×


«Արմատներ»` հայրենիքի հետ կապող սիրո պատմությունը մեծ էկրանին է

Հայոց ցեղասպանության տարելիցին է նվիրված ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել երեկ` «Մոսկվա» կինոթատրոնում: Փաստավավերագրական եւ խաղարկային ժանրերի հատման կետում գտնվող ֆիլմի սցենարի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, բեմադրող օպերատորը՝ Ռոբերտ Ղազարյանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը:

Ռեժիսոր Վահե Յանը (ձախից)


Սյուժեի հիմքում բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամի պատմությունն է, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան եւ իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով իր բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում  հայրենի հողի հետ եւ դառնում է արյան կանչի խորհրդանիշ: Նրանք Ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերունդն են, որ, ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, չեն մոռացել իրենց անցյալի եւ արմատների մասին:

Գլխավոր դերակատարներին մարմնավորում են Անդրանիկ Բաբայանը եւ Մերի Մկրտչյանը, որոնց համար ֆիլմը դեբյուտային է: Ինչպես նշել է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, հատուկ են ընտրել ոչ հայտնի դերասանների, որպեսզի նրանք այլ որեւէ կերպարի հետ չասոցացվեն:

«Արմատներ» ֆիլմի պրեմիերային


Դերասանական կազմում ընդգրկված են նաեւ Ռոզի Ավետիսովան, Գրիգոր Բաղդասարյանը, Իշխան Ղարիբյանը, Վարդան Հովսեփյանը, Տաթեւ Հովակիմյանը, Թեհմինե Խաչատրյանը, Արփինե Իսրայելյանը, Արման Նավասարդյանը եւ այլք:

Գեղեցիկ սիրո պատմությանը զուգահեռ՝ «Արմատներ» ֆիլմն անդրադառնում է 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը: Գլխավոր դերակատարները Հայաստանում մասնակցում են դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին, Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, SOAD-ի համերգին, այցելում «Հաղթանակ» զբոսայգի, Կոմիտաս Վարդապետի նորաբաց թանգարան եւ այլ վայրեր:

Աշոտ Ղազարյանը` կնոջ հետ` «Արմատներ» ֆիլմի պրեմիերային


Ռեժիսոր Վահե Յանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆիլմի ցուցադրման ողջ ընթացքում ուշադիր հետեւել է ներկաների արձագանքին.«Չեմ ուզի անհամեստ հնչի, բայց կարծում եմ՝  ֆիլմն արժանացավ հանդիսատեսի հավանությանը»:

Նրա փոխանցմամբ`  նկարահանումները սկսել են նախորդ տարի` ապրիլի 24-ի միջոցառումների ժամանակահատվածում.«Մենք նպատակ ունեինք ստանալ մի ֆիլմ, որն իր մեջ ներառում է մի քանի ժանր` վավերագրական, գեղարվեստական եւ «Scripted Reality»: Այս ոճի ֆիլմն իր տեսակով առաջինն է Հայաստանում»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport