×


Նուռը՝ կնոջ հետ

Նուռը սեր քարոզող ճանճերին ներկայացնում է երեւանյան իր ցուցասրահում

Նկարիչ, քանդակագործ, դիզայներ, ոսկերիչ Նուռը, մեծ ու փոքր ճանճերի միջոցով միջազգային հարթակում սեր քարոզելով, յուրահատուկ գաղափարի համար քանդակագործության արվեստի «Օսկարը» բերել է Հայաստան։

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ ժամանակակից արվեստի հեղինակավոր ցուցահանդես-փառատոններից մեկում՝ Ֆլորենցիայի բիենալում, հոկտեմբերին Նուռն արժանացել է գլխավոր մրցանակին՝ Մեդիչիի  «Lorenzo Il Magnifico» ոսկե մեդալին: Այս տարի բիենալեին մասնակցել են 74 երկրից 417 արվեստագետներ՝ ներկայացնելով շուրջ 1100 ստեղծագործություն։ Բիենալեին նա ներկայացրել է երկու աշխատանք` «Ճանճ» եւ «Ճանճ էվոլյուցիա»՝ քարոզելով սեր, ներողամտություն եւ մարդասիրություն: Աշխատանքները պատրաստված են բրոնզից, օգտագործված է օրգանական ապակի, ոսկի, տոպազ եւ այլ նյութեր։

Նուռի «Ճանճ էվոլյուցիա» քանդակը


Մեծ ճանճն արդեն Երեւանում է, քանդակագործ-դիզայներն իր «Նուռ Արտ» ցուցասրահում երեկ տեղի ունեցած փակ ցուցադրության ընթացքում հյուրերին պատմել է, թե ինչպես իր մեծ ու փոքր ճանճերը սեր քարոզեցին միջազգային հարթակում ու օգնեցին հաղթանակը նվաճել։ Այս հաղթանակով Նուռը դարձել է մրցույթին մասնակցած առաջին հայ դիզայները, որը Մեդիչիի ոսկե մեդալը բերել է Հայաստան.«Մարդկանց համար ամենաատելի էակներից մեկը` ճանճը, պատմում է սիրո մասին, որպեսզի մենք կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք: Այդ ճանճը պատմում է սիրո մասին։ Ինչո՞ւ եմ հենց նրան ընտրել, որովհետեւ ամենաատելի էակներից մեկն է, եւ որպեսզի կարողանանք սիրել այն, ինչ ատում ենք, պետք է կարողանանք ատելիի աչքերով նայել աշխարհին։ Դա անելու համար վերցնում ենք այս ճանճը, շրջում եւ վերածում ակնոցի, իսկ դնելով աչքերին` տեսնում եք ճանճի ճիշտ կրկնված բիոլոգիական տեսողությամբ»։

Այս գաղափարը Նուռն ունեցել է դեռ 7 տարի առաջ. փոքր ճանճը պահել էր հենց այս մրցույթի համար.«Որոշել էի, որ այլեւս մրցույթների չեմ մասնակցի, քանի որ ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, բայց Ֆլորենցիայի բիենալեն մնացել էր անհաս փառքի ճամփա, որին դեռ չէի հասել։ Այս տարի որոշեցի ու մասնակցության հայտ ուղարկեցի, որը պարունակում էր փոքր ճանճի լուսանկարը, մեծը դեռ պատրաստ չէր, ավելին՝ այն վերջացրել եմ հենց մեկնելուս օրը եւ վերջնական տեսքով հավաքել եմ Ֆլորենցիայում։ 350 կգ քաշով քանդակն էլ պատմում է  այն մասին, որ էվոլյուցիայով պարուրես ապրելուց հետո մարդկությունը մեծանում է, ծանրանում ու ավելի մեծ տարածք զբաղեցնում` կորցնելով կապը բնության հետ»։

Նուռը եւ Գոհար Հարությունյանը


Նուռը խոստովանում է՝ մեկնելուց առաջ վստահ էր, որ կհաղթի, սակայն Իտալիայում ուժեղ մրցակցության պատճառով ինքնավստահությունն անցել է.«Պետք է ասեմ, որ ընկճվել էի այն պատճառով, որ ժյուրին տասն օրվա ընթացքում ոչ մի անգամ չմոտեցավ իմ աշխատանքը տեսնելու, վրացի մասնակիցն էլ վստահ էր, որ փոքր երկրներին մրցանակ չեն տա, այդ պատճառով ներկայանում էր ԱՄՆ-ի կողմից։ Մասնակից քանդակագործների համար էլ տարօրինակ էր. ամեն դետալն էքսպերիմենտ եմ արել։ Մենք չգիտեինք՝ այնտեղ հավաքելուց հետո ինչ կստացվի ու ինչպես կընդունվի։ Ես դեռ այս աշխատանքները պետք է ցուցադրեմ տարբեր երկրներում եւ փոխեմ մարդկանց վերաբերմունքն ատելության հանդեպ»:

Ներկաները տպավորված էին Նուռի երեւակայությամբ, առաջարկ հնչեց նոր տեսակի ակնոցներ թողարկել, Գոհար Հարությունյանն էլ նշեց, որ ճանճերի հանդեպ իր վերաբերմունքը միանգամից փոխվել է, եւ այսուհետեւ ճանճ տեսնելիս կհիշի Նուռի աշխատանքները:):

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւս փորձեց կրել ճանճ-ակնոցը.«Երբ տիկնոջդ հարցրի, թե քանի ժամ ես ստեղծագործում, պատասխանեց՝ 25 ժամ։ Քո մտքի, ձեռքի եւ հոգու տաղանդը ձուլելով՝ ստեղծում ես արվեստի գործեր։ Դու դարձել ես Երեւանի խորհրդանիշերից մեկը, ամեն օր ցուցասրահի մոտով մեքենայով անցնելիս հայացքս թեքում եմ դռներին, կցանկանամ, որ միշտ բաց լինի, որովհետեւ հայ տաղանդի չափաբաժինն ենք ցույց տալիս աշխարհին»։

Դավիթ Ալավերդյանը, Հրանուշ Հակոբյանը եւ Անուշ Նավասարդյանը


Ինչպես պատմել ենք, Նուռին մշտապես ոգեշնչում ու աջակցում են կինը՝ Լիլիթն ու դուստրերը.«Լիլիթը Ֆլորենցիայում որպես արտ-պրոդյուսեր իմ կողքին էր, մեր առաջին աշխատանքն էր ու միասին հաղթեցինք»։ BRAVO.am-ի հետ զրույցում Նուռը պատմել է, որ իրականում դուստրերն են ճանճերի հանդեպ հետաքրքրություն սերմանել.«Աղջիկներս խելագարի պես սիրում են ցանկացած միջատի՝ խավարասեր, ճիճու, ճանճ։ Երբ փոքր էին՝ մոտ 4 տարեկան, լողավազանում մյուս նորմալ երեխաների նման լողալու փոխարեն փրկում էին ջրի մեջ ընկած միջատներին։ Ողջ օրը խեղդված միջատներով զբաղվելն իսկապես հուզիչ էր, թե ինչպես են վերաբերվում ցանկացած շնչող էակի։ Ինձ մոտ ծնվեց այդ գաղափարը, որ պետք է ամբողջ աշխարհի մարդիկ այդպես վերաբերմունքը փոխեն»։

Մինչեւ դեկտեմբերի 25-ը Նուռի ցուցասրահում կարող եք անձամբ գնահատել մեծ ու փոքր ճանճերին, իսկ ապրիլին քանդակները կցուցադրվեն Գաֆեսճյան արվեստի կենտրոնում.«Հունիսից կճամփորդեն տարբեր երկրներում։ Իմ նպատակն է, որ մոտակա երկու տարում աշխարհի բոլոր երկրներում այն ներկայացվի»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին