×


“Ռեինկարնացիա” խմբի “Աղ ու հաց”-ը չի վաճառվում

“Ռեինկարնացիա” խումբը հունվարի 15-ին ներկայացրել է “Աղ ու հաց” ձայնասկավառակն ու, ինչպես խոստացել էր խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, անվճար բաժանել է շնորհանդեսի հյուրերին ու երկրպագուներին:

"Ռեինկարնացիա"-ի "Աղ ու հաց" ձայնասկավառակի շնորհանդեսին


Ռեգգի-բենդի նոր ալբոմը վերնագրվել է “Աղ ու հաց”` համանուն երգի անունով, որն ըստ Ռոլանդի` խորհրդանշական է. կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել. “Քանի որ աղ ու հացը չի վաճառվում, մեր ալբոմն էլ չի վաճառվում: 3000 օրինակը բաժանվելու է անվճար, ովքեր չունեն, կարող են երգերը բարձր որակով անվճար ներբեռնել մեր պաշտոնական կայքից: Բիզնեսից, շահերից, փողից բացի մի քիչ էլ կարելի է մեր սրտերին ուշադրություն դարձնել”:

"Reincarnation" ռեգգի-բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը


Նա ընդգծել է, որ սկավառակում տեղ գտած իր հեղինակային երգերում շոշափում է իրեն հուզող տարբեր թեմաներ եւ փորձում պարզել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում. “Ինչքան էլ մենք երգում ենք Ճամայկայի ու ռեգգիի մասին, մենք հայ ենք, ապրում ենք Հայաստանում, ունենք ավելի կարեւոր ասելիք: Այս երգերում հայի իմ իդեալի մասին եմ երգում, ցավոք, հիմա քիչ են այդ տեսակի մարդիկ: Բնիկ երեւանցի եմ, մայրաքաղաքն ինձ համար թանկ է, շատ խնդիրներ կան, որ հուզում են, օրինակ` ամեն ինչ ուզում ենք եվրոպականացնել, բայց ամենակարեւորը` թեթեւ չենք ապրում, մեր կյանքը միշտ բարդացնում ենք, շատ ենք բամբասում ու մյուսներին դատում”:

Ռոլանդ Գասպարյանը, Արամ Սուջյանը եւ Հայկ Ղազարյանը


Ձայնասկավառակում ընդգրկված 7 երգերն են` “Աղ ու հաց”, “Սեր”, “Ժամանակ”, “Քեզ պիտի սիրեմ”, “Մայրիկ”, “Յար արի” եւ “Հույս, հավատ, սեր”. “Այս ալբոմում կան 6/8 չափով երգեր, որոնք հատուկ այն մարդկանց համար են, որոնք չափը խառնում են ռաբիսի հետ: Հիմա կան էստրադային էլիտար ռաբիզ երգիչներ, որ սիրուն հագնվում են, գնում են լյալյա-լյուլյու են անում, դրանից իրենց լավ են զգում, հետո մրցանակ են ստանում, ոնց են զարմանում, ոնց են խաղում ու հուզվում:)”:

Ռոլանդ Գասպարյանի սիրելին` պարուհի Գայանե Հովհաննիսյանը


Ռոլանդի սիրելին` Գայանեն, որը պարում է “Kohar” խմբում, շնորհանդեսի ողջ ընթացքում նրա կողքին էր: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է , որ սիրում է խմբի բոլոր երգերը եւ դժվարանում է որեւէ մեկն առանձնացնել. “Մինչեւ Ռոլանդի հետ ծանոթանալը, լսել ու հետեւել եմ խմբի գործունեությանը, իսկ հիմա միշտ ներկա եմ լինում բոլոր համերգներին: Դեռ միասին չենք շրջագայել, բայց առաջիկայում արտերկրի համերգներին էլ անպայման միասին կլինենք”:

Խմբի մենեջեր Արամ Սուջյանը հավելել է, որ առաջիկայում թողարկվելիք DVD-ում կընդգրկվի վավերագրական փոքրիկ ֆիլմ եվրոպական համերգային շրջագայության մասին. “Նոր առաջարկներ ունենք, շուտով մեկնելու ենք Մոսկվա: Ամեն ելույթին, համերգին լրջորեն նախապատրաստվում ենք, որ գոհացնենք հանդիսատեսին”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport