×


Աննա Գեւորգյանի ընտանիքը

Աննա Գեւորգյան. «Ամուսնուս նվերներից գոհ չեմ մնում, այդ պատճառով էլ… :)»

Աննա Գեւորգյանի 32-րդ տարեդարձը կիսաաշխատանքային է անցել: Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է տոնական օրվա մանրամասները, ամուսնու եւ մտերիմների անակնկալների մասին:

«Վլադիմիրն ինչպես միշտ հարցրեց` ինչպես կցանկանամ նշել օրս, ասացի, որ ոչինչ չեմ ուզում անել: Վերջին շրջանում նկարահանումներիս քանակը մեծ էր, աշխատանքային եւ տան առօրյա հոգսերի ծավալը մի քիչ շատ էր եւ հիմա պարզապես հանգիստ օր ունենալն ավելի նախընտրելի էր: Մտածեցի` կմնամ տանը, ով կզանգի` կհրավիրեմ: Բայց, հանգստանալ, իհարկե, չստացվեց»,-պատմել է հաղորդավարուհին:

Աննա Գեւորգյանը


Նրա խոսքով՝ շնորհավորանքներ սկսել է ստանալ դեռ մարտի 7-ից.«Քանի որ ծնունդս հաջորդում է մարտի 8-ին, տոները միշտ խառնվում են իրար, եւ երկուսի ընթացքն էլ երկարում է: Կեսգիշերին ինձ շնորհավորելու էին եկել իմ ամենահարազատ բարեկամները` տորթով, շամպայնով, փուչիկներով եւ նվերներով: Ավելի ուշ դուռը նորից թակեցին. Վլադիմիրը սուշիի շատ մեծ տեսականի էր պատվիրել ինձ համար` իմանալով իմ այդ մեծ թուլության մասին»:

Սուշին Աննայի միակ նվերը չի եղել սիրելիի կողմից.«Որքան էլ ոչ ռոմանտիկ է հնչում, ամուսինս ինձ միշտ գումար է նվիրում, որովհետեւ մեր 5-ամյա ընտանեկան կյանքը ցույց է տվել, որ նրա նվերներից ես գոհ չեմ մնում: Սա կատակով եւ ծիծաղով եմ նշում, բայց ինձ նվերով գոհացնելն իսկապես շատ դժվար է: Որպեսզի ամեն անգամ նույն պատմությունը չկրկնվի եւ չպետքական նվերներ չտան, իմ ամենամտերիմները միշտ նվերի գումարով են ինձ բավարարում»,-անկեղծացել է նա:

Աննա Գեւորգյանի ընտանիքը


Կիսաաշխատանքային օր ունենալը չի խանգարել Աննային հյուրընկալել մտերիմներին եւ հարազատներին.«Անչափ հաճելի օրեր եմ անցկացրել: Վերջին տարիներին ավելի ու ավելի եմ սկսել գնահատել մտերիմներիս եւ անչափ երջանկանում եմ նրանց ուշադրությունից եւ սիրո դրսեւորումներից: Հպարտ եմ, որ ունեմ նրանց, սիրված եւ գնահատված եմ նրանց կողմից: Իսկ երազանքներ չունեմ, շատ նպատակներ կան: Ինձ անսահման երջանիկ մարդ եմ համարում: Նույնիսկ երբ առիթ է լինում երազանք մտապահելու, անձայն մտքումս ասում եմ` «Շնորհակալ եմ, Տեր ջան, ամեն ինչի համար, որ ունեմ, ավելին պետք չէ, ավելին ես ինքս կստեղծեմ»»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աննայի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին