×


Ծաղրածուներով եւ հեքիաթի հերոսներով միջոցառում` առողջական խնդիրներով երեխաների համար

Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ որպես խնամող կամ ընտանիքի անդամ: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992 թվականին հռչակել է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը եւ ապահովել լիակատար ինտեգրումը: Այս օրն առիթ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հիշեցնեն ու բարձրաձայնեն իրենց իրավունքների, դրանց ոտնահարման եւ իրենց նկատմամբ հոգածության պակասի մասին:

Լուսինե Բադալյանը` միջոցառման փոքրիկ մասնակիցների հետ


“Էխո” հասարակական կազմակերպությունը, որն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդերի, երեկ իր շահառուների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Նախորդ տարի փոքրիկները “Վիտամին” ակումբում մասնակցել են բարեգործական համերգի, այս անգամ ծնողների հետ հավաքվել էին Երեւանի ժամանցի մանկական կենտրոններից մեկում: Համերգ-ցերեկույթին, որը վարել է Լուսինե Բադալյանը` Լուլուն, ելույթ են ունեցել “Երգի թեւեր” եւ “Մոնա Լաքշրի” ստուդիաների սաները, երեխաներին ուրախացրել են նաեւ ծաղրածուներն ու հեքիաթային հերոսները:

Լուսինե Բադալյանը եւ "ԷԽՈ" ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը


Աջակցման կենտրոնի նախագահ Սերյոժա Օհանջանյանը կարծում է, որ հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե ստեղծված լինեն բոլոր պայմաններն արժանապատիվ կյանքով ապրելու համար.“Տարվա ընթացքում բազմաբնույթ ծրագրեր ենք իրականացնում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին ամեն օր պետք է բարձրաձայնվի `անկախ այն փաստից դեկտեմբերի 3-ն է, թե` ոչ: Տեսնելով երեխաների ուրախ դեմքերը` կարող եմ ասել, որ նրանց համար մի փոքր երջանկություն է միջոցառմանը մասնակցելը”:

Սերյոժայի քույրը` Նաիրա Օհանջանյանը, հայտնել է, որ արդեն 7 տարի կազմակերպության աշխատակիցները նշում են միջազգային օրը.“Մենք ցանկանում ենք երեխաներին ուրախ օր պարգեւել, ամեն անգամ տարբեր վայրեր ենք ընտրում, որ իրենց համար էլ հետաքրքիր լինի”:

"ԷԽՈ" աջակցման կենտրոնի կազմակերպած միջոցառմանը


Ինչպես նախորդ միջոցառումներին, այս անգամ եւս “Էխո”-ն աջակիցների հետ հաշմանդամություն ունեցող մոտ 70 երեխայի համար պատրաստել էր անհատական նվերներ: Առաջիկայում Ամանորի առթիվ նրանց նվերներ կհանձնեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը.“Ցուցակ ենք կազմում, թե որ երեխային ինչ է հարկավոր, այնուհետեւ հովանավոր ընկերություններին ներկայացնում ենք տեղեկություններ նրանց տարիքի, սեռի մասին, որ նվերները ծառայեն նպատակին: Եթե կան անհատներ, որոնք կցանկանան Նոր տարվա առթիվ Ձմեռ պապ դառնալ, երեխաներն ու ծնողները կգնահատեն ամեն տեսակի աջակցություն”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport