×


Մանրամասներ “Genealogy” խմբի “Don’t Deny” երգի եւ տեսահոլովակի մասին

“Genealogy” խմբի “Don’t Deny” երգն ու տեսահոլովակը BRAVO.am-ն արդեն  ներկայացրել է: Ինչպես հայտնի է, “եվրատեսիլյան” բեմում երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան, կմիավորի Ինգա Արշակյանը:

Կադր “Don’t Deny” տեսահոլովակից


Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա “Don’t deny” երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է.«Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը` ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»: 

“Genealogy” խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը: Նոր սերունդը մշտապես փոխարինում է ավագ սերնդին՝ շարունակելով կրել ավանդույթներն ու արժեքները: 

Տեսահոլովակում որպես կապող օղակ ստեղծագործական խումբն օգտագործել է հայկական մանրանկարչության զարդանախշի ասեղնագործության ընթացքը: Խաղաղության, ազատության ու բարի լուրի խորհրդանիշ թռչունը բերանում պահում է ծառի ճյուղ, ինչն էլ զուգակցվում է գերդաստանում` աշխարհում, խաղաղության ու ավետիսի տարածման, ազգերի միասնության ու պահպանման գաղափարի հետ:  

Տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանի խոսքով՝ ստեղծագործական խմբին հատկապես ոգեշնչել է խմբի անունն ու տարբերանշանը` կենաց ծառը, որը խորհրդավոր ու տարածված տարբերակով փորձել են ստանալ տաղավարի տեսքով. «Ինչպես խմբի 6 հայ մասնակիցն են աշխարհով մեկ սփռվել, այնպես էլ ծառի ճյուղերն են պատեր դարձել ժամանակի ու սերունդների միջեւ: Սակայն ո՛չ տարածությունը, ո՛չ դժվարությունները չեն կարող խոչընդոտ դառնալ, երբ մարդիկ ցանկանում են լինել միասին»:

Ինգա Արշակյանը


Տեսահոլովակի ոճաբան Արմեն Գալյանը փորձել է զուգակցել եվրոպական եւ հայկական նորաձեւության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ: «Երբ ասում ես “genealogy”, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են եւ օգտագործվել այսօր նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաեւ հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով: Ինչպես նաեւ օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք  այսօր նույնպես շատ արդիական են»:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաեւ հայտնի դերասաններ, արվեստագետներ.«2 երկարուձիգ, բայց արագընթաց օր տեւեց այս ամենը նկարահանելը, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել եւ արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ “Don’t deny” երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport