×


Ռաֆայել Պապայան

Ռաֆայել Պապայան

Նա ՊԱԿ-ի մեկուսարանում վառված լուցկու մրով Մեծարենց է թարգմանել “Օկուջավայի պարզությունն ու խորությունը փոխանցելու համար առնվազն իսկական պոետ է պետք լինել` բառի ամենախոր իմաստով: Ես համոզված եմ, որ Ռաֆայել Պապայան երեւույթը, որպես այդպիսին, նույն աղբյուրից եւ տեղից է վերցրել, պարզապես հայերեն լեզվով: Իր արածը զուտ թարգմանություն չէ: Գործերը ամբողջությամբ հայեցի են. ոչ մի  տառ չկա, որի մեջ այլ կուլտուրայի ազդեցություն կնկատեք”,- ասաց Վախթանգ Հարությունյանը: Rafael Papayan «Բարդ» ակումբում նոյեմբերի 19-ին հեղինակ-կատարողները գրականագետ, բանաստեղծ, երաժիշտ, իրավագետ, թարգմանիչ Ռաֆայել Պապայանի հիշատակին նվիրված երեկո անցկացրին: Հնչում էին Բուլատ Օկուջավայի երգերը հայերեն թարգմանությամբ, որոնք կատարել է Ռաֆայել Պապայանը, ինչպես նաեւ հենց նրա հեղինակած ստեղծագործությունները: “Հիշում եմ` անցյալ տարի մեր կազմակերպած խորը երախտագիտության երեկոն, որին Ռաֆայել Պապայանը ներկա էր: Այն ամենը, ինչ նա տվել է, մոռացված չէ, համենայն դեպս, երգող պոետի համար մոռացված չէ, ով գիտի` ինչ է նշանակում գրել: Եթե չապրես, ոչինչ չես ստանա, եթե չզրկվես, չես կարող գրել: Այդ չարչարանքի ճանապարհն ես անվանում եմ ինքնադրսեւորում: Ցավոք սրտի, չհասցրինք իր կենդանության օրոք եւս մեկ նման երեկո իրականացնել: Մեզ համար առաջնայինը անկեղծությունն է. ոչ մի շինծու բան չենք անում: Կարեւոր է նաեւ բոլոր անկեղծներին չմոռանալ, որովհետեւ նրանք ողջ են, եթե կյանք ենք տալիս իրենց թողածին, ապրում իրենց ժառանգությունով”,- նշեց հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը: Anahit Papayan & Lilit Sargsyan Ռաֆայել Պապայանը ծնվել է 1942 թվականին: Մասնագիտությամբ բանասեր է. 1972-ին Տարտուի (Դորպատ) համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական, իրավագիտական աշխատություններ, կատարել է բազմաթիվ թարգմանություններ: 1982-87 թվականներին եղել է քաղբանտարկյալ` դատապարտվելով “Հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա” հոդվածով: Ազատվել է վաղաժամկետ` գորբաչովյան բարեփոխումների շրջանում: Նախաքննության ընթացքում թուղթ ու գրիչն արգելված էր, բայց անգամ այդ հանգամանքը Ռաֆայել Պապայանին չի խանգարել թարգմանություններ կատարել: Նրա դուստրը` Անահիտ Պապայանը Bravo.am-ին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել. “Հայրս վառված լուցկու մրով զուգարանի թղթի վրա Միսաք Մեծարենցի ստեղծագործություններն է թարգմանել ռուսերեն: Քրքրված հատորը գտել է բանտում եղած պարկով գրքերի մեջ: Այնուհետեւ այդ ամենը մանր տառերով արտագրել է դատից առաջ իրեն տրված թղթերի վրա, որոնք պետք է օգտագործեր դատավարությանը նախապատրաստվելու համար: Փաստաբանը այդ թարգմանությունները դուրս է հանել գաղութից: 1997-ին ժողովածուն հրատարակվեց”: Երեկոյին հնչում էին Բուլատ Օկուջավայի երգերը հայերեն թարգմանությամբ, որոնք կատարել է Ռաֆայել Պապայանը Անահիտ Պապայանը երգչուհի է, Գեղարդավանքում հայ հոգեւոր երաժշտություն է հնչեցնում: Հորը նվիրված երեկոյին նա հեղինակ-կատարող Լիլիթ Սարգսյանի հետ “Շարմանկա”-ն կատարեց, “Վերելք” երգը, որ հենց Ռաֆայել Պապայանն է հեղինակել: “Բառերը նա գրել է դեռեւս գաղությում: Կուզեի նշել, որ հայրիկը, բանասիրականում սովորելուն զուգահեռ, ընդունվել է նաեւ երաժշտական ուսումնարանի կոմպոզիցիայի ֆակուլտետը: Մոտ քառասուն դիմորդներից ինքն ու այժմ հայտնի կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանն էին ընդունվել: Երկուսն էլ ինքնուս էին: Բայց պապան, ցավոք, չշարունակեց. մի տարի ընդամենը սովորեց, չնայած` հետագայում շարունակեց ստեղծագործել: Օկուջավայի բանաստեղծություններից առաջինը թարգմանել է “Անսանձ եւ կամակոր” գործը: Մոտ հիսուն բանաստեղծություններից կազմված ժողովածուն վերահրատարակվել է 2009 թվականին. շնորհանդեսը կատարվեց նրա կենդանության օրոք”,- ասաց Ռաֆայել Պապայանի դուստրն ու հավելեց. “Օկուջավան սիրված է, հայերեն թարգմանությունները տարածված չեն, կարծում եմ` այս երեկոն կնպաստի, որ ավելի ճանաչված լինեն: Ես, բնականաբար, մանկուց եմ ծանոթ դրանց: Մեր տանը տարբեր հավաքների ընթացքում, անշուշտ, հնչել են դրանք եւ ինձ շատ հոգեհարազատ են”: Davit Amalyan Հեղինակ-կատարողներից Արմինե Հայրապետյանի համար Ռաֆայել Պապայանի շատ հեղինակային երգեր ավելի սիրելի էին, քան Օկուջավայի որոշ երգեր: “Յուրաքանչյուր երգից առաջ մեկնաբանում էի, թե ինչ  ընդհանուր տիեզերական թեմաներ կան, որոնք չեն կարող վրիպել հեղինակ կատարողի մտքից: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր գաղափարական եւ հոգեւոր սկիզբ: Այդ սկիզբը հայ հասարակության համար, հայերեն լեզվի յուրահատուկ հնչողության համար կենդանի է դարձրել Ռաֆայել Պապայանը,  եւ, հավատացեք, հայերենն այնքան զարմանահրաշ  է, որ երաժշտական նրբերանգները նույնիսկ  զուտ տեքստի ընթերցման մեջ են ընկալում: Դրա համար ինձ համար իբրեւ հայերեն ստեղծագործող մարդու երեկոն յուրահատուկ էր, որովհետեւ, երբ ես եմ ստեղծագործում, աշխատում եմ ոչ թե ձեւական ու արհեստական կերպով գեղեցիկ հայերեն գրել, այլ ներկայացնել այն լույսը, որ մեր լեզվին է հատուկ: Միտքը ընդհանուր է, տիեզերական, բայց տարբեր լեզուներով արտահայտելիս այլ երանգ ու հնչողություն է ստանում: Նոր բացահայտումներ արեցի, թե որքան յուրահատուկ կերպով են լսվում նույն Օկուջավայի երգերը հայերեն կատարմամբ”,- ասաց Արմինե Հայրապետյանը: “Ոչ մի բառ չեմ ուզում խոսել, մանավանդ էս օրով, երգս կերգեմ”,- ասաց ու երգեց Դավիթ Ամալյանը: Երգեցին նաեւ Էդվարդ Զորիկյանն ու այլ հեղինակ-կատարողներ: Ռաֆայել Պապայանը 1995-97 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության եւ մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ: 1997 թվականից ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր: Վախճանվել է այս տարվա հոկտեմբերին 68 տարեկան հասակում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին