×


Էդգար Գյանջումյան. “Եթե մարդ լավ երաժշտություն է լսում, հետզհետե լավ մարդ կդառնա”

Սիրված երգահան Էդգար Գյանջումյանը, որը երկար ժամանակ է` ստեղծագործական նորություններով հանդես չի գալիս, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` առաջիկայում կխախտի լռությունը:

Էդգար Գյանջումյանը


-Ձեր երգերը խորհրդանիշ են դարձել շատերի համար: Երկար ժամանակ է, եթերում չեք երեւում,  ինչո՞վ եք զբաղվում այժմ:

-Շատ հաճելի է լսել, որ հանդիսատեսը կարոտում է իմ ստեղծագործությունները, որոնք տարիներ առաջ են գրվել ու դա շատ պարտավորեցնող է ինձ համար: “Հավատա եւ աղոթիր” երգն էր, որից հետո նորություններ չներկայացրի, բայց տեսնում եմ, որ համացանցում այն հաճախ է հայտնվում: Այժմ, կարող եմ ասել, որ նոր բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել ու կուտակվել: Վոկալային շարք եմ գրել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա, գործիքային ստեղծագործություններ, նաեւ երգեր:

Էդգար Գյանջումյանը կնոջ հետ


-Ե՞րբ կներկայացնեք կուտակված նորությունները Ձեզ կարոտած հանդիսատեսին:

-Հուսով եմ, մինչեւ Նոր տարի պատրաստ կլինեն երկու տեսահոլովակները, որոնք նկարահանվել են իմ նոր ստեղծագործությունների հիման վրա: Մեկը մանկական երգ է, բավական խոր երգ: Կատարողներից մեկը շատ հայտնի է, մյուսի համար սա մուտք կլինի հայկական երգարվեստ, բայց փակագծերը դեռեւս չեմ ցանկանում բացել:

Հաջորդ տարի լրանում է երաժշտական ասպարեզում իմ գործունեության, ստեղծագործական ընթացքի 15-ամյակը:  Առաջին անգամ իմ հեղինակած ստեղծագործությունը հնչեց 1998 թվականի ապրիլին՝ Հանրային ռադիոյով: Պլանավորում եմ ստեղծագործական երեկո կազմակերպել:

Էդգար Գյանջումյանը Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների հետ


-Հետեւո՞ւմ եք այժմ տեղի ունեցող երաժշտական անցուդարձին:

-Հաճախ եմ հանդիպում էժանագին, փնթի, ամիսներով լոգանք չընդունած երգեր ու կատարումներ, ինտոնացիաներ: Շատ են կրկնվող, պրիմիտիվ, լղոզված երգերը: Երգը հակված է լինելու մասսայական, դա միշտ չէ, որ վատ է, այլ հարց է, որ զանգվածային դաշտը կարող է աղտոտված լինել: Բայց ձեւի, բովանդակության եւ ամեն առումներով բարձրարժեք ստեղծագործությունը կարող է նպաստել նաեւ մասսայական երաժշտության որակին: Հասկանալի է, որ շատերի համար կարեւոր է միայն գումար վաստակելը, բայց պետք է հասկանալ, որ դրա պատճառով սերունդ կարող է փչանալ: Երաժշտությունն այն բացառիկ երեւույթներից է, որ միշտ մեզ հետ է՝ մեքենայում, խանութում, տանը, ամենուրեք: Դա աստվածային պարգեւ է մարդկությանը, ցավոք, մարդիկ պղծում են այն՝ դարձնելով չարիք: Արիստոտելը ասում էր, եթե մարդ լավ երաժշտություն է լսում, հետզհետե լավ մարդ կդառնա:

Էդգար Գյանջումյանը կնոջ հետ, Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանը` երգչուհու ծննդյան տարեդարձին


-Իսկ ի՞նչ եք լսում տանը: Ինչպիսի՞ երաժշտության ներքո է դաստիարակվում Ձեր որդին:

-Տղաս 4 եւ կես տարեկան է: Նրա երաժշտական ունակությունները վառ արտահայտված են: Չգիտեմ` ապագայում ինչ մասնագիտություն կընտրի, բայց այժմ նրա սիրելի զբաղմունքը ստեղծագործելն է.  ժամերով նստում է դաշնամուրի առջեւ ու նվագում:  Երբ որդիս անորակ երաժշտություն է լսում, միանգամից զգում է ու ասում՝ “Պապ, մենք այսպիսի բաներ չենք լսում ու չենք գրում”: Նա գիտի, որ մեր տանը երկու կոմպոզիտոր կա:):

-Դուք Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն եք: Ի՞նչ գործունեություն է ծավալում դպրոցը:

-2011 թվականի մարտին նշանակվեցի դպրոցի տնօրեն: 1 եւ կես տարվա ընթացքում մեր դպրոցում նոր՝ 10-ից ավելի բաժիններ բացվեցին: Դպրոցում 240 աշակերտ ունենք: Այստեղ հիմնականում սովորում են դպրոցականները, բայց կան նաեւ մեծահասակներ, ովքեր սիրողական մակարդակի ուսուցում են ստանում: Կարող եմ վստահաբար ասել, որ դպրոցում այժմ զարթոնքի շրջան է:

Էդգար Գյանջումյանը Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է


-Պարոն Գյանջումյան, արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող “Օգնեմ” ֆոնդը շարունակո՞ւմ է իր գործունեությունը:

-Այո, այն շարունակում է իր ակտիվ գործունեությունը: Ֆոնդը հիմնադրվեց 2008 թվականին: Ես հանդիսանում եմ  հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ խորհրդի անդամներն են կամավորները: Ներքին խոր բավարարվածություն եմ զգում, որ ստացվում է լումա ներդնել այդ գործընթացում:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի /Bravo.am/





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport