×


Ալեքսեյ Չումակովի երեւանյան համերգին

Ալեքսեյ Չումակովի մենահամերգը, տպավորությունները Երեւանից եւ մտահոգության առիթը

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի արտիստներից մեկը` Ալեքսեյ Չումակովը, ով, ի դեպ, նաեւ հայկական արմատներ ունի, երեկ առաջին անգամ Երեւանում հանդես եկավ մենահամերգով: Երաժիշտների կենդանի նվագակցությամբ հնչեցին նրա հին ու նոր երգերը, հանդիսատեսն էլ հավասարապես երգեց, պարեց, ուրախացավ ու տխրեց Չումակովի հետ: Համերգի հետաքրքիր ընթացքին հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել է, ինչպես նաեւ կուլիսներում հանդիպել երգչին ու զրուցել նրա հետ:

Քանի որ նույն օրը Երեւանում տոնում էին մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Չումակովն իր ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ երեկոն իր հետ անցկացնելու համար.«Շնորհավորում եմ այս հիասքանչ տոնի առթիվ: Ես այսօր առաջին անգամ շրջել եմ Երեւանի փողոցներում: Ճիշտ է՝ ինձ ոչ ոք չճանաչեց, քանի որ ես գլխարկով էի ու ակնոցով: Գիտեք, երբ պատրաստվում էինք այս համերգին, նույնիսկ չէինք էլ մտածում, որ օրը կհամընկնի նման մեծ տոնի հետ: Այնպես որ, շնորհակալություն լեփ-լեցուն դահլիճի համար: Երեւի գիտեք, որ ես 50 տոկոսով հայ եմ, քանի որ մայրս հայ է, հետեւաբար՝ ինձ համար առանձնահատուկ հաճույք է այսօր այստեղ ելույթ ունենալը»:

Ալեքսեյ Չումակովի երեւանյան համերգին


Երեկոյի սկզբում նա խնդրեց բոլոր ներկաներին բարեւել իրենց կողքին նստած մարդկանց, այնուհետեւ շրջվել եւ ողջունել նաեւ հետեւում եւ առջեւում նստածներին, որպեսզի համերգն ընթանա առավել ջերմ եւ ընկերական մթնոլորտում.«Պարզապես ժպտացեք միմյանց: Գիտեմ՝ անսովոր է, բայց մենք երկու ժամ միասին ենք լինելու այստեղ, եւ ես ցանկանում եմ, որ մտերմիկ ու հաճելի միջավայրում անցնի այսօրվա երեկոն: Եթե դուք այստեղից հեռանաք լավ տպավորություններով ու երջանիկ հիշողություններով, ուրեմն մենք մեր գործը լավ ենք կատարել»,- նկատեց Չումակովը: Հանդիսատեսը, իհարկե, նրա խնդրանքը չմերժեց:

Հատկանշական է, որ ներկաներն անգիր գիտեին նրա բոլոր երգերը, անգամ նոր ալբոմի ստեղծագործությունները: Ողջ համերգի ընթացքում նրանք ձայնակցեցին սիրելի երգչին, իսկ երբ նա խնդրեց բոլորին կանգնել եւ պարել իր հետ, մարդիկ կորցրին իրենց տեղերը եւ մինչեւ երեկոյի ավարտը պարեցին Չումակովի հետ: Յուրաքանչյուր երգի ավարտին էլ կանայք ու աղջիկները բարձրանում էին բեմ, գրկում նրան ու ծաղիկներ նվիրում: Այս առիթով երգիչը կեսկատակ նշեց.«Ես մինչեւ հիմա դեռ չեմ սովորել, որ աղջիկներն ինձ ծաղիկներ են նվիրում համերգների ժամանակ, բայց գիտեք, դա այնքան հաճելի է»: Ի դեպ, վերջին ծաղկեփունջն էլ նրան երգչուհի Սոնան նվիրեց:

Ալեքսեյ Չումակովի երեւանյան համերգին


Հանդիսատեսի մեծ մասն արդեն դուրս էր եկել դահլիճից, երբ Չումակովն իր նվագախմբի հետ վերադարձավ բեմ ու մի երգ էլ կատարեց: Բոլորը կրկին արագ տեղավորվեցին ու մեծ ոգեւորությամբ վայելեցին վերջին բիսը: Իսկ համերգի ավարտին նրանցից շատերը տուն չէին գնում՝ կանգնելով ետնաբեմի դռան մոտ եւ սպասելով երգչի հետ սելֆիներին: Սակայն նա այդպես էլ դուրս չեկավ երկրպագուների հետ նկարվելու, փոխարենը մեզ հաջողվեց հանդիպել նրան ու մի քանի հարց ուղղել կայացած համերգի ու երեւանյան տպավորությունների մասին:

Ալեքսեյ Չումակովը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը, երաժիշտները եւ իրենց գործընկերները երջանիկ են ջերմ ընդունելության, ուրախ ու հարազատ մթնոլորտի համար. «Հուսով եմ` մենք երջանկացրինք նաեւ հանդիսատեսին»:

Ալեքսեյ Չումակովի երեւանյան համերգին


Իսկ երբ հետաքրքրվեցինք՝ հավանել է արդյոք տոնական Երեւանը, ասաց, որ քաղաքն իրեն շատ է դուր եկել. այն նման է Բարսելոնային, բայց կա երկու հանգամանք, որ իրեն ընդհանրապես դուր չի եկել.«Այստեղ բացարձակ չեն տիրապետում ճանապարհային երթեւեկության կանոններին, չեն հարգում հետիոտներին, որոնք այդ պահին փողոցն են անցնում: Մարդիկ սարսափելի են վարում: Մոսկվայում, օրինակ, նման բան երբեք չեք տեսնի: Բացի այդ, այստեղ նաեւ սարսափելի շատ են ծխում: Ես անտարբեր մարդ չեմ ու քանի որ կիսով չափ նաեւ հայ եմ, այդ պատճառով շատ կցանկանայի՝ դադարեն այդքան շատ ծխել: Ինչպե՞ս կարելի է հանդիպել մեկին եւ անմիջապես նրան ծխախեղդ անել, հյուրանոցում, ռեստորանում, կանանց ու երեխաների միջավայրում, սրճարանում եւ ամենուր անընդհատ ծխել: Ես չծխող մարդ եմ եւ կարծում եմ` մենք պետք է բարձրացնենք միմյանց, այլ ոչ թե սպանենք ծխախոտի օգնությամբ: Կարծում եմ նաեւ, որ ղեկավարությունն այս առիթով շատ մտածելու եւ անելու բան ունի, քանի որ մոխրամանն ամենուրեք է զզվելի...»,- եզրափակեց Չումակովը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport