×


Արամ Պաչյան. “Գրականությունը նեղացկոտ աղջկա է նման”

Արձակագիր Արամ Պաչյանը մեկ տարի առաջ “Ռոբինզոն եւ 13 պատմվածք” ժողովածուն հրատարակելուց հետո այժմ ներկայացնում է իր առաջին վեպը: “Ցտեսություն, Ծիտ” վեպի շնորհանդեսի վայրը Սիրահարների այգին էր, որտեղ էլ հեղինակը մակագրել է իր առաջին վեպի առաջին օրինակները: Բացօթյա շնորհանդեսին ներկա են եղել Արամի ընկերները, հրապարակախոսներ, գրողներ, իր գրչին ծանոթ ընթերցասերներ:

“Գրեթե օր չկա, որ չգրեմ ու չխոսեմ գրականության մասին”. Արամ Պաչյան


Գիրքը հրատարակվել է “Անտարես” հրատարակչության կողմից, շապիկի նկարն ու գրքի նկարազարդումն արել է Տիգրան  Կիրակոսյանը, վեպի խմբագիրը Արքմենիկ Նիկողոսյանն է:

Բանակային կյանքն ու ներհոգեբանական վիճակները

“Ցտեսություն, Ծիտ” վեպը բանակից զորացրված հերոսի պատմություն է, որի մականունը Ծիտ է: Վեպը կառուցված է դրվագային սյուժեով. “Գործողությունները տեղի են ունենում 28-ամյա երիտասարդի ներաշխարհում, որը զորացրվել է բանակից տարիներ առաջ: Նա անընդհատ փորձ է անում վերադառնալ բանակային իրականություն, հասկանալու` վերջապես ինչ եղավ, ինչու այդպիսի իրավիճակում հայտնվեցին տղաները, հետո նաեւ ինքը: Հերոսը զորացրվել է, բայց իր մտքերը, տեսիլքները կապված են բանակային մղձավանջի հետ”:

Արամ Պաչյանը ներկայացրել է իր առաջին՝ “Ցտեսություն, Ծիտ” վեպը


Իսկ թե որքանով է վեպն ինքնակենսագրական տարրեր պարունակում, հեղինակը նշել է, որ հորինվածքի չափաբաժինը մեծ է. “Ինքնակենսագրականի շրջանակից դուրս եմ եկել. գեղարվեստական գործ գրելիս հորինվածքի առկայությունն ինձ համար կարեւոր է, որի միջոցով նկարագրել եմ ներհոգեբանական վիճակները”:

“Ցտեսություն, Ծիտ” վեպի վերնագիրը նա ընտրել է մի քանի տարբերակ քննարկելուց հետո. “Շատ տարբերակներ եմ փոխել, ինքս չէի հավանում: Հերոսը, բանակից վերադառնալով, դեռ այնտեղ է մտքերով ու հրաժեշտ չի տվել: Նա ցտեսություն է ասում՝  հույս ունենալով, որ մեկ օր վերադառնալու է: Սա ազատագրման ու կյանքի կոչի ցտեսություն է, դեպի կյանք գնալու խնդիրն է դրված: Օգտագործել եմ նաեւ ասպետական վեպի հնարքներից. հերոսները մահանում ու նորից վերակենդանանում են հաջորդ գլուխներում”:

Արամ Պաչյանի “Ցտեսություն, Ծիտ” վեպի շնորհանդեսին


29-ամյա արձակագիրը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` գրելով է գրել սովորում. “Ամեն անգամ գրելիս նորից եմ սովորում հայոց լեզուն, որը գրողին հսկայական ու անչափելի հնարավորություններ է տալիս: Մեր առօրյան ու իրականությունը, կարծես, չի ենթարկվում գրականության կոնտեքստին, չափազանց դժվար է առօրյան վերածել գրականության: Փորձել եմ շատ քիչ օգտագործել կենցաղային բառամթերք, փորձարկել եմ հայոց լեզվի լայն հնարավորությունները”:

“Գրողի համար սարսափելի է, երբ իր գրածը կիսատ են թողնում”. Արամ Պաչյան

Արամ Պաչյանը վեպը գրելիս թուղթ ու գրիչը գերադասել է համակարգչի ստեղնաշարից. “Երբ գրիչով եմ գրում, ինձ վրա ավելի շատ աշխատելու հնարավորություն եմ ունենում, իսկ համակարգչի էկրանը խաբուսիկ է, սկզբում թվում է` ամեն ինչ լավ է ստացվում, բայց այդպես չէ: Ընդամենը մի քանի պարբերություն եմ համակարգչով հավաքել”:

Գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը


Հեղինակի ամենամեծ ցանկությունն է` ով մինչեւ վերջ չի ընթերցելու վեպը, ավելի լավ է ընդհանրապես չկարդա:). “Գրողի համար սարսափելի է, երբ իր գրածը կիսատ են թողնում: Եթե մի քանի պարբերություն կարդում ու հասկանում են` իրենց գրականությունը չէ եւ չեն հավանում գրելաոճն ու բովանդակությունը, ավելի լավ է չկարդան”: Նա կարեւորում է իր ընթերցողի կարծիքը. “Հետաքրքիր ու ոչ “կլիշեներով” ցանկացած կարծիք ինձ համար կարեւոր է, ընկերներիս տեսակետն էլ հաշվի եմ առնում”:

Մասնագիտությամբ իրավաբան Արամն այժմ կենտրոնացած է գրականության ու լրագրության վրա, աշխատում է ռադիոյում եւ օրաթերթում, գրում է համաշխարհային գրականության ու հայ գրողների մասին,  “Իմպուլս” ռադիոկայանում հեղինակային ծրագրեր է վարում. “Գրեթե օր չկա, որ չգրեմ ու չխոսեմ գրականության մասին: Իմ հացը վաստակում եմ լրագրությամբ ու ռադիոհաղորդումներով: Սովորական մարդ եմ, որը սիրում է գրականությունը, փորձում է գրել իր երեւակայությամբ եւ այն մատուցել ընթերցողին”:

Արամ Պաչյանը եւ Զառա Բաթոյանը


Երիտասարդ գրողը մեծ ցանկություն ունի հաճախ ներկայացնել նոր գործեր, որը, սակայն, այնքան էլ հեշտ չէ.“Վեպիս վրա մոտ չորս տարի աշխատել եմ, գրել եմ աշխատանքից հետո, հիմնականում՝ գիշերները: Շատ կուզենայի հաճախ նոր գործեր ներկայացնել, որովհետեւ ասելիք կա, բայց ժամանակի մեջ տեղավորվելը դժվար է: Գրականությունը նեղացկոտ աղջկա է նման. եթե իրեն շատ ժամանակ չես տրամադրում, չի թողնում մոտենաս: Ուղղակի պետք է կամք ու հույս ունենաս, որ առաջ շարժվես”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport