×


Հուզմունք, հակիրճ խոսելու խնդրանքներ եւ հումորներ՝ «Արտավազդ 2017»-ին

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ը, Հայաստանում ավանդույթ է դարձել նշանավորել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ։ Այս տարի այն կայացավ վերանորոգված մայր թատրոնում՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եւ  նվիրված էր անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին: Հանդիսավարներն էին Վիգեն Ստեփանյանն ու Մարիամ Ղազանչյանը։

Միքայել Պողոսյանը, Վիգեն Չալդրանյանը եւ Արմեն Ամիրյանը


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շնորհավորելով թատերական ոլորտի ներկայացուցիչներին, իր խոսքում նշեց՝ կինոն կարող է հանրահայտ դարձնել, հեռուստատեսությունը՝ հարուստ, իսկ թատրոնը՝ բարի ու ազնիվ:

Ներկաները դիտեցին տեսաֆիլմ՝ նվիրված Էդգար Էլբակյանին, որից հետո նրա որդին` Արմեն Էլբակյանը, կնոջ՝ Աննա Էլբակյանի հետ Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակը հանձնեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին՝ «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար:

Արմեն Էլբակյանի կարծիքով՝ թատրոնը երջանկության աղբյուր է, աշխարհի փոքր մոդելը, իսկ դերասանը, բարձրանալով բեմահարթակ, իր սիրտը փոխանցում է հանդիսատեսին։ Նա, մրցանակը հանձնելով համակուրսեցուն, հիշեց իր հոր մասին. «Էդգար Էլբակյանը համեստ մարդ էր, դժվար մտածեր, որ այսպիսի պատվի կարժանանա։ Նա ասում էր՝ փողի ու փառքի հետեւից մի ընկիր, գլուխդ կախ աշխատիր, փողն ու փառքը կընկնեն քո հետեւից, բայց երբ հասնես փառքին, պիտի կարողանաս դիմանալ ու չկորցնել համեստությունդ։ Նա մեծ նվիրմամբ սիրում էր թատրոնը, ցավոք, երկար չապրեց, այս պահին ես իրենից տարիքով ավելի մեծ եմ։ Կարծում եմ՝ եթե ներկա լիներ, մի կատակ կաներ: Մի առիթով հարցրի, թե ինչու է հուզվում, երբ իր կենացն են խմում ու գովում, պատասխանեց՝ «Արմեն ջան, ուրիշների կենացը սրտանց եմ խմում, հավատացած եմ, որ իմ կենացն էլ են սրտանց խմում, դրա համար էլ հուզվում եմ»։ Վստահ եմ, որ ձեր ծափահարություններից կհուզվեր»։

Արմեն եւ Աննա Էլբակյանները


«Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» մրցանակները հանձնեց Հակոբ Ղազանչյանը՝ ընդգծելով, որ ստացողները երկար տարիներ աշխատում են բեմից դուրս. նրանք են՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, մնջախաղաց Յուրի Կոստանյանը, որը տարիներ առաջ վաճառել է իր ավտոմեքենան՝ թատրոնը վերանորոգելու համար, եւ Սունդուկյանի թատրոնի աշխատակից Գրիշա Հարությունյանը:

Այս տարի նորամուծություն էր պարային շոուն. Նորքի հայորդաց տան սաները մրցանակները հանձնելու արարողությունն ընդմիջում էին պարային տարբեր բեմադրություններով։ Հայաստանի թատերական գործիչների միության կողմից ոսկե մեդալներ ստացան 65-ամյա դերասաններ Հարություն Մովսիսյանը, Վիգեն Հովսեփյանն ու Ռուդոլֆ Ղեւոնդյանը։

«Դեկամերոն» ներկայացման համար, որպես երիտասարդ բեմադրիչ, մրցանակի արժանացած Լիլի Էլբակյանը բեմից նշեց, որ այն միայն իր աշխատանքը չէ. «Բեմադրել են տասը երիտասարդ ռեժիսոր՝ իմ ավարտական կուրսի աղջիկները։ Յուրաքանչյուրն աշխատել է մի հատվածի վրա, վերջում դարձրել ենք ամբողջական բեմադրություն: Սա նրանց մրցանակն է։ Շատ հուզված եմ ու շնորհակալ, որ պապիկիս 90-ամյակին նվիրված արարողությանը կրկին «Արտավազդ» ստացա»։

Տաթեւ Հովակիմյանը


«Արտավազդ 2017» մրցակակիրներին այս տարի որոշել է 7 հոգուց կազմված ժյուրին՝ Վահե Շահվերդյանը, Արթուր Ղուկասյանը, Տիգրան Գասպարյանը, Մարինա Ալեսը, Մարիաննա Մխիթարյանը եւ ուրիշներ։ Իսկ հաղթողներին մրցանակները հանձնել են նախորդ տարիների «Արտավազդ»-ի դափնեկիրները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Ի դեպ, այս տարի անվանակարգերում ընդգրկվածներին բեմից չեն հայտարարել, այլ միանգամից ծրարներում գրված են եղել հաղթողների անունները։
Հակոբ Ղազանչյանը բեմում եւ կուլիսներում բոլորին խնդրում էր հակիրճ խոսել, սակայն գրեթե բոլորը բեմից դարձյալ շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ։ Վերջին մրցանակը հանձնող Արմեն Խանդիկյանն այս առիթով կատակեց. «Ինչքան էլ ասացին՝ կարճ խոսենք, այսօր տղամարդիկ ավելի շատ խոսեցին։ Չնայած ասում են՝ սովորաբար, տղամարդն օրվա մեջ արտաբերում է 15.000 բառ, իսկ կինը՝  30.000։ Երբ կնոջը հարցնում են՝ ինչու է այդպես, պատասխանում է, որ տղամարդուն մի բանը երկու անգամ պիտի ասես, որ հասկանա:)»։

Ստորեւ ներկայացնում ենք անվանակարգերն ու հաղթողներին.

«Տարվա լավագույն մանկական ներկայացում»՝  «Մատնաչափիկ», Սամսոն Մովսիսյան /Երեւանի տիկնիկային թատրոն/
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Տաթեւ Հովակիմյան /«Խոսիր ինձ հետ»/
«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Դավիթ Սարգսյան /«Խոսիր ինձ հետ»/
«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Լիլի Էլբակյան /«Դեկամերոն» բեմադրություն/
«Տարվա լավագույն պիես»՝  հաղթող չկա. Վիգեն Ստեփանյանի խոսքով՝ դեռ գրում են:)
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Նարինե Օհանյանի «Մատնաչափիկ» տիկնիկային ներկայացումը
«Լավագույն զգեստների ձեւավորում»՝ Մերի Սարգսյան
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Վահե Հայրապետյան /«Կրիպսի մկնիկը» ներկայացում/
«Լավագույն երաժշտական ներկայացում»՝  Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերային ներկայացումը
«Լավագույն պլաստիկայի ու շարժման ներկայացում»՝  Պարարվեստի զարգացման հիմնադրամի «Տեսիլաժամեր» բեմադրությունը
«Լավագույն կին դերակատար»՝ Ջուլիետա Ստեփանյան՝ «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար
«Լավագույն տղամարդ դերակատար»՝ Տիգրան Ներսիսյան՝ «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար
«Լավագույն ներկայացում»՝ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport