×


Վլադիմիր Բարխոյանը

Վլադիմիր Բարխոյան.«Սիրային կատակս ստացվել է»

«Սերն է քո արեւը, հայրենիք» երգով տարիներ առաջ Վլադիմիր ու Մարգարիտա Բարխոյանները ճանաչվեցին, ու թեեւ դրանից հետո մի շարք զուգերգեր են կատարել, բայց առաջինի հաջողությունը դեռեւս չեն կրկնել։

Երկարատեւ դադարից հետո քույր ու եղբայր նոր զուգերգ են ձայնագրում, այս անգամ երգը ծնողների մասին է, հեղինակը Մարգարիտան է.«Չեմ կարող միանշանակ ասել, որ այս մեղեդային նոր երգը վերադարձ է մեր սկզբին։ Որպես դուետ՝ մեր գործունեությունը չէինք ավարտել, ուղղակի երգում էինք առանձին։ Շուտով տեսահոլովակով կներկայացնենք մեր համատեղ աշխատանքը»,-BRAVO.am-ին պատմել է երգիչը:

Վլադիմիր Բարխոյանը


Վլադիմիրը նաեւ ռուսալեզու նոր երգ է պատրաստում, որը եւս գրել է քույրը.«Սիրո մասին պարային, հայկական ռիթմերով երգ է։ Նպատակ ունենք տարածել Ռուսաստանի հայերի շրջանում, այդ պատճառով ռուսերեն է։ Կարծում եմ՝ այնտեղից հրավերներ կունենամ։ Դեռեւս պարզ չէ՝ հոլովակով կներկայացնեմ, քանի որ մեծ ծախսերի հետ է կապված։ Լինելով երաժշտության բնագավառում, որքան էլ ներդրումներ արել ենք, չենք մտածել, որ խոշոր գումար ենք աշխատելու։ Հովանավորներ չենք ունեցել, մեր հնարավորության սահմանում որքան կարողացել, այդքան արել ենք»։

Երգիչն օրեր առաջ դարձել է «Мир» հեռուստաընկերության տեսանյութի հերոսը, ինչպես ինքն է պատմել, ռեպորտաժի ավարտին կատակել է, թե սպասում է իր միակին.«Պատահական զանգեցին ու առաջարկեցին նման ռեպորտաժ անել՝ իմանալով, որ դեռ ամուսնացած չեմ։ Սիրով համաձայնեցի ռուսերեն հարցազրույց տալ, քանի որ ավարտել եմ ռուսական թեքումով դպրոց։ Այդ հեռուստաալիքը դիտում են ԱՊՀ երկրներում, ինձ համար հաճելի կլիներ, որ ինձ ճանաչեին Հայաստանից դուրս։ Վերջում հումորով ասացի, որ կապ հաստատեն, սպասում եմ իմ ընտրյալին: Սիրային կատակս ստացվել է, իսկապես արձագանքներ եղան։ Փոքր հումոր էր, այնպես չէ, որ «տանն եմ մնացել», արձագանքի եմ սպասում:): Ամեն դեպքում հաճելի է, ինձ հեռու չեմ պահում, շփվող մարդ եմ եւ ուրախ եմ նոր ծանոթությունների համար»,- պատմել է երգիչը, իսկ մեր հարցին՝ արդյոք այժմ ընտրյալ ունի, պատասխանել է.«Ունեի սիրելի աղջիկ, բայց հիմա չունեմ»։

Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյաններն՝ իրենց մայրիկի հետ


Վլադիմիրի հիմնական աշխատանքն այլ ոլորտում է, որի մասին չի բարձրաձայնում. «Փորձում եմ իմ սեփական բիզնեսով զբաղվել, բայց գաղտնիք է։ Իսկ երգարվեստում սպասում եմ հետաքրքիր առաջարկների, ինչպես «Սիրո կամուրջ» երիտասարդական մյուզիքլն էր, որի գլխավոր դերակատարներից մեկն էի։ Հաճույքով կմասնակցեմ, որովհետեւ բեմն իմն է, սիրում եմ երգել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Վլադիմիր Բարխոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին