×


«Հոբելյանական հաճախորդ»

«Հոբելյանական հաճախորդ»

Կնոջ եւ տղամարդու դասական կոնֆլիկտը` ֆիլմի տեսքով : ) «Հոբելյանական հաճախորդ» մելոդրաման շուտով հանդիսատեսին կներկայացվի էկրանավորված տարբերակով: Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում տեղ գտած ներկայացման սցենարի հեղինակին այն որպես ֆիլմ ավելի հետաքրքիր թվաց. տարիների ընդմիջումից հետո Արա Երնջակյանը կրկին ֆիլմ է նկարահանել: Luiza Nersisyan & Davit Katsarava Նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են: Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանի հետ զրույցի ժամանակ: Ինչպես նշեց ռեժիսորը, նկարահանումները կատարվել են 13 օրվա ընթացքում, իսկ ֆիլմն արդեն մոնտաժային փուլում է: Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մարտի վերջին: Օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, ֆիլմի համար մեծ աշխատանք է կատարել Արշալույս Հարությունյանը: Ara Yernjakyan Ներկայացման մեջ հանդես եկող Արշալույս Հարությունյանի եւ Քեթրին Մանասյանի փոխարեն ֆիլմում գլխավոր դերերում են Լուիզա Ներսիսյանն ու Դավիթ Կատսարավան, ով ազգությամբ վրացի է: Կատսարավան դերասանական կրթություն չունի, զբաղվում է սպորտով, բայց, ռեժիսորի հավաստմամբ, բավական հաջող դերասանական խաղով է ներկայացել: Ֆիլմն իրենից ներկայացնում է կնոջ եւ տղամարդու դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի: Կրքոտ սիրախաղի տպավորությունների տակ արթնացած կինը, անտեղյակ լինելով հերոսի մտայնությունից, շարունակում է իր սիրալիր ու հոգատար վերաբերմունքը դեպի անծանոթ, բայց միեւնույն ժամանակ արդեն սիրելի էակի հանդեպ:  Հետաքրքրությունը պահելու համար Արա Երնջակյանը մանրամասները չպատմեց, փոխարենը ասաց, որ այն պատահական հանդիպած ու սիրո գիշեր ապրած կնոջ ու տղամարդու պատմություն է, որոնք առավոտյան արթնանում են եւ ծանոթանում միմյանց. «Հիմնականում ներկայացվում է այդ երկու անծանոթների համար նոր բացված մեկ օրը»: Ռեժիսորը հույս հայտնեց, որ մեր օրերում հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆիլմերի կողքին «Հոբելյանական հաճախորդը» կսիրվի հանդիսատեսի կողմից`  նշելով, որ այսօր մեր իրականության մեջ սիրո պակաս կա: «Հոբելյանական հաճախորդ» Դեպքերը զարգանում են մեկ սենյակում, ինչը, ռեժիսորի խոսքերով, օպերատոր Սուրեն Թադեւոսյանի լավ աշխատանքի շնորհիվ հեռուստադիտողին չի հոգնեցնի: Ֆիլմի գլխավոր դերում հանդես եկող Լուիզա Ներսիսյանն էլ հավելեց, որ նկարահանման առաջին օրից ենթարկվել է օպերատորին. «Տեսա, որ գոյություն ունի ճաշակ, ճիշտ կադր, որոնց համադրությունից մենք ցանկալի արդյունք կստանանք»: Դերասանուհին խոսեց նաեւ իր զուգընկերոջ` Դավիթ Կատսարավայի մասին. «Չունենալով դերասանական կրթություն` նա գիտակցում էր, որ պետք է ոչ թե խաղալ, այլ պարզապես ապրել»: Ինչպես նշեցինք, «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը պատրաստ կլինի մարտ ամսին, բայց  պրեմիերայի օրն ու ժամանակը դեռ հստակ չէ: Davit Katsarava Կամերային թատրոնը հյուրախաղերի է պատրաստվում Մայիս ամսին Երեւանի կամերային թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ ԱՄՆ-ում: «Չգիտես ինչու, մեզ միշտ ամերիկացիներն են հրավիրում:)»,-ասում է Արա Երնջակյանն ու հավելում, որ ներկայացումներ են ունենալու Լոս- Անջելեսում, Սան-Ֆրանցիսկոյում, Նյու-Յորքում եւ այլուր`  ներկայացնելով թատրոնի խաղացանկում իրենց ուրույն տեղը զբաղեցրած մի քանի ներկայացում: Թատրոնը կնշի իր 30-ամյակը : ) Թերթելով Երեւանի կամերային թատրոնի պատմությունը` կտեսնենք, որ այն ՈՒՀԱ ակումբից է ծնունդ առել: Պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելու ժամանակ թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արա Երնջակյանը ստեղծել է ՈՒՀԱ թիմ եւ դարձել դրա անփոփոխ ավագը: 1970-71-ին թիմը դարձել է Երեւանի առաջին չեմպիոն, ապա,  ընտրական հանդիպումներում հաղթելով Վոլգոգրադի եւ Սիմֆերոպոլի թիմերին, հրավիրվել  Մոսկվա` մասնակցելու համամիութենական մրցույթին(1971-72թթ): Հաջող ելույթն ու հաղթանակը Մոսկվայի եւ Կրիվոյ Ռոգի թիմերի նկատմամբ Երեւանի թիմին հնարավորություն տվեց դուրս գալ մրցույթի  եզրափակիչ փուլ: Երեւան-Օդեսա հանդիպումը վերջինը եղավ ՈՒՀԱ խաղում. այդ նշանավոր «մենամարտից» հետո ՈՒՀԱ-ն ԽՍՀՄ-ում արգելվեց եւ հաջողվեց վերականգնել միայն 15 տարի անց: Դրանից հետո Արա Երնջակյանը ՈՒՀԱ-ն ձեւափոխեց եւ անվանեց «Տղամարդկանց ակումբ», որն էլ հետագայում ծավալեց իր գործունեությունն ու դարձավ Երեւանի  կամերային թատրոնի հիմքը: Այս տարի թատրոնը նշելու է  իր գործունեության 30-ամյակը: Մեզ հետ զրույցում Արա Երնջակյանն ասաց, որ ծրագրում են հատուկ միջոցառում կազմակերպել: Bravo.am-ը կանդրադառնա նախատեսվող միջոցառմանն ու մեր զրույցի համար հիմք հանդիսացած ֆիլմի պրեմիերային: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Կամերային թատրոնը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport