×


Լուիզա Ներսիսյան. «Վերանայել եմ իմ եւ Հրանտի հարաբերությունները»

Լուիզա Ներսիսյանի ստեղծագործական կյանքում այս շրջանում նորությունների պակաս չի զգացվում: Օրեր առաջ արտերկրից վերադարձած դերասանուհին BRAVO.am-ի հետ խոսել է Միացյալ Նահանգներ այցի, ամերիկյան «Tangerine» ֆիլմում նկարահանվելու մասին եւ ոչ միայն:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանն` իրենց դստեր հետ


«Ամերիկա այցս գործնական բնույթ ուներ. մայիսի 9-ին մասնակցեցի “World Armenian Entertainment Awards” ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ գործնական հանդիպումներ եւ քննարկումներ ունեցա ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի հետ: Իմ եւ Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ «Tangerine» ֆիլմը շուտով միջազգային մի քանի փառատոնի կմասնակցի Անգլիայում եւ Չեխիայում. քննարկում էինք, թե ով որտեղ է ներկա լինելու»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ֆիլմը կմասնակցի նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնին:

Միջազգային շուկայի համար նկարահանված ֆիլմում Լուիզան եւ Արսենը մարմնավորում են հայ ամուսինների.«Առաջարկը ստացել էր Արսենը, որին էլ ասել էին` հայուհու կերպար է պետք: Քանի որ Լոս Անջելեսում էի, նա զանգահարեց ու հարցրեց` կարող եմ 10 օր էլ մնալ, հետո հանդիպեցի ռեժիսորին ու ստացա առաջարկը»,- պատմել է դերասանուհին` նշելով, որ «Tangerine»-ն հայ փախստական ընտանիքի մասին է:

Անդրանիկ Հարությունյանը եւ Լուիզա Ներսիսյանը` "Սկոտչ եւ վիսկի" ֆիլմի նկարահանումներին


Այս ամիս Երեւանում տեղի կունենա Լուիզա Ներսիսյանի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմի պրեմիերան: Նա ռեժիսոր Արշո Հարությունյանի «Սկոտչ եւ վիսկի» կինոկատակերգությունում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն.«Ֆիլմի հիմքում կին-տղամարդ փոխհարաբերություններն են, որը մշտապես արդիական է: Երբեմն սովորական մարդկային շփումը թողած` մենք ընկնում ենք այս ու այն կողմ, բայց փոխարենը պետք է լավ նայենք մեր շուրջը, վերարժեւորենք մեր ունեցածն ու գնահատենք մեր կողքին կանգնած մարդկանց: Ֆիլմից հետո ինքս էլ վերանայել եմ իմ ու կողակցիս հարաբերությունները. գոնե շաբաթը մեկ անգամ կինն ու ամուսինը պետք է անկեղծ զրուցեն, որ ընտանիքն ավելի ամուր լինի. երբեմն կանայք կղզիանում են, ինչն, ըստ իս, շատ վատ է: Հիմա մարդիկ նախապատվությունը տալիս են համացանցային շփմանը, ինչը մարդկային ջերմ ու անմիջական շփումը մղում է երկրորդ պլան»:

Լուիզա Ներսիսյանը եւ Հրանտ Թոխատյանը


Դերասանուհու հավաստմամբ` թեեւ ինքն ու ամուսինը բազմազբաղ են, հաճախ են զրուցում եւ միմյանց խորհուրդներ տալիս.«Ես ու Հրանտն այն եզակի զույգերից ենք, որ մի ուղղությամբ են նայում: Մենք միանման ենք մտածում, նույն հայացքներն ու տեսակետներն ունենք»:

Խոսելով առաջիկա աշխատանքներից` Լուիզան հայտնել է, որ այս օրերին նկարահանվելու է «Վերջին Մոհիկյանը» սերիալում, ինչպես նաեւ ռեժիսոր Ռոման Մուշեղյանի արկածային կատակերգությունում, որի դերասանական կազմում ընդգրկված են Սոս Ջանիբեկյանը, Անժելա Սարգսյանը, Սերգեյ Դանիելյանը եւ այլք, իսկ նկարահանումները տեղի են ունեցել Շրի Լանկայում. «Վերջին տեսարանները կնկարահանվեն, երբ Հայաստանում եղանակը տաքանա, որպեսզի անհամապատասխանություն չլինի»:

BRAVO.am
Լուսանկարները` Լուիզա Ներսիսյանի անձնական արխիվից եւ Hello! ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport