×


Իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին` Արշակ Սարգսյանի աշխատանքներում

Արշակ Սարգսյանը երեկ եղել է քաղաքի արվեստասերների ուշադրության կենտրոնում. “Անտիկյան” ցուցասրահում կայացել է երիտասարդ գեղանկարչի կատալոգի շնորհանդեսը եւ աշխատանքների ցուցահանդեսը:

Գեղանկարիչ Արշակ Սարգսյանը


Նա իր աշխատանքներով, որոնցում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին, կարողացել է զարմացնել ցուցահանդեսի հյուրերին, որոնց թվում եղել են արվեստաբաններ Նազարեթ Կարոյանն ու Վարդան Ջալոյանը, ջազմեն Լեւոն Մալխասյանը եւ այլք:

BRAVO.am-ի հետ զրույցում Արշակ Սարգսյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում վերջին շրջանի կտավները, գծանկարները, քանդակներն ու ձեւավորած հագուստները, մինչդեռ կատալոգն ընդգրկում է վերջին 13 տարվա իր աշխատանքները:

Արշակ Սարգսյանի կտավներից


Գեղանկարչի փոխանցմամբ` իր բոլոր աշխատանքների հիմքում ընկած է մարդը. “Իմ աշխատանքներում մարդն ամենուր է: Ես ինձ համարում եմ ֆիգուրատիվ նկարիչ, բայց չեմ նկարում մարդու մարմին, ինձ ավելի հետաքրքրում է մարդու կերպարը, հագուստները, տեսակը, ապրելակերպը, զգացողությունները ժամանակակից մեծ քաղաքներում”:

Բազմատեսակ մարդկանցից բացի, Արշակի աշխատանքներում կան նաեւ բազմաթիվ կենդանիներ, այդ թվում` աքլորներ, խոզեր, ձկներ: BRAVO.am-ի այն հարցին, թե արդյոք կենդանիներն ունեն սիմվոլիկ նշանակություն, գեղանկարիչը պատասխանել է, որ ուղղակի ցանկանում է համադրել մարդուն ու կենդանուն, տեսնել նրանց նմանություններն ու տարբերությունները:

Արշակ Սարգսյանի քանդակներից


Ցուցահանդեսի ժամանակ Նազարեթ Կարոյանը հանդես է եկել խոսքով, որն օգնել է շատ ներկաների ավելի ճիշտ ընկալել Արշակի բազմաֆիգուր ու բարդ կառուցվածքներով մեծ կտավները: Արվեստաբանը նշել է, որ Արշակն իր կտավներում ներկայացնում է առասպելական ռեալիզմ, մի հասարակություն, որտեղ խառնված են բոլորը եւ ամեն ինչ, քանի որ այն գտնվում է փոփոխությունների, անցման մեջ է:

Մեզ հետ զրույցում արվեստաբան Վարդան Ջալոյանն էլ նշել է, թե ինչով է Արշակը տարբերվում հայ ժամանակակից մյուս նկարիչներից. “Ժամանակակից արվեստում ամենակարեւորն արտիստականությունն է` սուբյեկտիվությունը, իսկ Արշակի սուբյեկտիվությունը շատ վառ է դրսեւորված”:

“Անտիկյան” ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը եւ գեղանկարիչ Արշակ Սարգսյանը


“Անտիկյան” ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսը կտեւի ընդամենը մի քանի օր, քանի որ այն կազմակերպվել է կատալոգի շնորհանդեսի առիթով: Սակայն ցանկացողները Արշակի որոշ աշխատանքներին կարող են ծանոթանալ հենց “Անտիկյան” ցուցասրահի մշտական ցուցադրության շնորհիվ. ներկայացված են 22 արվեստագետի աշխատանքներ:

“Շատ բծախնդիր եմ արվեստագետների ընտրության հարցում. աշխատանքները ցուցասրահում ներկայացնում եմ այն դեպքում, երբ տեսնում եմ ոճային առումով անհատականություն: Մեր օրերում շատ դժվար է գտնել ինքնուրույն խոսք ունեցող արվեստագետներ, իսկ Արշակը, ըստ իս, հենց այդ եզակի արվեստագետներից է, ով ունի անհատականություն, ինքնուրույնություն ու բացի այդ անցել է փառավոր ճանապարհ` իր աշխատանքները ցուցադրելով աշխարհի լավագույն ցուցասրահներում”,-ասել է Արմինե Անտիկյանը:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport