×


«Ջազ համերգներին ամեն անգամ հրաշալի ու անսպասելի մի բան է կատարվում». աֆրոամերիկացի կոնտրաբասահար

Ջազ կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանն արդեն 50 տարի ջազում է։ Հայաստանի լավագույնն ջազմեններից մեկն իր կնոջ եւ երաժիշտների հետ այսօր համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հատուկ այս երեկոյի համար Երեւան են ժամանել աֆրոամերիկացի երաժիշտ-ընկերները՝  «Գարի Քյոսայան ջազ քառյակ»-ի անդամներ սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վիրտուոզ կատարող Դոնզել Դեւիսը, իսկ Հայաստանից համերգին մասնակցում են ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, վոկալիստներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը՝ Մարինե Հակոբյանը:

Գարի Քյոսայանի ջազ քառյակը


Հոբելյանական համերգային երեկոյի ընթացքում հնչելու են Գարի Քյոսայանի նոր  ստեղծագործություններն ու ջազ ստանդարտներ.«Կնչի նոր երգ, որը հատուկ գրել էի Ջազի միջազգային օրվա կապակցությամբ եւ պիտի նվագեի ապրիլի 30-ին` Կասկադում, բայց տեխնիկական պատճառներով չհնչեց։ Այդ գործն անպայման կներկայացնենք այս համերգին։ Կլինի անակնկալ երաժշտական համար. ջազ համերգների ժամանակ այդպիսի բան դեռես չի եղել»:

Սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորի հետ ջազմենն աշխատում է 1995 թվականից, առաջին համերգն ունեցել են Բեւերլի Հիլզում։ Երաժիշտը 3-րդ անգամ է Հայաստանում, BRAVO.am-ի հարցին, թե ինչ է ակնկալում համերգից, նա պատասխանել է.«Վերջին անգամ երկու տարի առաջ եմ այստեղ նվագել, ամեն այցս ոգեւորիչ ու պատասխանատու է։ Շատ լավ տպավորություններ ունեմ, հանդիսատեսից ակնկալում եմ նախորդ անգամների պես դրական էներգիա, բարձր տրամադրություն ու ոգեւորություն»։

Դոնզել Դեւիսը, Մարինե Հակոբյանը եւ Կարլ Վինսենթը


Կարլ Վինսենտի համար ջազը հատուկ նշանակություն ունի.«Ես տարբեր ժանրերում եմ նվագում՝ գոսփել, ռոքնռոլ, փոփ, դասական, բայց ջազը յուրահատուկ պարգեւ է, որը լավ նվագելու համար մեզ փորձում ենք տարբեր ժանրերում։ Նվագելով ջազ, անելով իմպրովիզացիաներ` չգիտես, թե համերգն ինչպես կշարունակվի, քաոսային է թվում, բայց ջազը հենց դրանով է հետաքրքիր։ Ամեն անգամ հրաշալի ու անսպասելի մի բան է կատարվում»։

Գարի Քյոսայանն իր ստեղծագործական ձեռքբերումն է համարում 100-ից ավելի ջազ գործերը, որոնք երբեմն կատարում են ամերիկյան երաժիշտները.«Ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն «Մուսա լեռան 40 օրը», ֆիլմերի համար գրված մյուս գործերը։ Ջազը տալիս է իմպրովիզացիոն ազատություն, բայց ջազի օրենքների մեջ պիտի մնաս»:

Նելլի Մանուկյանը, Սոնա Ումրոյանը, Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանը


Նշենք, որ դեկտեմբերի 1-ին էլ Գյումրու դրամատիկական թատրոնում ջազմենը համերգ կունենա իր հայկական քառյակի հետ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին