×


Նարինե Դովլաթյանը, Աննա Աղամյանը եւ Սերգեյ Գրիգորյանը՝ նավի վրա

21-ամյա Նարինե Դովլաթյանն ու 30-ամյա Աննա Աղամյանն օրերս հաղթանակած վերադարձել են “Amberstar 2012” մրցույթից, որն այս տարի անցկացվել է 11-րդ անգամ: Մրցույթը տեղի է ունեցել “Ռոմանտիկա” նավի վրա, որը Ռիգայից նավարկել է Ստոքհոլմ եւ նորից վերադարձել Լատվիայի մայրաքաղաք:

Նարինե Դովլաթյանը


Եվ այսպես, Նարինե Դովլաթյանն “At My Feet” երգով առաջին տեղն է գրավել “Օրիգինալ երգ” անվանակարգում, իսկ Աննա Աղամյանը, կատարելով “Sweet People”
երգը, լավագույնն է ճանաչվել “Փոփ-ռոք” անվանակարգում: Ի դեպ, Աննան “Բերդ” երգով ներկայացել է նաեւ “Օրիգինալ երգ”-ում:

Օգոստոսի 21-ից 24-ն իրականացված միջազգային այս մրցույթին մասնակցել են կատարողներ Գերմանիայից, Լիտվայից, Շվեդիայից, Լատվիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից: Գրան պրիին է արժանացել Ուկրաինայի ներկայացուցիչը:

Նարինե Դովլաթյանը  “Amberstar 2012” մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է “At My Feet” երգի երաժշտության հեղինակից` Բենջամին Ստրետայից ու Սերգեյ Գրիգորյանից: Աննա Աղամյանին էլ հրավիրել են “Իմպրեսիա” պրոդյուսերական կենտրոնից: “2011-ին հանդես եմ եկել Մոսկվայում կայացած “Նոր ալիք” մրցույթի կիսաեզրափակչում, որտեղ եւ նրանց նկատել էին ինձ, վերցրել տվյալներս”, - BRAVO.am-ին ասել է Աննա Աղամյանը:

Աննա Աղամյանը եւ Նարինե Դովլաթյանը


Բենջամին Ստրետան` Ռուբեն Աբրահամյանը, որը տասը տարի բնակվում է Շվեյցարիայում, մեզ հետ զրույցում նշել է, որ հայ կատարողներից համագործակցում է Նարինե Դովլաթյանի հետ. “Այնտեղ եմ սովորել ու ավարտել, էլեկտրոնային երաժշտության եւ համակարգչային ոլորտում եմ աշխատում: Բեմական անունս հատուկ եմ ընտրել: Այն բնորոշում է իմ ստեղծած կոմերցիոն երաժշտությունը, նաեւ ստեղծագործում եմ դասական ժանրում: Հուսամ՝  հայ այլ երգիչների համար էլ երգեր կգրեմ”:

Նարինեն ու Աննան բացի արձանիկից, պատվոգրից ու հուշանվերներից, Ռիգայում երգ ձայնագրելու առաջարկ են ստացել: Ի դեպ, աղջիկները միմյանց  վաղուց են ճանաչում. Աննա Աղամյանն ու Նարինեի ավագ քույրը Ջազ-էստրադային քոլեջում համակուրսեցիներ են եղել: “Հիշում եմ, որ իր բեմադրությունների մեջ երեխայի դեր էի խաղում…  Ո՞վ կմտածեր, որ տարիներ անց միասին նույն մրցույթին կմասնակցենք”, - պատմել է Նարինեն:

Նարինե Դովլաթյանն առաջին տեղն է գրավել “Օրիգինալ երգ” անվանակարգում


Նավային մրցույթի ազդեցությունը

Հայ մասնակիցները տպավորված են վերադարձել նավարկությունից: Ծովային ճամփորդությունը նրանց համար շատ հետաքրքիր է անցել: “Նավում գտնվելու ժամանակ անընդհատ օրորվում էինք, բայց ելույթիս ժամանակ վախ չեմ զգացել: Միայն վերջին գիշերը քնելուց առաջ արդեն վատ էի զգում տատանումներից: Մի քանի օրում եղանք Ռիգայում, Կիեւում ու Ստոքհոլմում: Շատ խիտ գրաֆիկ էր, հինգ օրն ինձ թվացել էր մեկ ամիս”, - BRAVO.am-ի հետ իր տպավորություններով է կիսվել Նարինեն:

Աննա Աղամյանը հաղթել է “Փոփ-ռոք” անվանակարգում


Հուզմունք ու լարվածություն

Այս մրցանակն իր կյանքում չորրորդն է, մտադրություն ունի նոր մրցույթների էլ մասնակցել. “Միշտ մտածում եմ լավ ներկայանալու մասին: Անկեղծ ասած, մրցակցելու ցանկություն չեմ ունենում: Շատ ուրախ եմ, որ ինտերնետային քվեարկությամբ, մասնակիցների կարծիքով ու ժյուրիի ընտրությամբ առաջին տեղը գրավեցի”:

Ծննդով Կապանից Աննա  Աղամյանը եւս մասնակցել է տարբեր մրցույթների: Երգչուհին խոստովանել է, որ ցանկալի հաղթանակից հետո արտասվել է. “Ընդհանուր լարվածություն կար, բայց մասնակիցների միջեւ շատ բարի մթնոլորտ էր: Մրցույթից հետո, երբ նավով վերադառնում էինք Ռիգա, տեղի ունեցավ “ABBA” խմբին նվիրված գալա-համերգը”:

Նարինե Դովլաթյանն ու Սերգեյ Գրիգորյանը


Սերգեյ Գրիգորյան. “Ինձնից կախված ամեն ինչ արել եմ”

“Amberstar” մրցույթում չորս տարի շարունակ որպես արտ-տնօրեն եւ երաժշտական պրոդյուսեր մասնակցում է երգիչ Սերգեյ Գրիգորյանը. “Բացի այս մրցույթից, նաեւ միջազգային այլ մրցույթների ժյուրիի անդամ եմ: Իմ ներկայությունը մեր հայ մասնակիցների հաջողության մեջ կա, ինձնից կախված ամեն ինչ արել եմ նրանց աջակցելու համար”:

Սերգեյը նաեւ հետեւյալն է հավելել. “Մեր նստակյաց շոու-բիզնեսի կաղապարներում ապրելով հաջողության չես հասնի, մրցույթի շնորհիվ նոր ծանոթություններ ես ունենում, աշխարհայացքդ  փոխվում է շատ բաների հանդեպ: Մեր մասնակիցների մրցութային կենսագրությունը լավ է սկսվել, նշաձողը բարձր են պահել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Դովլաթյանի ու Աննա Աղամյանի անձնական արխիվներից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport