×


Նարինե Դովլաթյանը՝ բազմանդամ ընտանիքի, հարուստ հովանավորների ու Կանադա մեկնելու մասին:)

21-ամյա Նարինե Դովլաթյանը դպրոցական տարիքից մասնակցել է մի շարք մրցույթների՝  “Սուպերսթար-3”, “Կռունկ”, “Դեբյուտ”, “Դելֆյան խաղեր”, “Նոր ալիք” մրցույթի նախընտրական փուլ…  Աղջիկը դրանցից որեւէ մեկում չի հաղթել, բայց հետագայում չի հրաժարվի նոր մրցույթների մասնակցելու առաջարկներից:

Երգչուհի Նարինե Դովլաթյանը


“Երբեք չեմ մտածել, որ իմ մասնակցած մրցույթներն անարդար են, նաեւ չեմ մտածել, որ վատն եմ եղել: Ուղղակի սխալ եմ ներկայացել կամ լավ պատրաստված չեմ եղել: Միգուցե հաջորդ տարիներին “Եվրատեսիլ”-ից էլ չհրաժարվեմ: Չեմ նեղվում ու չեմ ամաչում, որ չեմ հաղթել”, -BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին: 

“Beautiful Sunday”-ի անսպասելի արձագանքը. Նարինեն իր երաժշտական ճանապարհի առաջին հաջողությունը համարում է մեկ տարի առաջ թողարկված “Beautiful Sunday” երգն ու տեսահոլովակը, որը ստեղծվել է Haik Solar-ի ու Arni Rock-ի հետ համագործակցության արդյունքում. “Այս երգը գրվել է Առնո Բաբաջանյանի “Երազներ” գործի հարմոնիայի հիման վրա: Երբ Հայկն ու Առնին ուզում էին նման ոճի երգ ստանալ, տեղում սկսեցի մեղեդին երգել: Երկար չենք մտածել, անգլերեն բառերը գրեց Ծովինար Մելքումյանը, ստացանք արդյունքը”, - հիշել է նա ու ավելացրել. “Ուղղակի ուզում էինք ստեղծել այնպիսի երգ, որը մեր սրտով կլիներ: Շատերը մտածում էին՝  նման չեմ մյուսներին, անգլերեն էլ երգում եմ, դժվար թե հայ լինեմ”:

“Շատ դժվար եմ համակերպվում նորին, նույնիսկ հին իրերն ափսոսում եմ գցել”. Նարինե Դովլաթյան


Ընտանիքում յոթ երեխա են:). Ինչպես Նարինեն է նշել՝ արմատներով իսկական հայ է. ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին՝  Վայոց Ձորի մարզի Մալիշկա  գյուղում, 9-ը տարեկանում տեղափոխվել է Երեւան. “Առաջին վեց ամսում օրը մի քանի անգամ լացում էի, ուզում էի հետ գնալ մեր տուն: Ընտանիքում յոթ երեխա ենք՝ 6 քույր ու 1 եղբայր, որն ամենափոքրն է: Ես 5-րդ աղջիկն եմ: Մեծ քույրս այստեղ համալսարանում էր սովորում, իսկ ես դպրոց էի գնում: Շատ դժվար էր… նոր դպրոցի երեխաները, քրոջս սարքած ճաշերը, որոնք երկար ժամանակ չէի ուտում: Հետո սկսեցի համակերպվել, հասկացա, որ ամեն ինչին կարող ես սովորել, միայն ժամանակ է պետք”:

Նարինե Դովլաթյանն ու Արմեն Մարտիրոսյանը


Հոգեւոր քաղցի խնդիրը. Երգչուհու խոսքերով՝  երկու տարուց ավելի է՝ ստանում է հոնորարներ, որը բավականացնում է իրեն. “Ինքս եմ աշխատում գումար, ուսման վարձն եմ մուծում, երգի հետ կապված ծախսերն եմ հոգում, թեեւ մեծ ծախսերի համար դեռ չի հերիքում, խնայում եմ: Եթե ոճս փոխեի, շատ ավելին կարող էի վաստակել, ֆինանսական խնդիր չէր լինի, բայց հոգեւոր քաղցի խնդիր կլիներ”:

Պրոդյուսերի հետ նա չի աշխատում, նշում է՝ երկարաժամկետ պայմանագիր չի ուզում կնքել. “Եղել են առաջարկներ, մեծ հնարավորությունների եւ եկամուտի խոստումներ, ինչի համար պետք է երգերիս ոճը փոխեի: Տաշի-տուշի երգելը գումար վաստակելու տեսանկյունից հարմար միջոց է, բայց չեմ կարող ինձ ստիպել երգել այդ երաժշտությունը”:

Երգչուհի Նարինե Դովլաթյանը


Նարինեն` շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ իր հարաբերությունների մասին. “Անտեղի կոմպլիմենտներ իրար անել պետք չէ: Եթե ասելու բան չկա, ավելի լավ է լռել, քան կեղծ խոսքեր ասել: Արդեն մի քանիսի հետ մտերմացել եմ, իմ հանդեպ վատ ոչ մի վերաբերմունք չեմ զգացել: Նույնիսկ Մոսկվայում գարնանը կայանալիք համերգի մասնակցելու հրավեր եմ ստացել: Հարուստ հովանավորներ չունեմ: Ամեն տեսանկյունից հարազատներս ու ընկերներս են ինձ օգնում”:

Նարինե Դովլաթյանն այս տարի ավարտելու է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը. “Ուրախ եմ, որ վոկալիս դասատուն Իրինա Մալխասյանն է՝  Լեւոն Մալխասյանի դուստրը: Միայն դրա համար արժեր ընդունվել, բայց կրթվելու առումով բուհը բավականաչափ գիտելիք չի տալիս, մանավանդ ջազ կատարողի համար: Ինքս ինձ վրա աշխատում եմ, շարունակելու եմ կատարելագործվել”:

“Պետք է արդարացնեմ հարազատներիս հույսը` կրթվեմ ու կայանամ որպես երաժիշտ”. Նարինե Դովլաթյան


Հայաստանից դուրս. Երգչուհին մտադրություն ունի ուսումն արտերկրում շարունակել,  մասնավորապես` Կանադայում. “Քանի որ աշնանը համերգներով մեկնել էինք, արդեն ծանոթ եմ երկրին, այնտեղ ապրող ծանոթներ ունեմ: Երաժիշտ Արմեն Մարտիրոսյանը, որն  այնտեղ է ապրում, ցանկություն հայտնեց ինձ օգնել տեղի եւ համալսարանի ընտրության հարցում: Եթե աշխատելու հնարավորություն ունենամ, կմնամ, չնայած` շատ դժվար եմ համակերպվում նորին, անընդհատ հինն է ձգում, նույնիսկ հին իրերն ափսոսում եմ գցել:): Նաեւ պետք է արդարացնեմ հարազատներիս հույսը` կրթվեմ ու կայանամ որպես երաժիշտ, ոչ թե ուղղակի երգչուհի”:

Երգչուհի Նարինե Դովլաթյանը


Նարինեի նոր երգը կրկին անգլալեզու է. Ռուբեն Աբրահամյանի հեղինակած երգը կոչվում է  “At My Feet”. “Անկեղծ բառեր են, մոլորված սիրո մասին չէ:): Փորձում եմ երգի այնպիսի տեքստեր կատարել, որ մի քիչ ստանդարտից դուրս լինեն: Միգուցե բոլորը անգլերեն բառերի իմաստը չհասկանան, բայց շատ մարդկանց մեղեդին է գրավում, հետո նոր հետաքրքրվում են երգի իմաստով: Ինքս հիմնականում երգերի միջոցով եմ սովորել անգլերեն: Հիմա արդեն լրջորեն պարապում ու կատարելագործում եմ այդ լեզվի իմացությունս”:

Համերգային. Ի դեպ, փետրվարի 3-ին նորաստեղծ “Penman” բենդի կազմում Նարինեն կմասնակցի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայանալիք համերգին. “Բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ են, տարիքով էլ ինձանից շատ ավելի մեծ, որոնցից նորն եմ սովորում: Ֆյուժն երգեր ենք կատարում, ինձ համար շատ հետաքրքիր է նվագախմբի կազմում հանդես գալը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարե ջան Մկրտչյանի եւ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport