×


Ցողիկ Մարտիրոսյանը մերկանում է 18 + նոր ներկայացումում

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Նա այժմ նկարահանվում է «Պատվից առավել» սերիալում, նորություններ ունի նաեւ թատրոնում:

«Սերիալ իմ մուտքը շատ արագ եղավ. թատրոնում էի, պատահական զանգ ստացա, առաջարկեցին հանդես գալ գլխավոր հերոսուհիներից մեկի ընկերուհու դերով: Անկեղծ, անակնկալի եկա. այս շրջանում չէի պատրաստվում նորից սերիալ մուտք գործել, բայց համաձայնեցի եւ հաջորդ օրվանից գնացի նկարահանման»,-պատմել է Ցողիկը:

Դերասանուհու խոսքով՝ իր մարմնավորած կերպարը՝ Նանեն, ընկերասեր է. «Իրական կյանքում ես չեմ փորձում ընկերուհիներիս անձնական կյանքին խառնվել, դա իմը չէ, կարող եմ իմ կարծիքն ասել, բայց ոչ դրդել, անձնականի հետ կապված ուղղություն ցույց տալ, ես այդպիսին չեմ: Փորձում եմ հնարավորինս գունեղ ներկայացնել հերոսուհուս, որպեսզի այն տարբերվի մնացած կերպարներից: Ինքս էլ սիրում եմ գույներ, գունավոր լինելը կարեւոր է»:

Ցողիկը նախկինում նկարահանվել է Ելենա Արշակյանի «Կայարան» սերիալում. «Շուրջ 7 ամիս նկարահանվել եմ, բոլորն ինձ հիշում էին որպես կապույտ մազերով աղջիկ: Այդ շրջանում մազերիս գույնն արագ փոխեցի, որովհետեւ ինչ ասես ասում էին փողոցում. կերպարս բացասական էր, մարդիկ վատ էին վերաբերվում, չնայած՝ նախագծի ավարտին փոխվեց, սերն իրեն փոխեց»:


Արդեն մեկ տարի է՝ դերասանուհին աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում, հանդես է գալիս տարբեր ներկայացումներում: Ասում է՝ առանց թատրոն չի կարող ապրել, բայց հեռուստատեսությունն էլ իր տեղն ունի.«Առանց թատրոնի չեմ կարող: Յուրաքանչյուր դերասան, իմ կարծիքով, պետք է որոշակի շրջան բուռն գործունեություն ունենա թատրոնում, որովհետեւ առանց դրա անհնար է: Ինքս շատ նվիրված եմ եւ ինձ դուր է գալիս, երբ ծափահարում են ներկայացման վերջում, երեխաներին ժպիտ եմ պարգեւում: Գուցե տարօրինակ հնչի, բայց թատրոնն իմ թթվածինն է, առանց դրա չեմ կարող շնչել: Այն դերասանին նախ փորձ է տալիս, ճկունություն, կաշվիցդ փորձում ես դուրս գալ՝ նորովի եւ հետաքրքիր լինելու, աճ գրանցելու, մշակվելու համար: Իսկ հեռուստատեսությունը տեսախցիկի հետ աշխատելու հնարավորություն է տալիս, ինչը բացակայում է ինստիտուտում. այնտեղ տեսախցիկի հետ աշխատանք տեսանք, բայց տեսախցիկ չտեսանք: Ու սարսափելի է դա: Ինքս սերիալում եմ սովորել աշխատել տեսախցիկի հետ, փառք Աստծո, ուսանողական տարիներից նկարահանվում եմ: Նաեւ հայտնիություն է տալիս, որովհետեւ հիմա դերասաններին ճանաչում են սերիալներով, սիթքոմներով»:

Առաջիկայում Ցողիկը հանդես կգա նոր ներկայացման մեջ. «Շատ համարձակ կերպարով եմ հանդես գալու: Նարեկ Մանուչարյանը բեմադրել է Պետեր Տուրրինիի «Առնետաորս» պիեսը, խաղում ենք ես եւ Վահան Միրաքյանը: Շատ հետաքրքիր աշխատանք ենք արել, հիմնականում երիտասարդների համար է, 18 + ներկայացում է: Շատ շնորհակալ եմ, որ այս դերն ինձ են վստահել, հաճույքով եմ մտնելու բեմ, հաճույքով եմ խաղալու, ինձ թվում է՝ սա լինելու է իմ ամենասիրելի կերպարներից մեկը: Ասեմ ավելին, այդ ներկայացման ժամանակ չմերկանալն անհնար է, բեմում երբեք իմ առաջ սահմաններ չեմ դնում, որովհետեւ այս մասնագիտությունը սահմաններ չի սիրում: Մարդիկ միշտ էլ քննադատում են, այդ պատճառով էլ թեթեւ եմ նայում: Իմ ամենամեծ քննադատը հայրս է, ով դեմ չէ եւ ասում է՝ դու ես ընտրել այդ մասնագիտությունը, արա այն, ինչ քեզ ասում են: Պետք է ուղղակի համարձակ լինել, այսքանը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ցողիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW