×


Սեբուն եւ Լուսի Աբդալյանը

Սեբուն բացել է Հյուսիսային պողոտայի ամանորյա տոնավաճառը

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հյուսիսային պողոտայում գործում է ավանդական դարձած տոնավաճառը։ Այս անգամ բացման հանդիսավոր արարողությանը կարմիր ժապավենի կտրումը վստահվել էր «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ, երաժիշտ Սեբու Սիմոնյանին։ Նախորդ տարի հատուկ հյուրն Օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն էր։

30-ից ավելի տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր, հուշանվերներ, քաղցրավենիք, տարատեսակ ուտեստներ։ Տոնական ձեւավորված տաղավարներում վաճառվում են հուշանվերներից մինչեւ չորամրգեր, մեղր ու տաք գինի: Որպես ամանորյա նվեր՝ կարող եք գնել գրքեր, բացիկներ եւ «Այլ կերպ» ընկերության սեղանի ինտելեկտուալ խաղեր:

Honey.am-ի եւ «Այլ կերպ»-ի տաղավարը


Պաշտոնական բացմանը ներկաների համար ելույթ ունեցան «Մուշ» դհոլահարների համույթը, Մասիս քաղաքի «Տավրոս» ազգագրական երգի-պարի համույթը եւ ուրիշներ։ Այս տոնավաճառը գրավում է ոչ միայն երեւանցիներին, այլեւ զոսաշրջիկներին։ Մայրաքաղաքի հյուրերի համար ցուցահանդես-վաճառքը հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլեւ զբոսնելու ու հայկական արտադրանքին ծանոթանալու։ Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է Նոր տարվա խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:

Սեբուն առաջին անգամ է ընտանիքի հետ մասնակցում երեւանյան ամանորյա անցուդարձին։ Բացօթյա տոնավաճառից ստացած իր տպավորություններով նա կիսվել է BRAVO.am-ի հետ՝ ընդգծելով, որ ցուրտը չի խանգարում վայելել նախատոնական օրերը.«Անշուշտ, շատ գեղեցիկ մթնոլորտ է՝ մարդիկ, լույսեր, երաժշտություն, տարբեր ապրանքներ ու ճաշատեսակներ։ Կարեւորը՝ ժողովուրդ կա եւ կան երեխաներ իմ զավակի նման, որ ուրախ են այս ամենից»։

Հյուսիսային պողոտայի ամանորյա տոնավաճառի բացմանը


Հյուսիսային պողոտայում քայլելիս ու գնումներ անելիս անտարբեր մի անցեք բարեգործական տնակների կողքով: Մասնավորապես՝ «Մենք ենք» բարեգործական նախաձեռնությունը ներկայացնում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների ձեռագործ աշխատանքներն ու տարբեր կազմակերպությունների նվիրատվությունները: «Մենք ենք» հարթակի հիմնադիր Սոնա Ազարյանը հայտնել է, որ վաճառքի են դրել հաշմանդամություն ունեցող երեխաների ձեռագործ նվերները՝ օգնելու քաղցկեղ ունեցող երեխաներին.«Տարբեր երկրներում ապրող մեր ընկերները գումար են հանգանակել, որ այս տաղավարը մերը լինի, իհարկե, որոշակի զեղչով։ Այս ամենի նպատակն ավելի խորն է, քան տոնավաճառում գումար հավաքելը։ Մարդիկ տեսնում են, որ մանկատան երեխաներն իրենց ձեռագործ աշխատանքներով օգնում են ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին. սոցիալական իմաստն ավելի կարեւոր է»։

Հյուսիսային պողոտայի ամանորյա տոնավաճառի բացմանը


«Մենք ենք» հարթակում միավորվել է Հայաստանում եւ Ռուսաստանում գործող 13 բարեգործական ֆոնդ, այդ թվում՝ «Բարի մամա», «Հայ մայրեր» ՀԿ-ները.«Շնորհակալ ենք բոլոր այն անհատներին ու ընկերություններին, որ անշահախնդիր իրենց արտադրանքը տալիս են մեզ մոտ վաճառքի։ Օրինակ՝ նախորդ տարի Kara Silver-ի տրամադրած զարդերն ամբողջությամբ գնեց Մկրտիչ Արզումանյանը։ Իսկ նկարչուհի Քրիստինե Սողոմոնյանը բազմիցս իր արժեքավոր նկարները տրամադրում է մեր ֆոնդին։ Այժմ նրանից երկու աշխատանք ունենք, որոնք արժեն 100.000 դրամ, իսկ երեխաների նկարները սկսվում են 30 հազար դրամից։ Մեկ ամիս շարունակ բոլորը հնարավորություն ունեն մոտենալ մեր տաղավարին, նվիրատվություն անել ու ընտրել ցանկացած հուշանվերը»։
Ամանորյա տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 6-ը ներառյալ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին