×


Նատալիա Օրեյրոն համերգ կտա Երեւանում

Ուրուգվայցի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Նատալիա Օրեյրոն մենահամերգով հանդես կգա Երեւանում: Այս մասին ժամեր առաջ հայտնեց Tomsarkgh.am կայքը՝ նշելով, որ համերգը տեղի է ունենալու ապրիլի 7-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայտնի է, որ երգչուհին Հայաստան է ժամանելու իր «Unforgettable tour» խորագրով համերգային շրջագայության շրջանակում: Համերգացանկից առայժմ հայտնի են մարտի 28-ին Մոսկվայում կայանալիք մենահամերգը եւ ապա՝ երեւանյանը: Այս տեղեկությամբ արդեն ողողված են երգչուհու սոցիալական ցանցերի ֆան-էջերը, սակայն համերգի կազմակերպիչ ընկերության՝ «Гамаюн продакшн»-ի պաշտոնական կայքէջում այս մասին դեռ հայտարարություն չկա: Կայքում տեղեկություններ կան միայն առաջիկա մի քանի միջոցառումների մասին:

Նատալիա Օրեյրոն


Լուրի իսկությունը ճշտելու համար BRAVO.am-ը փորձեց զրուցել Tomsarkgh.am-ի ներկայացուցիչների հետ: Օպերատորը մեզ հայտնեց, որ տեղեկությունը հավաստի է, եւ համերգը միանշանակ կայանալու է.«Այլապես մենք ոչ մի դեպքում չէինք հայտարարի այդ մասին եւ չէինք սկսի տոմսեր վաճառել»,- ասաց աշխատակցուհին:

Նշենք, որ Նատալիա Օրեյրոն առաջին անգամ է համերգով հանդես գալու Հայաստանում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա այստեղ ներկայանալու է իր նոր շոուով, որը հավակնում է դառնալ նրա գլխավոր ելույթներից մեկը:

Երգչուհին եւ դերասանուհին միլիոնավոր մարդկանց սրտերը գերել է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալում հմայիչ Միլագրոսի դերի շնորհիվ: Նրա հայտնի «Cаmbiо dolor»-ը համերգների ժամանակ երգում է ողջ դահլիճը: Օրեյրոն Երեւան է գալու երկժամյա մեծ շոուով, իսկ բեմում նրա հետ լինելու են նաեւ երաժիշտներն ու պարողները:

«Երգչուհին վստահ է, որ այդ համերգը հանդիսատեսը երկար է հիշելու: Լինելու են նաեւ երգերի պրեմիերաներ, որոնք դեռ չեն լսել նույնիսկ Օրեյրոյի ամենահավատարիմ երկրպագուները»,- ասված է համերգի հայտարարության մեջ:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին