է.«Դեռեւս ժամանակ առ ժամանակ եմ վարում, Մոսկվայում հիմնականում տեղաշարժվում եմ ավտոմեքենայով։ Մեծ հույս ունեմ, որ եղանակները տաքանալուն պես շատ ավելի հաճախ կվարեմ։ Մոտոցիկլետն ամբողջ սրտով սիրել եմ, ավտոմեքենայից գերադասում եմ նաեւ այն պատճառով, որ Մոսկվայում խցանումների մեջ չեմ ընկնում եւ կայանելու խնդիր չեմ ունենում, բացի այդ ժամանակս կրկնակի խնայում եմ»։

Միքայել Արամյանը


Միքայելն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսել էր հայկական հեռուստատեսության ցածր որակի մասին, ինչի վերաբերյալ ընդգծեց.«Ոչ թե քննադատելու, այլ ավելի որակյալ արտադրանք տեսնելու հույսով սուր եմ արտահայտվել։ Ինքս դեմ չեմ հայկական սերիալում նկարվելուն, եթե պրոֆեսիոնալ  սցենարով առաջարկ ստանամ ու տեսնեմ, որ թիմը բացի կոմերցիոն կողմից կենտրոնացած է ստեղծագործականի վրա, եթե մեկ օրում երկու սերիա չեն նկարում ուղղակի եթեր տալու համար, ապա հաճույքով կխաղամ՝ չկենտրոնանալով հոնորարի վրա։ Դեռեւս այդպիսի առաջարկ չեմ ստացել։ Առհասարակ Հայաստանում տաղանդավոր դերասանները, ռեժիսորները շատ են, պարզապես հարկավոր է թիմային ճիշտ աշխատանք, որ արտադրանքը որակյալ լինի»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ Միքայել Արամյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին