×


Խորենը, Լիկան, Հայկոն, Անահիտը, Սոֆին, Նազենին եւ այլք` “Մեր սրտի տնակ”-ի պրեմիերային

Այսօրվանից Երեւանի կինոթատրոններում ցուցադրվում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի “Մեր սրտի տնակը” ընտանեկան մելոդրաման: Երեկ տեղի ունեցած պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմը պատմել է ֆիլմի մասին: Նրանց, ինչպես նաեւ առաջին ցուցադրությանը ներկա հայտնիներին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Հրաչ Քեշիշյանը, Եկատերինա Ստրիժենովան եւ Մարիա Սյոմկինան


Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Խորեն Լեւոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ֆրիդա Յորքը, Արմեն Մարգարյանը, ռուս դերասանուհիներ Մարիա Սյոմկինան, Եկատերինա Ստրիժենովան եւ այլք: Պրոդյուսերն ու սցենարի հեղինակը ռուսաստանաբնակ Միխայիլ Պողոսովն է, որի երեխաները` Էմիլիան, Սերգեյը եւ Ջուլիետան, եւս հանդես են գալիս ֆիլմում:

Խորեն Լեւոնյանի մարմնավորած գլխավոր կերպարը` Արթուրը, երեք երեխայի հայր է, կնոջը կորցրել է վեց տարի առաջ` վերջինիս ծննդաբերության ժամանակ: Նա երեխաների հետ բնակվում է Մոսկվայում: Աշխատանքի անցնելով գործարար Եկատերինայի մոտ եւ ունենալով հիփոթեքային պարտքեր` որոշում է մասնակցել մրցավազքի, բայց ավտոմեքենան ջարդվում է: Այդ ժամանակահատվածում Եկատերինայի հոր կտակն են բացում, ըստ որի` ամբողջ ունեցվածքը կմնա քույրերից նրան, որն առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք` երեք երեխայով, ընդ որում որդեգրել չի թույլատրվում: Կատյայի փաստաբանը պլանավորել է կեղծ ամուսնություն, փոխարենը կմարեն Արթուրի պարտքերը… Սիրո խճճված պատմության հանգուցալուծումը կարող եք դիտել մեծ էկրանին:):

Անահիտ Սիմոնյանը, Մարիա Սյոմկինան եւ Հայկոն


Հրաչ Քեշիշյանի խոսքով` այս ֆիլմով ցանկանում է ցույց տալ, որ հայ տղամարդը կարող է լինել հաջողակ, ինքնուրույն հոգալ իր ընտանիքի բարեկեցությունը եւ խնամել երեխաներին.“Այս տեխնոգեն ժամանակներում պետք է բարձրաձայնել ընտանեկան այն արժեքների մասին, որոնք ոչ միայն հայերը, այլեւ մյուս ազգի ներկայացուցիչները կարող են մոռանալ: Վերադարձը դեպի ընտանիք ու ընտանեկան ավանդույթներ շատ կարեւոր է: Սա նախեւառաջ ֆիլմ է ընտանիքի, հետո հայրենադարձության մասին”:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում, Դիլիջանում եւ Մոսկվայում եւ տեւել են մոտ մեկ ամիս.“Շատ արագ ենք աշխատել, օրինակ` Արմեն Բորիսիչը  մեկ շաբաթով էր եկել Հայաստան: Երբեմն դժվար է լինում բոլոր արտիստներին նկարահանման հրապարակում հավաքել, բայց կարողացանք հասցնել”,-նշել է ռեժիսորը:

Գայանե Ասլամազյանը, Լիկա Մեսրոպյանը եւ Խորեն Լեւոնյանը


Արթուրի մոր դերակատար Եկատերինա Ստրիժենովան առաջին անգամ է համաձայնել տատիկի կերպարում լինել` իմանալով, որ նկարահանվելու է Արմեն Ջիգարխանյանի հետ.“Հայ տղամարդիկ կարծում են` ընտանիքում իրենք են գլխավորը, բայց կինն է շարժիչ ուժը: Մի քանի հարցից հետո կարողացա մտնել կերպարիս մեջ: Խորենին ու Կատյային հանպատրաստից մի խոսք ասացի` “իմ կրուասանչիկներ”, որն արդեն թեւավոր արտահայտություն է դարձել: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր անցնում, արդեն կարոտեցի նկարահանման ընթացքը, նաեւ հայկական լոլիկով ձվածեղը:)”:

Խորեն Լեւոնյանը, որը պերմիերային ներկա էր կնոջ` Լիկա Մեսրոպյանի հետ, “Մեր սրտի տնակը” համարում է վերջին 30-40 տարվա այն եզակի ֆիլմերից, որում հայը դրական է ներկայացված.“Հայերեն խոսեմ, որ մեր դերասանուհիները չհասկանան:): Շնորհակալ եմ ֆիլմի հեղինակներին, որ հայ մարդը խայտառակ կերպով չի ներկայանում աշխարհին: Ռուսաստանում ապրող ցանկացած  հայ կարող է իր ռուս հարեւանին առաջարկել միասին դիտել: Երկուսն էլ մեծ բավականություն կստանան”:

Գլխավոր դերակատար Մարիա Սյոմկինան էլ խոստովանում է, որ նկարահանման հրապարակում հաճույքով է աշխատել հայ գործընկերների հետ եւ հասցրել է հայերեն բառեր սովորել.“Շնորհակալություն, շատ սիրում եմ եւ հոպ, հոպ, հոպ, աղջիկ ջան”, - վերջին արտահայտությունը դերասանուհուն հուշում է ամենափոքրիկ մասնակիցը` Էմիլիան:).“Շատ հետաքրքիր ու ծիծաղելի էր այն տեսարանը, երբ մենք մեր հայրիկին` Խորենին, եւ Կատյային պետք է փակեինք նկուղում, որ համբուրվեն: Երբ գիշերը նկարվում էինք, դա ֆիլմում չի երեւում, գիշերային թիթեռնիկներ էին եկել լույսի վրա”- հիշում է Էմիլիան:

Հրաչ Քեշիշյանը


Ֆիլմում հնչում է երկու սաունդթրեք` երգիչ Հայկոյի եւ ռուս երգչուհի Յոլկայի ստեղծագործությունները.“Վերջին` “Գարեգին Նժդեհ” ֆիլմից հետո սիրային պատմության համար երգ գրելու կոնտրաստը մեծ էր, բայց որպես երաժիշտ ուզում էի ինձ լավ դրսեւորել: Հրաչը, լսելով իմ “Հետ արի” երգը, միշտ ասում էր, որ այնպիսի ֆիլմ է նկարելու, որ այն դառնա ֆիլմի սաունդթրեք, այդպես էլ եղավ:)”:

Հայ-ռուսական արտադրության ֆիլմն իրականացրել են “Berg Sound” եւ “HK Productions” ընկերությունները: Բեմադրող օպերատորն Արթուր Ղարայանն է:
Ընտանեկան մելոդրաման աշնան վերջին կլինի ռուսական կինովարձույթում, իսկ դեկտեմբերին կցուցադրվի Միացյալ Նահանգներում ու Վրաստանում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport