×


Մհեր Մկրտչյանի «Հարբած կապիկի համբույրը» համախմբել է հայտնի հյուրերին եւ գրքասերներին

«Հարբած կապիկի համբույրը» («Поцелуй пьяной обезьяны»)` այսպես է կոչվում ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր վիպակը, որը նրա առաջին քայլն է գրական ասպարեզում: Ասում է` եթե փորձի բացատրել, թե ինչու է գիրքն այդպես վերնագրել, ապա ստիպված պիտի լինի ամբողջ սյուժեն պատմել: Բայց վստահ է, որ հետաքրքիր ու ճիշտ ընտրված վերնագիր է` բովանդակությանը համապատասխան: Իսկ թե ինչ դժվարությունների է հանդիպել գիրքը գրելիս, եւ հնարավոր է արդյոք` վիպակը վերածվի ֆիլմի, Մհեր Մկրտչյանն այս եւ այլ հարցերի անդրադարձել է իր նոր գրքի շնորհանդեսին, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

«Իմ բոլոր ստեղծագործությունները՝ լինեն կինոյում, թատրոնում կամ գրականության մեջ, մարդու մասին են: Գրքում ժամանակակից պատմություն է ներկայացվում, երկու մարդկանց կենսագրություն, որոնք իրար հետ ծանոթ չեն եղել, բայց որոնց կյանքերը փոխկապակցված են: Շատ տարբեր հարցերի մասին է խոսվում գրքում, խորհուրդ կտայի կարդալ (ժպտում է,- հեղ.): Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակմանը, ապա ըստ իս՝ գիրքը 18+ է, քանի որ 18-ից ցածր մարդկանց համար երեւի անհետաքրքիր կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանի «Հարբած կապիկի համբույրը» գրքի շնորհանդեսին


Նա պատմեց, որ գրքի վրա ինքնուրույն աշխատել է մոտ մեկ ամիս, իսկ հետո, երբ հանդիպել է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, որոշակի ուղղումներ են կատարել միասին, քանի որ ինքը բավական անփորձ է գրականության մեջ: Այդ գործընթացն էլ իր հերթին տեւել է մոտ մեկ ամիս, որից հետո ծնվել է ռեժիսորի առաջին գրական ստեղծագործությունը՝ «Հարբած կապիկի համբույրը»:

Մհեր Մկրտչյանն իր այս գիրքը փորձարկում է համարում: Ասում է՝ եթե ընթերցողը սիրի այն, ապա ինքն ամեն ինչ կանի, որ վիպակը վերածվի նաեւ ֆիլմի.«Կինոյի մարդը ինչ անում է, միշտ կինո է ստացվում: Ես ինչքան էլ փորձել եմ այս գործին որպես գրականություն մոտենալ, այն ավելի շատ կինո է ստացվել երեւի, որքան էլ ես դա չուզեմ»:

Արքմենիկ Նիկողոսյանը եւ Մհեր Մկրտչյանը


Նշենք, որ գիրքը գրված է ռուսերենով: Ռեժիսորն ասում է՝ դա մի պարզ պատճառ ունի` դեռ չի կարող ստեղծագործել հայերենով: Հատկանշական է, որ «Անտարես» հրատարակչության համար նախկինում սկզբունքային է եղել միայն հայալեզու գրքեր հրատարակելը, թեեւ մեկ անգամ փորձ ունեցել են Հակոբ Մնձուրու ստեղծագործությունները ռուսերեն հրատարակելու: Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` իրենց համար էլ է սա ինչ-որ առումով փորձարկում համարվում.«Շատ հետաքրքիր էր Մհեր Մկրտչյանի հետ համագործակցելը: Թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, սցենարիստ, ով հայտնի է իր ֆիլմերով եւ այժմ իր առաջին փորձերն է անում գրական ասպարեզում: Մեզ համար էլ էր սա նորություն: Եթե գիրքը սիրվի ընթերցողների կողմից, բնականաբար, կլինի նաեւ հայերեն տարբերակը»:

Խոսելով գրքի մասին՝ գրականագետը նշեց, որ վիպակի առաջին տարբերակը փոքր-ինչ «կինոշնի» էր ստացվել, սակայն, Մհերի հետ աշխատելով, փորձել են այն գրականի վերածել.«Գրքում կային բազմաթիվ դրվագներ, կերպարներ, որոնք ֆիլմի դեպքում կարող էին հոգեբանորեն պատճառաբանվել, իսկ այս դեպքում մենք միասին փորձեցինք որոշակի փոփոխություններ կատարել: Մհերը պատվով դուրս եկավ դրա տակից: Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր վիպակ է ստացվել՝ լայն ժամանակաշրջան ընդգրկող եւ կինոյին բնորոշ տիպական կերպարներով»:

Մհեր Մկրտչյանի կինը` դերասանուհի Անի Ղազարյանը, եւ Անի Ամիրյանը


Արքմենիկ Նիկողոսյանը նկատեց նաեւ, որ վիպակն ընդհանրացնում է մեր երկրում ապրող մարդու մի տեսակ, որը գոյատեւել է երկրաշարժից մինչեւ մեր օրերը.«Կան, չէ՞, մարդիկ, որ միշտ բեմի վրա են՝ անկախ իշխանությունների ու կուսակցությունների փոխվելուց: Այդպիսի մի մարդու ֆենոմեն է այստեղ բացատրվում: Եվ այդ ամենը համեմված է շատ լավ հումորով. ուղղակի անկրկնելի հումոր ունի Մհերը: Նրա գրքում նաեւ հոգեբանական շատ լուրջ սեւեռումների ու ողբերգական նուրբ անցումների համադրություն կա: Տեսնենք՝ ինչպես կընդունվի ընթերցողների կողմից»:

Գրքի հրատարակիչներն ասում են, որ վիպակի թեթեւ, հումորով ու սրամիտ երկխոսությունները, հետաքրքիր պատմություններով զարգացող սյուժեն, դրամատիկ ու անսպասելի վերջաբանը գրքի հաջողության գրավականը կարող են դառնալ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին