×


Շուշաննա Թովմասյանը

Շուշաննա Թովմասյան. «Ամեն ինչ պարզ է, քանի որ իմ կողքին կա սիրելի տղամարդ»

«Երեւի» սերիալի նկարահանումները մեկնարկել են: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Շուշաննա Թովմասյանի հետ BRAVO.am-ը զրուցել է նոր դերի, խաղընկերների, Բեն Ավետիսյանի հետ որպես քույր-եղբայր ներկայանալու եւ այլ հարցերի շուրջ:

Գաղտնիք չէ, որ դերակատարներին հեռուստադիտողն ընկալում է որպես սիրային զույգ: Այս նախագծում որպես զույգ ներկայանում են Շուշաննա Թովմասյանն ու Սարգիս Ավետիսյանը: Մեր հարցին` չի վախենում, որ իրենց եւս կսկսեն որպես սիրեցյալներ ընկալել, դերասանուհին պատասխանել է.«Սարգսի տեսահոլովակից հետո էլ նման մեկնաբանություններ եղան, ծանոթ երեւույթ է: Բայց մտավախություն չունեմ, քանի որ իմ դեպքում ամեն ինչ պարզ է. իմ կողքին կա սիրելի տղամարդ: Շատ ավելի ինտրիգային է լինում, երբ երկուսն էլ ազատ են լինում, ու մարդիկ մտածում են` միասին են, կամ շուտով միասին կլինեն»:

«Երեւի» սերիալի կազմը


«Երեւի»-ում Շուշաննան կներկայանա Եվայի կերպարով, ասում է` նախկինում եւս նմանատիպ դեր ունեցել է.«Համեստ, դաստիարակված աղջիկ է, ապրում է մայրիկի, քույրերի եւ եղբոր հետ: Չորսն էլ յուրահատուկ երեխաներ են՝ ամեն մեկն իր տեսակի մեջ»:

Նշենք, որ սերիալում Շուշաննայի մոր կերպարում նկարահանվում է Գրետա Մեջլումյանը, քույրերն են` Մարիամ Արիստակեսյանը եւ Ստեֆանի Ավագյանը, իսկ եղբոր դերում Բեն Ավետիսյանն է:

Բեն Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը


«Գուցե սկզբնական շրջանում անսովոր լինի Բենի հետ քույր-եղբայր խաղալը, քանի որ նախկինում որպես սիրային զույգ ենք ներկայացել, բայց դա մի պահ կլինի, որից հետո ամեն մեկս պետք է փորձենք ճիշտ եւ լավ կերտել մեր նոր դերը: Ինչպես ժամանակին խաղացել ենք որպես սիրային զույգ, այնպես էլ այժմ մեր առաջ խնդիր է դրված քույր-եղբայր լինել եւ մեր խաղով համոզել հեռուստադիտողին: Ուրախ եմ, որ ուրիշ խնդիր ունենք ցույց տալու, ինչն էլ նշանակում է՝ աշխատելու շատ տեղ կա»,-եզրափակել է դերասանուհին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` «Երեւի» սերիալի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին