×


«Նոր երգ ասա` լսեմ»

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երաժշտացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է անցնող շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով խիստ տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում: Հաճելի ունկնդրում:

Project LA եւ Գոռ Սուջյան - «Ահա նորից գիշեր»

Project LA-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել երաժշտասերներին: Այս անգամ Պարույր Սեւակի «Ահա նորից գիշեր» բանաստեղծությունն է գեղեցիկ երգ դարձել Լեւոն Արեւշատյանի հեղինակած երաժշտությամբ: Կատարում է Գոռ Սուջյանը: Վայելեք:



Սեմ Սմիթ եւ Նորմանի - «Dancing With A Stranger»

Բրիտանացի երգիչ, երգահան Սեմ Սմիթի նոր տեսահոլովակը նկարահանվել է «Dancing With A Stranger» հայտնի հիթի հիման վրա: Երգը, որ մինչ հոլովակի թողարկվելը հասցրել էր ռեկորդային թվով լսումներ ունենալ, համագործակցություն է ամերիկացի երգչուհի, պարուհի Նորմանիի հետ: Վերջինս, իհարկե, հոլովակում ներկայացել է ոչ միայն իր ձայնային հնարավորություններով, այլեւ գեղեցիկ պարային կատարմամբ:



Նիքի Մինաժ - «Hard White»

Ամերիկացի ռեփ երգչուհի Նիքի Մինաժն օրերս ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որտեղ հանդես է գալիս թագուհու կերպարով: «Hard White» երգի հոլովակում նա գլխավորում է մի մութ թագավորություն, որտեղ հպատակները զոմբիներ են: Նրա այս աշխատանքը ընդգրկված է «Queen» ալբոմում, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել էր 2018-ի օգոստոսին:



Բիլի Այլիշ - «Bury a Friend»


Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը թողարկել է իր նոր երգի տեսահոլովակը, որը կարճ ժամանակում հասցրել է մոտ 17 միլիոն դիտում գրանցել «YouTube»-ում: «Երգն իմ մահճակալի տակ գտնվող հրեշի մասին է: Հենց ինքս էլ այդ հրեշն եմ, քանի որ ես իմ ամենաոխերիմ թշնամին եմ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է 17-ամյա երգչուհին: Նա նաեւ նշել է իր նոր՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի թողարկման ամսաթիվը: Այն լույս կտեսնի մարտի 29-ին:


MATRANG - «Имя»


Ռուսական «Gazgolder» ստեղծագործական միավորման անդամ MATRANG-ը, ով հայտնի դարձավ իր «Медуза» հիթի շնորհիվ (այն արդեն ավելի քան 105 միլիոն դիտում ունի «YouTube»-ում), օրեր առաջ ներկայացրեց իր նոր տեսահոլովակը: Այն նկարահանվել է «Имя» երգի հիման վրա, որի հեղինակը հենց ինքն է՝ երգիչը: Հոլովակի մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ այն միանշանակ չի ընդունվել ունկնդիրների կողմից, քանի որ մեծապես տարբերվում է երգչի նախորդ գործերից:



Լիլիանա Բելլա - «Grace»

Այսօրվա մեր երաժշտացանկում կա նաեւ հայ կատարող Լիլիանա Բելլան, ում հետ BRAVO.am-ն ավելի վաղ հետաքրքիր ու ընդարձակ զրույց էր ունեցել: Նրա նոր երգը`«Grace»-ը, կրկին ջազ ոճում է, միայն թե տեսահոլովակը, ի տարբերություն նախորդի, այս անգամ աչքի չի ընկնում իր վառ գույներով ու կերպարներով: Սա, իհարկե, երգին համահունչ մոտեցում է, որի հեղինակները Արթուր Սարգսյանը, Գեւորգ Ներսեսյանն ու Հայկ Բադասյանն են: Երգի խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, երաժշտության հեղինակները` ԳԱԳՍՈ-ն եւ Լիլիանա Բելլան:




Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին