×


Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը

Նազիկ Բաղդասարյանի՝ ամուսնուց դժգոհելու առիթն ու որդու ցանկությունը

Դերասան-ամուսիններ Նազիկ Բաղդասարյանի եւ Արթուր Գեղամյանի ընտանիքը հինգ տարեկան է: Թե ինչու ամեն տարի զույգը չի կարողացել նշել ամուսնության հոբելյանը, ինչ ցանկություն ունի նրանց որդին` 4-ամյա Դանիելը, հեշտ է արդյոք նույն ոլորտի ներկայացուցչի հետ ապրելը եւ այլ հարցեր քննարկել ենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհու հետ:

«Երբեք չենք կարողացել նշել մեր հարսանիքի օրը, քանի որ ամուսինս կամ ներկայացման է եղել, կամ էլ մեկ այլ աշխատանքի: Այս տարի պարզապես խնդրեցի նրան այնպես հարմարեցնել գործերը, որ միասին կարողանանք լավ ժամանակ անցկացնել, իսկ առավոտյան Դանին շնորհավորեց մեզ եւ ապերիկ ուզեց:)»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նազիկը:

Նազիկն ու Արթուրը՝ իրենց որդու հետ


Նրա խոսքով՝ իրենց շատ է օգնում նույն ոլորտից լինելու հանգամանքը. «Կարծում եմ` ուրիշ ոչ ոք չէր հասկանա ինձ այնպես, ինչպես Արթուրն է հասկանում: Որպես ամուսիններ` մեզ միայն օգնում է դերասանի մասնագիտություն ունենալը. կարող ենք երկար խոսել, զրուցել, քննարկել որեւէ ֆիլմ կամ ներկայացում եւ շատ լավ հասկանալ միմյանց»:

Ամուսնությունից հետո Նազիկն ու Արթուրը տարաձայնություններ հազվադեպ են ունենում.«Մինչ այդ շատ էինք կռվում, անգամ շրջան է եղել` բաժանվել ենք: Իսկ այժմ այնքան լավ ենք ճանաչում միմյանց, որ վիճելու առիթ գրեթե չենք ունենում: Մեկ-մեկ դժգոհում եմ, որ մեզ քիչ ժամանակ է տրամադրում շատ զբաղված լինելու պատճառով»:

Նազիկ Բաղդասարյանը եւ Արթուր Գեղամյանը


Վերջերս զույգը նկարահանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին պատմող ֆիլմում, որտեղ իր փոքրիկ մասնակցությունն է ունեցել նաեւ նրանց որդին.«Ի սկզբանե միայն ամուսինս էր ընտրվել Մինասի կերպարի համար, բայց ռեժիսորը, տեսնելով իմ եւ Արթուրի լուսանկարները, հասկանում է, որ շատ նման եմ Մինասի կնոջը: Իսկ Դանիելը շատ նման էր նրանց փոքր որդուն, բայց քանի որ տարիքով փոքր էր, Դանիելին վստահվեց Մինասի մանկության տեսարաններում խաղալը»,-պատմել է Նազիկն ու, շարունակելով խոսել որդու մասին, հավելել.«Այնքան լուրջ էր մոտենում ֆիլմում իր աշխատանքին, որ ապշել էինք: Չնայած՝ դեռ 4 տարեկան է, բայց շատ ինքնուրույն է եւ բնավորության հստակ գծեր ունի: Լուրջ եւ խելացի է, սիրում է պարել, ավտոմեքենաներ եւ Երկիր մոլորակին վերաբերող ցանկացած հարց: Սիրում է նաեւ երաժշտություն եւ ուզում է ատամնաբույժ դառնալ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին