×


Լաֆայետի տոնածառը

Փարիզը զուգված-զարդարված սպասում է

Գլինտվե՞յն, տաք շոկոլա՞դ, թե՞ շագանակներ, որոնք, ճիշտ է, հիմնականում այրված են վաճառվում փողոցներում, բայց ամանորյա Փարիզն այնքան գեղեցիկ է եւ հեքիաթային, որ անգամ այրված համն է թվում ճիշտ այն, ինչ պետք է:

Փարիզի խանութ-սրահների ցուցափեղկերի տոնական զարդարանքը


Ընդամենը մի քանի օրից Ամանոր է, եւ Փարիզը կազմ-պատրաստ, զուգված-զարդարված սպասում է: Ինչպես միշտ, տոնական տրամադրության կիզակետը Galeries Lafayette-ն է: Վեցհարկանի այս բրենդային խանութում ամեն տարի տեղադրվում է հսկայական տոնածառ, բայց չկարծեք, թե ամեն տարի այն նույնն է: Արվեստագետների եւ դիզայներների մի մեծ խումբ աշխատում է նոր թեմատիկայի մշակման շուրջ: Այս անգամ այն զարդարված է հազարավոր գունավոր կոնֆետներով եւ փուչիկներով, որոնք սավառնում են Լաֆայետի շքեղ գմբեթի տակ:

Փարիզի խանութ-սրահների ցուցափեղկերի տոնական զարդարանքը


Տոնածառի բնական շարունակությունը դրսի ցուցափեղկերն են, որոնք նույնպես փոփոխվում են յուրաքանչյուր տարի: Այս տարվա հերոսները աղավնիներ Պյերն ու Կոկոն են։ Փարիզյան յուրաքանչյուր տեսարանի անբաժան մաս կազմող այս թռչուններն, անկեղծ ասած, այնքան էլ սիրված չեն բնակիչների կողմից, բայց դա բնավ չի վերաբերում Պյերին եւ Կոկոյին, որոնք սպիտակ ու փափուկ են, եւ հրավիրում են փոքրիկներին ճանապարհ ընկնել իրենց հետ՝ բացահայտելու կախարդական քաղաքը:

Փարիզի խանութ-սրահների ցուցափեղկերի տոնական զարդարանքը


Զուգահեռ, բրենդային խանութները ցուցադրում են 2018 թվականի թրենդային հագուստներն ու կոշիկները` այս անգամ գրավելով փոքրիկների մայրիկների եւ, ինչու ոչ, հայրիկների ուշադրությունը:

Տոներն են մոտենում, այնպես որ, զինվեք բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով եւ, իհարկե, գեղեցիկ նվերներով:

Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին