×


Վահան Թովմասյանը՝ գնահատված չլինելու, «Կօօկօօռօօզ»-ի եւ Վաչեի հետ հարաբերությունների մասին

«Բանակում» սերիալից հայտնի Մակարյանը, իսկ իրական կյանքում՝ Վահան Թովմասյանը, շուտով կրկին եթերում կլինի: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է դադարի պատճառների, իր մասնակցությամբ նոր նախագծի եւ եղբոր՝ Վաչե Թովմասյանի հետ հարաբերությունների մասին:

-Հանրության շրջանում հայտնի դարձաք Մակարյանի կերպարով, բայց սերիալի ավարտից հետո Ձեզ գրեթե չտեսանք եթերում: Ինչո՞ւ:
-«Բանակում»-ից հետո եւս մեկ նախագծում նկարահանվեցի՝ «Վերվարածներ»-ում: Դրանից հետո դերասանական գործունեությունս դադարեցրի եւ սկսեցի զբաղվել այն աշխատանքով, որը մնում է կադրից դուրս: Եթերում չլինելս իրականում պայմանավորված էր գնահատված չլինելու հանգամանքով, եւ նույնիսկ կար ժամանակ, երբ չէի ուզում անգամ լսել որեւէ նախագծում նկարահանվելու մասին… Շատ ժամանակ է անցել, նույնիսկ հստակ պատճառները չեմ հիշում (ծիծաղում է,-հեղ.): Դրանից հետո բնակություն հաստատեցի Մոսկվայում, բայց արդեն մեկ տարի է՝ վերադարձել եմ եւ նորից զբաղվում եմ հեռուստատեսային աշխատանքով. «Ոսկե դպրոց» նախագծի տնօրենն եմ եղել, այժմ էլ՝ «Կօօկօօռօօզ» նոր հեռուստածրագրի:

Վահան եւ Վաչե Թովմասյանները


-«Ոսկե դպրոց»-ի շնորհիվ շատերին հայտնի դարձավ, որ Դուք եւ Վաչե Թովմասյանը հարազատ եղբայրներ եք: Հետաքրքիր է՝ ի՞նչ հարաբերություններ ունեք աշխատանքում եւ դրանից դուրս:
- Հայտնի խոսք կա՝ «բարեկամի հետ պետք չի աշխատել», բայց մեր դեպքում դա հարյուր տոկոսով հերքվում է (ծիծաղում է,- հեղ.): Ես ու եղբայրս թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում միասնական ենք: Իհարկե, աշխատանքում կարեւորում ենք գործնական հարաբերությունները, բայց մինչ օրս աշխատանքային ոչ մի խնդիր չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Մենք որքան նման, այնքան էլ տարբեր մարդիկ ենք, թեեւ ընդհանրություններ ունենք թե՛ արտաքնապես, թե՛ բնավորության գծերով:

- Երկար դադարից հետո «Կօօկօօռօօզ» նախագծում նկարահանվելիս անհարմարություններ ունենո՞ւմ եք:
-«Կօօկօօռօօզը» լրիվ նոր ձեւաչափ է, որ շուտով եթերում կլինի: Ծրագրի հիմքը սկետչերն են, բայց եւս մի հատված կլինի, որը կուզեմ՝ անակնկալ մնա հեռուստադիտողի համար: Մեր թիմը համոզված է, որ շատ վարկանշային հաղորդում է լինելու եւ բոլորին դուր է գալու: Այո, ընդգրկված եմ նաեւ որպես դերասան, սակայն ոչ այն չափով, ինչ մյուս դերասանները, քանի որ դա կխանգարեր կադրից դուրս իրականացվող աշխատանքիս: Դժվարություններ առանձնապես չեմ ունեցել, քանի որ միշտ եղել եմ ոլորտում՝ զբաղվելով ադմինիստրատիվ հարցերով:

Վահան եւ Վաչե Թովմասյանները


-Ձեզ, կարծես, ասոցացնում են Վաչեի հետ: Այդ երեւույթը ինչ-որ կերպ խանգարո՞ւմ է:
-Երբեք: Բացի հպարտությունը, ուրիշ էմոցիա չի առաջանում: Շատ ուրախ եմ, որ այսօր Վաչեն համարվում է մեր ամենալավ դերասաններից մեկը, ու կարծում եմ՝ ես էլ կընդգրկվեմ այդ ցուցակում(ծիծաղում է,-հեղ):

Զրուցեց Էլեն Աղաջանյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահան Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին