×


Ով կփոխանցի Խորեն Լեւոնյանի մրցանակը. «Արտավազդ 2019»-ի հաղթողներն ու հետաքրքիր դրվագները

«Պարոնա՛յք, թատրոնը նույնքան կարեւոր է պետության ու ժողովրդի համար, որքան բանակը»՝ Սոս Սարգսյանի հայտնի այս խոսքերի տրամաբանությամբ արդեն 12-րդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Մարտի 27-ն անփոփոխ տարեթիվ է ամենամյա այս միջոցառման համար եւ համընկնում է Թատրոնի միջազգային օրվա հետ: Այդպիսով թատերական ոլորտի ներկայացուցիչները լավ առիթ են ունենում հավաքվելու եւ միմյանց շնորհավորելու մասնագիտական տոնի առթիվ: BRAVO.am-ն այս տարի էլ ներկա է եղել Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացած մրցանակաբաշխությանը եւ առանձնացրել է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու հաղթողներին:

«Արտավազդ 2019» մրցանակաբաշխությանը


Նշենք, որ «Արտավազդ 2019»-ը նվիրված էր ականավոր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Նրա մասին հիշելու եւ խոսելու առիթ մեկ անգամ չէ, որ եղավ միջոցառման ընթացքում: Իսկ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր ելույթում հույս հայտնեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնն ի վերջո կկոչվի հենց հիմնադրի՝ Տիգրան Շամիրխանյանի անունով: Ներկաներն այս միտքը ծափերով ողջունեցին.««Արտավազդ» մրցանակաբաշխությունը ժամանակ առ ժամանակ փորձում է հիշեցնել մեզնից հետո եկող սերունդներին, որ եղել են հզոր մարդիկ, որոնք կայացրել են սովետահայ թատրոնը»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

«Արտավազդ 2019» մրցանակաբաշխությանը


Հիշեցնենք, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում գործող թատրոնների ու թատերախմբերի կողմից բեմադրված եւ առավել աչքի ընկած աշխատանքներին: Այս տարի կազմվել էր 7 հոգուց բաղկացած փորձագետների խումբ հետեւյալ կազմով՝ Ռուբեն Բաբայան, Կարինե Խոդիկյան, Վահան Արծրունի, Նարինե Մալյան, Ժիրայր Դադասյան, Նվարդ Ասատրյան եւ Մարիաննա Մխիթարյան: Իսկ մրցանակաբաշխության երեկոն այս անգամ վարում էին դերասաններ Ավո Խալաթյանն ու Մարիամ Ղազանչյանը:

«Արտավազդ 2019» մրցանակաբաշխությանը


Ստորեւ ներկայացնում ենք «Արտավազդ 2019»-ի բոլոր մրցանակակիրներին: Հավելենք միայն, որ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող ճանաչված Խորեն Լեւոնյանը ներկա չէր միջոցառմանը: Արմեն Էլբակյանը, ով դստեր՝ Լիլի Էլբակյանի հետ հայտարարում էր այդ անվանակարգում հաղթողի անունը, նշեց, որ կփորձի անձամբ նրան փոխանցել մրցանակը: Ի դեպ, ստացած մրցանակների թվով առաջատար էր հենց Խորեն Լեւոնյանի մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացումը, որ բեմ է բարձրացել 2018-ի սեպտեմբերին՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:

Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակ - Հակոբ Ղազանչյան

Լավագույն դերասանուհի - Տաթեւ Մելքոնյան՝ «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»

Լավագույն դերասան - Խորեն Լեւոնյան՝ «Սասնա ծռեր»

Լավագույն երիտասարդ դերասան - Վիգեն Թադեւոսյան՝ «Իուարշայի սուրը», Սենիկ Բարսեղյան՝ «Սեւ արկղ»

Լավագույն երիտասարդ բեմադրիչ - Արմեն Մարգարյան՝ «Դու էիր պակաս»

Արմեն Մարգարյանը


Լավագույն սցենոգրաֆիա - Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան՝ «Սասնա ծռեր»

Երաժշտության լավագույն հեղինակ - Վաչե Շարաֆյան՝ «Սասնա ծռեր»

Երկրորդ պլանի լավագույն դերասան - Դավիթ Գասպարյան՝ «Սասնա ծռեր»

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Սաթենիկ Հախնազարյան՝ «Թակարդ Ստալինի համար», Աննա Բալանդինա՝ «Խաղաղության փողոցում»

Լավագույն մանկական ներկայացում - «Պոչատ աղվեսը»՝ Աբովյանի թատրոն

Լավագույն ներկայացում - «Չիպոլինո»՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն

ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝

Համլետ Ղալեչյան

Վարդան Մկրտչյան

Տիգրան Վիրաբյան

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար

Ռազմիկ Խոսրոեւ

Սերգեյ Մաղալյան

Յուրիկ Ոսկանյան

Ռուբեն Հարությունյան

Վլադիմիր Հովհաննիսյան

ՀԹԳՄ ոսկե մեդալ

Արսեն Ղազարյան

Անահիտ Բաբելյան

Կարինե Ջանջուղազյան

Սոնա Մելոյան

Կարապետ Շահբազյան

ՀԹԳՄ դիպլոմ

Րաֆֆի Գալստյան

Աքսաննա Բաբաջանյան

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport