Նոր տարուն` 2012-ին, մնացել են հաշված ժամեր, եւ ճիշտ ժամանակն է ամփոփել գնացող տարին:): BRAVO.am-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի եւ սպորտի` 2011 թվականի ընթացքում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները:
Հայկական ֆուտբոլի վերածնունդ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերին մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ, որն անակնկալ էր ոչ միայն հայ ֆուտբոլասերների, այլեւ միջազգային փորձագետների համար: Հենց այս հաղթանակից հետո ֆուտբոլային հասարակությունը սկսեց խոսել հայկական ֆուտբոլի վերածնունդի մասին, իսկ մարզաձեւով սկսեցին հետաքրքրվել տասնյակ հազարավոր մարդիկ:
Յուրա Մովսիսյանը բացեց Հայաստան-Սլովակիա խաղի հաշիվը (Լուսանկարը` webnoviny.sk-ի)
Սիրային նոր կապ հայկական շոու-բիզնեսում
Խորեն Լեւոնյանն ու Լիլուն, որն այլեւս հանդես է գալիս որպես Լիլիթ, սկզբում թաքցնում էին իրենց սիրային հարաբերությունները: BRAVO.am-ը հոկտեմբերին երջանիկ զույգին “բռնացրեց” երեւանյան ակումբերից մեկում, լուսանկարեց միասին, դերասանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ “ինքն այժմ ապրում է կնոջից եւ որդուց առանձին”:
Խորեն Լեւոնյանն ու Լիլիթը
Էմմին չանցավ Եվրատեսիլի եզրափակիչ
Շոուբիզնեսյան գարունն ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս “եվրատեսիլյան” շնչով էր, հայկական կողմի համար` շոկային: Մայիսի 14-ին Դյուսելդորֆում կայացած մրցույթի եզրափակչում չհնչեց Հայաստանը ներկայացնող Էմմիի “Boom-boom” երգը, քանի որ երգչուհին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը: Ավելին, “Եվրատեսիլ 2011”-ի հաղթող ճանաչվեց Ադրբեջանը ներկայացնող զույգը` հայերի համար առաջադրելով հետեւյալ հարցը` “Գնա՞լ Բաքու, թե՞ չգնալ”:
Էմմին "Եվրատեսիլ 2011"-ի կիսաեզրափակչում
“Գոհարը” հաճույք պարգեւեց
Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Երեւանի Ազատության հրապարակում “գոհարափայլ” տոնեցին:): “ԳՈՀԱՐ” համույթի` Հայաստանի էստրադային երգիչ-երգչուհիների հետ համերգը կայացավ բավական հաջող եւ լավ կազմակերպված: Կենդանի հնչողությամբ համերգը լուսային եւ գունային գեղեցիկ էֆեկտներով էր ուղեկցվում, հանդիսատեսին տպավորել էր Օպերայի շինության ճակատային հատվածում ցուցադրվող 3D անիմացիան, որ ներկայացրեց Հայաստանի պատմությունը:
"Գոհար"-ի համերգին
Քիմ Քարդաշյանն ամուսնացավ 72 օրով:)
Ռեալիթի-շոուների 31-ամյա հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու բասկետբոլիստ Քրիս Համֆրիսն այս օգոստոսին շքեղ հարսանիք կազմակերպեցին, ամուսիններ դարձան, բայց զույգի համատեղ կյանքը տեւեց ընդամենը 72 օր: Այս կարճատեւ ամուսնությունը լայն քննարկումների առիթ հանդիսացավ ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական լրատվամիջոցների համար:
Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը
Հայկական, տնական սեքս-սկանդալ :)
Հայկական շոու-բիզնեսի աշունն այս տարի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների տարածմամբ ու դրանց շուրջ բարձրացած մեծ աղմուկով սկսվեց: Համացանցում հայտնվեցին Անժելա Սարգսյանի` հրապարակման ոչ ենթակա լուսանկարները, ինչի արդյունքում սերիալային դերասանուհու անունն օրեր շարունակ ամենափնտրվածն էր Google.am-ում: Այս սկանդալն իր հնչեղությամբ ու լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներով աննախադեպ էր Հայաստանի համար:
Նշենք, որ մեր կայքն ընդհանրապես չի անդրադարձել այս սկանդալին` հարգելով անձնական կյանքի գաղտնիության պահպանման սկզբունքը:
Անժելա Սարգսյանը (Լուսանկարը` IQ ամսագրի)
Սերժ Թանգյանը բացեց ԹՈՒՄՈ-ն
Օգոստոսի 14-ին կայացավ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:): Սերժ Թանգյանը, դեռ մեկ տարի չանցած, երկրորդ անգամ հայկական բեմից ողջունեց երկրպագուներին` բացօթյա համերգ տալով:): Համերգն աննախադեպ էր թե 3D անիմացիայով, թե ռոքասեր հասարակության թվաքանակով:
Սերժ Թանգյանը ԹՈւՄՈ-ի բացմանը
Շախմատային Հայաստան:)
Հուլիսի 25-ին Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Չինաստանում կայացած Շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողը: Չնայած մեր հավաքականն կրկնակի Օլիմպիական չեմպիոն է, Աշխարհի գավաթն առաջին անգամ էր ուղեւորվում Հայաստան, ինչն առավել արժեւորեց հաղթանակը եւ ստիպեց խոսել հայերի մասին որպես շախմատային ազգի:
Հայաստանի հավաքականը դարձել է Շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն ( Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի)
Եռաչափ Անկախություն:)
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներից թերեւս ամենահիշարժանը հրապարակում երեկոյան կայացած “Հերոսական բալլադ”-ն էր` եռաչափ գրաֆիկայի, լազերային ցուցադրության, կրակի, շատրվանների միակցված պատկերների ու հրավառության ուղեկցությամբ ընթացած համերգ-ներկայացումը:
Սեպտեմբերի 21-ի համերգ-ներկայացմանը
Մանկական Եվրատեսիլը հյուրընկալվեց Հայաստանում
Եվրատեսիլ միջազգային մրցույթն առաջին անգամ հյուրընկալվեց Հայաստանում: Եվ չնայած դա Մանկական Եվրատեսիլն էր, սակայն փորձը հաջող էր եւ ապացուցեց, որ Հայաստանում հնարավոր է բարձր մակարդակով կազմակերպել նման կարեւորություն ունեցող միջազգային մրցույթ: Իսկ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող դարձավ Վրաստանը ներկայացնող “Candy”-ն`108 միավորով:
Երեւանում կայացած "Մանկական Եվրատեսիլ 2011"-ին
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: