×


“Արտավազդ 2014”` հայտնի հյուրերով եւ “մեղրի համով” :)

Թատրոնի միջազգային օրը հայ թատերարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` մասնակցելով Հայաստանի թատերական գործիչների միության “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

"Արտավազդ 2014"-ի հանդիսավարներ Լուիզա Ղամբարյանը եւ Վիգեն Ստեփանյանը


Հանդիսավարներ Վիգեն Ստեփանյանը եւ Լուիզա Ղամբարյանը միջոցառման հյուրերին տեղեկացրել են, որ 13 անվանակարգում հաղթողներին ընտրել են մրցանակաբաշխության փորձագետները` Լեւոն Մութաֆյանը, Կարինե Խոդիկյանը, Դավիթ Մուրադյանը, Վիգեն Ստեփանյանը, Մերի Սարգսյանը, Նվարդ Ասատրյանը եւ Զարուհի Անտոնյանը:

Գագիկ Մադոյանը, Շուշան Ղազարյանը, Գոռ Մարգարյանը եւ Լուիզա Ներսիսյանը` դստեր հետ


Մինչեւ լավագույնների անունները հնչեցնելը, Հրաչյա Ղափլանյանի անվան գլխավոր մրցանակ է շնորհվել բեմադրիչ, դրամատուրգ, կինոռեժիսոր, Երեւանի կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանին: Ի դեպ, երեկոյի ընթացքում հանդիսատեսին երաժշտական կատարումներով ողջունել են հենց այս թատրոնի արտիստները:

Լուսինե եւ Արա Երնջակյանները


Տարվա խոշորագույն թատերական նախագծի` Շուշիում “Արծվաբերդ” օպերայի բեմադրության ռեժիսուրայի համար հատուկ մրցանակի է արժանացել Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, գրական ստեղծագործության պարային ինքնատիպ մեկնաբանության համար (“Pro Շամիրամ”)` ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնը, բեմանկարչական վաստակի համար` Ռոբերտ Էլիբեկյանը:

Նարինե Պետրոսյանը եւ Աննա Հարությունյանը


Նշենք, որ այս տարի միանգամից 6 անվանակարգում հաղթել է Գոռ Մարգարյանի “Մեղրի համը” ներկայացումը: Ստորեւ ներկայացնում ենք “Արտավազդ 2014”-ի մրցանակակիրների ամբողջական ցանկը.

Լավագույն դերասանուհի - Շուշան Ղազարյան, “Մեղրի համը” /Էլեն/, Պատանի հանդիսատեսի թատրոն
Լավագույն դերասան - Գագիկ Մադոյան, “Քեռի Վանյա” /Աստրով/, “Համազգային” թատրոն
Լավագույն երիտասարդ դերասանուհի - Մարիամ Ղազանչյան, “Մեղրի համը” /Ջո/, Պատանի հանդիսատեսի թատրոն եւ Նարինե Պետրոսյան, “Վերջին ծաղրածուն” /Սալլի/, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Լավագույն  երիտասարդ  դերասան – Սամվել Դանիելյան, “Մեղրի համը”, /Ջեֆ/, Պատանի հանդիսատեսի թատրոն
Լավագույն ներկայացում -  Հրաչյա Գասպարյան, “Քեռի Վանյա”, “Համազգային” թատրոն
Լավագույն ռեժիսուրա - Լյուդվիգ Հարությունյան, “Առնետները”, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Լավագույն սցենոգրաֆիա – Սեդրակ Վելիկոդնի, “Առնետները”, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Լավագույն երիտասարդ բեմադրիչ - Գոռ Մարգարյան, “Մեղրի համը”, Պատանի հանդիսատեսի թատրոն
Լավագույն երիտասարդական ներկայացում  - “Մեղրի համը”, բեմադրիչ` Գոռ Մարգարյան, Պատանի հանդիսատեսի թատրոն
Լավագույն երաժշտական ձեւավորում - Վահե Հայրապետյան, “Գազանանոց Մադագասկար”
Երկրորդ պլանի լավագույն դերասան – Իշխան Ղարիբյան, “Մեղրի համը” /Փիթեր/, Պատանի հանդիսատեսի թատրոն
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Արմինե Վերմիշյան, “Չարոգի”, /Ջավահիր/, Վանաձորի  Հ. Աբելյանի անվան  պետական դրամատիկական թատրոն
Գլխավոր դերի դեբյուտ- Նորա Գրիգորյան/Անուշկա/, “Ամեն ինչ վաճառվում է”, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն եւ Վարդան Կուղյանոսյան /Վանյա Ժվաչկին/, “Սիրո զոհեր”, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար պարգեւատրվել են Ժիրայր Կարապետյանը, Արտաշես Հովհաննիսյանը եւ Մանիկ Նահապետյանը: ՀԹԳՄ ոսկե մեդալի են արժանացել Սամվել Խոդիկյանը, Արմեն Բայանդուրյանը եւ Վոլոդյա Գրիգորյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport