×


Ինչպես է անցել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերան

«Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունն արդեն մեծ էկրաններին է: Երեկ «Սինեմա Սթար» կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել ֆիլմի անձնակազմը, նրանց ընկերները եւ շոու-բիզնեսի գործընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային


Միջոցառմանը չեն մասնակցել ֆիլմի գլխավոր հերոսուհի Իվետա Մուկուչյանը, որն այս օրերին Պորտուգալիայում է, եւ դերասանուհի Շողեր Գրիգորյանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում։ Նախքան առաջին ցուցադրումը հյուրերը լուսանկարվել են պաստառների մոտ եւ համտեսել «Ռակետա» տորթը։

Մկրտիչ Արզումանյանը, բացի գլխավոր հերոսին մարմնավորելուց, նաեւ պրոդյուսերներից մեկն է, ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակն ու ստեղծագործական պրոդյուսերը՝ Աշոտ Աբրահամյանը։ Ֆիլմի գլխավոր օպերատորն Արթուր Ուստյանն է, մոնտաժն իրականացրել է Ռազ Մարգարյանը, համապրոդյուսերն է՝ Տիգրան Համբարձումյանը։

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի գլխավոր հերոսների՝ տաքսու վարորդ Աղասիկի եւ սեփական հարսանիքից փախչող Սաթենիկի արկածային պատմությունը նախատեսված է ընտանեկան դիտման համար։ Իվետա Մուկուչյանի համար այս կերպարը դեբյուտային է, ըստ սյուժեի՝ համարձակ ու անվախ աղջիկ է, որը հինգ տարի ապրել ու սովորել է Գերմանիայում, իսկ «կինոյի վատ աղջիկը» Վերգինեն է, որին մարմնավորում է Շողեր Գրիգորյանը։ Նա թատրոնի դերասանուհի է եւ ցանկանում է ամուսնանալ Աղասիկի հետ։ Շնորհիվ արտիստիկ խաղի, նա դառնում է առանցքային հերոսներից մեկը։

Հովհաննես Ազոյանը` կնոջ հետ


Մկոն նշել է, որ գլխավոր հերոսուհու դերում պատկերացրել է հենց Իվետային եւ նրան էլ առաջարկել է Սաթենիկի կերպարը.«Հիմա ողջ աշխարհում երգիչներն իրենց փորձում են ֆիլմերում Թիմբերլեյքը, Բեյոնսեն, ոմանց մոտ հրաշալի է ստացվում, ոմանց մոտ՝ ոչ։ Մենք գնացինք դժվար ճանապարհով, հաշվի առնելով, որ Իվետան երգչուհի է, երկար ենք աշխատել, կարեւորն իրեն հարմարավետ էր զգում կադրում։ Երբ պիտի առաջին փորձերն անեինք, Իվետան Իտալիայում էր, աշխատում էինք «սկայպ»-ի միջոցով։ Մեկ-մեկ «սկայպ»-ն ու վատ կապը մեզ տանջում էին. նա հենց հարմար տեղ էր գտնում, երեք ժամ անընդմեջ փորձում էինք, երեւի 40 անգամ սցենարը սկզբից մինչեւ վերջ փորձել ենք։ Իվետան աշխատասեր է, առաջինի համար լավ էր, կարծում եմ՝ ստացվել է։ Բնականաբար, փորձը կարեւոր է. երբ շատ ես նկարահանվում, ավելի շատ ես զգում եւ ավելի քիչ ցույց տալիս»։

Օրվա եւ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մկոն, ցուցադրումից հետո BRAVO.am-ի հետ զրույցում կիսվել է իր հույզերով.«Տեսարաններ կային, որ ծիծաղեցի ու հուզվեցի, հատկապես հուզիչ էր գլխավոր հերոսի մանկության հետ կապված հիշողությունները, հերոսների զգացմունքային հարաբերությունները եւ այլն։ Ֆիլմը երկրորդ մաս չի ունենալու, ես այնպես կանեմ, որ նույնի շարունակությունը չլինի: Եթե նկարենք, կստեղծենք ուրիշ ֆիլմ, որը լիովին կտարբերվի։ Պրեմիերայից սպասելիքներս արդարացվեցին, կգնանք թիմի հետ մինչեւ առավոտ նշելու»։

Նազենի Հովհաննիսյանը` «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերային


Ինչ վերաբերում է ֆիլմի բյուջեին, պրոդյուսերները պայմանավորվել են չբարձրաձայնել, իսկ դերասաններին ընտրել են քասթինգի միջոցով.«Ծանոթով խաղացել են միայն մեր երեխաները։ Իմ տղան խաղաց իմ մանկության տեսարանն այն պատճառով, որ նման է ինձ, Տիգրանի աղջիկն էլ կադրում իրեն լավ դրսեւորեց»,-ասել է Մկոն։

Արմեն Քուշկյանը մարմնավորում է Սաքո Ասոյանին` փեսացուին, որից փախչում է Սաթենիկը։ Նա նշել է, որ առաջին անգամ է բացասական դերում ու կրկնակի ոգեւորվել է, քանի որ ցանկություն է ունեցել կինոյի «վատ տղային» մարմնավորել. «Հնարավորություն չէր լինում, որովհետեւ ռեժիսորները մտածել են` ես դրական կերպարներին հարմար դերասան եմ, բայց նրանք սխալվել են, որովհետեւ բացասականի մեջ ինձ ավելի օրգանական եմ զգում, իսկ թե ինչքանով եմ հանդիսատեսի համար համոզիչ, արձագանքներից կիմանամ։ Փեսացուն ուղղակի հարուստի հղփացած տղա չէ, այլ գրագետ, խելացի, այսինքն՝ չար մարդու նոր տեսակ է, որն ավելի վտանգավոր է իր ինտելեկտով։ Բրավո, Մկոյին, որ իմ մեջ տեսավ այն կուտակումները, որոնք վաղուց ուզում էի արտահայտել։ Սարսափելի շոգ էր, կարճ ժամանակ ունեինք, բայց արդյունքի հասանք»։

Համապրոդյուսեր Տիգրան Համբարձումյանի փոխանցմամբ՝ «Ռակետա» մեքենան եղել է մարքեթինգային քայլ.«Ի սկզբանե մտադրվեցինք «Երազ» գործարանի մասին լեգենդ ստեղծել եւ մեր սպասումներն արդարացվեցին. մարդիկ կուզեին` գործարանը մարդատար ավտոմեքենա ստեղծեր։ Մեքենան Երեւանում դեռ կպտտվի, հետագայում երեւի հարսանիքների մաս կդառնա:)»։

Արամ MP3-ն, Սերժոն եւ Միշոն


Առաջին դիտումից հետո իրենց կարծիքներով են կիսվել ընկերները: Արամ MP3-ին նշել է, որ հավանել է ֆիլմը.«Դրական լիցքերով ու լայն ժպիտներով կնոջս հետ դուրս ենք եկել դահլիճից, ինչն ամենակարեւորն է կոմեդիա դիտելիս։ Ֆիլմի անձնակազմի մոտ ստացվել է, որովհետեւ դահլիճում մի քանի անգամ երկար ժամանակ ծիծաղում էին։ Իվետայի խաղն առաջինն էր, հուսով եմ՝ վերջինը չի լինի. առաջին անգամ միշտ դժվար է, զգացվում էր, որ շատ են աշխատել: Ամեն դեպքում ինձ համար ստացված ֆիլմ է»։

Սոս Ջանիբեկյանը հակիրճ է արտահայտվել.«Դրական էներգիայով ֆիլմ է, լավ տպավորություններով եմ դուրս եկել։ Շնորհավորում եմ Մկոյին ու գնահատում նրա աշխատանքը»։

Մարտ ամսվա ընթացքում ֆիլմը կցուցադրվի նաեւ Հայաստանի մարզերում. «Հնարավոր է երկրից բացակայեմ եւ ֆիզիկապես բոլոր քաղաքներ չմեկնեմ, բայց Գյումրիում պրեմիերային ներկա կլինեմ։ Ֆիլմը դուբլյաժով կցուցադրվի Ռուսաստանում, նաեւ ԱՄՆ-ում` ամերիկահայերի համար»,-ասել է Մկոն:

Թե որքանով է ստացվել կատակերգությունը եւ որքանով է հաջողված Մկո-Իվետա զույգի ռոմանտիկ խաղը, կարող եք այսօրվանից գնահատել մեծ էկրաններին։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport